Իշխանությունները չեն կարողանում հանդես գալ որպես սուբյեկտ․ Արա Գասպարյան

Իշխանությունները չեն կարողանում հանդես գալ որպես սուբյեկտ․ Արա Գասպարյան

Հայաստանի ներքաղաքական գործընթացների շուրջ «Հրապարակ» թերթը զրուցել է «Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր քարտուղար Արա Գասպարյանի հետ։

- Պարո՛ն Գասպարյան, «Ազգային օրակարգ» կուսակցությունը բանակցո՞ւմ է ինչ-որ կուսակցության կամ քաղաքական ուժերի հետ: Հնարավո՞ր է, որ դաշինքով մասնակցեք արտահերթ ընտրություններին։ Տեղեկություններ կան, որ հնարավոր է՝ դաշինքի մեջ լինեք Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցության կամ Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցության հետ։

- Մենք քննարկումների մեջ ենք տարբեր ազգային ուժերի հետ, բայց արդյունքների մասին դեռ վաղ է խոսել։ «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը որոշում է ընդունել ընտրություններին մասնակցել, բայց ձևաչափը դեռ կորոշենք։ Հիմա, թե մասնակցության ինչ տարբերակ կընտրենք, մոտակա մեկ շաբաթվա մեջ կպարզվի։

- Ձեր ծրագրային հիմնական ուղղությունները, կետերը որո՞նք են։

- Մեր առաջնային ուղղությունները վերաբերում են պատերազմից հետո երկրի առջև սրված գոյութենական մարտահրավերներին։ Այս համատեքստում առաջին խնդիրը մեր ինքնիշխանության ամրացումն է։ Չպետք է թույլ տալ, որ վերջնականապես կորցնենք ինքնիշխանությունը, և սա առաջին հերթին մեր ազգային որակների հարց է։ Պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը կրկին դառնա ռազմաքաղաքական գործոն տարածաշրջանում։ Երկրորդն անվտագային խնդիրներն են։ Պետք է լուծել անվտանգության մարմինների արդյունավետության, սահմանների և առաջնագծի, երկրի տարածքի ամրաշինական կահավորման հարցերը, բանակի արդիականացման խնդիրները։ Երրորդ խնդիրը, որ ես կուզենայի առանձնացնել, պետության կազմաքանդման գործընթացի կասեցումն է։ Որովհետև ներկայիս իշխանությունները ավիրել են ամեն ինչ, ինչ հնարավոր է։ Եվ շարունակում են դա անել։

- Գրասենյակ միայն Երևանում ունե՞ք, թե՞ այլ տեղերում էլ եք սկսել բացել։ Էլ որտե՞ղ եք պատրաստվում գրասենյակներ բացել։

- Կառույցներ ունենք հանրապետության տարբեր մարզերում։ Շատ կարևոր է, որ տարածքային կառույցներն ակտիվ լինեն, և այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Պատրաստվում ենք նաև շարունակել նոր ստորաբաժանումներ հիմնել երկրի համար առանձնակի կարևորություