Գյումրի եւ Փարաքար. լեգիտիմության համար պայքա՞ր, թե՞ հասարակության ուշադրությունը շեղող շոու

Գյումրի եւ Փարաքար. լեգիտիմության համար պայքա՞ր, թե՞ հասարակության ուշադրությունը շեղող շոու

Հայաստանի ներքաղաքական օրակարգի կարեւորագույն իրադարձություններից մեկը դառնում են Գյումրու եւ Փարաքարի արտահերթ ընտրությունները, որոնք նշանակված են 2026 թ. մարտի 30-ին։ Այս ընտրությունները պարզապես տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման գործընթաց չեն։ Դրանք արդեն վերածվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊԿ) եւ Նիկոլ Փաշինյանի համար լեգիտիմության թեստի, որի արդյունքները կարող են ազդել նաեւ 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ռազմավարության վրա։ Պատմականորեն Գյումրին եւ Փարաքարը իշխանության համար հեշտ հաղթանակի տարածքներ չեն եղել։

2021-ին ՏԻՄ ընտրություններում Փաշինյանի ՔՊ-ն Գյումրիում հավաքել է ընդամենը 29.53%, իսկ Փարաքարում՝ 27.54%։ Դեռ այն ժամանակ այս թվերը հստակ ցույց տվեցին, որ իշխանությունը տեղային մակարդակում չունի բացարձակ վերահսկողություն։ 2025-ի քաղաքական իրավիճակը 2021-ի համեմատ ավելի բարդ է ՔՊ-ի համար՝ ազգային մակարդակում Փաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել, 2023-ին Երեւանի ավագանու ընտրություններում ՔՊ-ն չկարողացավ մեծամասնություն ապահովել, տնտեսական եւ սոցիալական խնդիրները մեծացրել են հանրային դժգոհությունը, խաղաղության բանակցությունները Ադրբեջանի հետ գնալով դառնում են ավելի զիջողական, ինչը խորացնում է հասարակական թերահավատությունը։ Այս ամենի ֆոնին առաջանում է գլխավոր հարցը․ ինչո՞ւ էին անհրաժեշտ արտահերթ ընտրություններ Գյումրիում եւ Փարաքարում, եւ արդյո՞ք դրանք իշխանության համար կբերեն ավելի մեծ քաղաքական ռիսկեր, քան հնարավոր օգուտ։

ՔՊ-ի մարտահրավերը. հաղթանակի՞, թե՞ պարտության սցենար

Գյումրի` 29.53%, Փարաքար` 27.54%․ ահա 2021-ի ընտրությունների արդյունքները ՔՊ-ի համար այս համայնքներում։ Հիմա, երբ 2025-ին այս ընտրությունները կրկին օրակարգում են, ակնհայտ է դառնում, որ ՔՊ-ն պարտադիր պետք է բարձրացնի այս թվերը, եթե ցանկանում է ընտրություններից դուրս գալ հաղթանակով: Եթե այս համայնքներում ՔՊԿ-ն ստանա 25%-ից ցածր ձայն, դա կլինի լուրջ քաղաքական պարտություն, եթե նույնիսկ պահպանի նույն տոկոսները, դա արդեն կլինի անհաջողություն, քանի որ մեծամասնություն ստանալու հնարավորություն չի ունենա։ Հետեւաբար, այս ընտրություններում հարցը նույնիսկ այն չէ՝ ՔՊ-ն կհաղթի՞, թե՞ ոչ, այլ՝ կկարողանա՞ խուսափել ծանր պարտությունից, որը կխորացնի նրա լեգիտիմության ճգնաժամը։ Ի՞նչ է սպասվում ՔՊ-ին տարբեր սցենարների դեպքում․ եթե ՔՊ-ն պարտվի երկու համայնքներում, դա կդառնա ազդակ, որ իշխանությունը կորցնում է վերահսկողությունը ոչ միայն ընդդիմադիր մարզերում, այլեւ քաղաքային խոշոր համայնքներում, եւ Ալիեւն ու Պուտինն ավելի կոշտ պայմաններով կշարունակեն ճնշումները Փաշինյանի վրա՝ փորձելով ստանալ արագ զիջումներ: Նաեւ Հայաստանում կուժեղանա արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը։ Եթե ՔՊ-ն պահպանի նույն տոկոսները, բայց չհաղթի, դա կնշանակի, որ ՔՊ-ն դեռ ունի ընտրազանգված, բայց չի կարողանում ընդլայնվել: Այս դեպքում` 2026-ին իշխանությունը կլինի շատ ավելի խոցելի։ Եթե ՔՊ-ն հաղթի թեկուզ մեկ համայնքում, Փաշինյանը կկարողանա ներկայացնել դա որպես հանրային վստահության հաստատում, եւ իշխանությունը կարող է սկսել քննարկել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումը՝ խուսափելու 2026-ի ավելի բարդ ընտրական փուլից։

Ընտրությունները՝ որպես հանրային ուշադրության շեղման մեխանիզմ

Մյուս վարկածն այն է, որ այս ընտրությունները կարող են լինել ոչ թե պարզապես ՔՊ-ին հաղթանակ ապահովելու փորձ, այլ հանրային ուշադրությունը շեղելու նպատակ ունեցող քաղաքական շոու։ Ինչո՞ւ է սա հնարավոր սցենար. Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները գնալով դառնում են ավելի ցավոտ Հայաստանի համար, եւ իշխանությունը գիտի, որ հասարակական դժգոհությունն այս հարցի շուրջ մեծանում է: ՌԴ-ն դժգոհ է Փաշինյանի արտաքին քաղաքականությունից, իսկ Արեւմուտքը պահանջում է ավելի արագ կողմնորոշում: Տնտեսական եւ սոցիալական խնդիրներն ավելի են սրվել, ուստի իշխանությունը կարող է փորձել կենտրոնացնել քաղաքական դիսկուրսն այլ թեմայի վրա՝ խուսափելով լայնածավալ քննադատությունից։ Այս տրամաբանությամբ, անկախ ընտրությունների արդյունքներից, իշխանությունը կարող է շահել: Եթե հաղթի, դա կներկայացվի որպես լեգիտիմության վերականգնում, եթե պարտվի, ապա կարելի է պարտությունն օգտագործել որպես «տեղական ուժերի դավադրության» պատմության մաս: Ամենակարեւորը՝ հանրային ուշադրությունը կշեղվի արտաքին քաղաքական ու անվտանգային սուր խնդիրներից։ Սա քաղաքական տեխնոլոգիաներում հայտնի մեթոդներից է՝ «կառավարելի քաոսի» մեթոդաբանությունը, որը թույլ է տալիս իշխանություններին՝ հանրային ուշադրությունը կենտրոնացնել երկրորդական, բայց հուզականորեն լարված թեմաների վրա, մինչդեռ որոշվում են ավելի կարեւոր հարցեր։

2021-ին Գյումրիում եւ Փարաքարում ՔՊ-ն ստացել է 29.53% եւ 27.54%, բայց ավելի հավանական է, որ 2025-ին այս թվերը կնվազեն, քան կբարձրանան։ Եթե ՔՊ-ն պարտվի, դա կդառնա խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջի խթան։ Եթե հաղթի, ապա իշխանությունը կարող է ավելի վստահ շարունակել քաղաքական մանեւրները, այդ թվում՝ Ադրբեջանին զիջումների պատրաստակամությունը ներկայացնել որպես «խաղաղության մանդատ»։ Այսպիսով, Գյումրու եւ Փարաքարի ընտրությունները վերածվել են ոչ միայն տեղական ինքնակառավարման գործընթացի, այլեւ Փաշինյանի քաղաքական ապագան պայմանավորող առանցքային փորձաքարի։ Հարցն արդեն հաղթանակի կամ պարտության մեջ չէ, այլ՝ արդյո՞ք այս ընտրությունները ՔՊ-ի համար կարող են դառնալ ճակատագրական սխալ, որը միայն խորացնելու է իշխանության ճգնաժամը։

Արեգ Մարգարյան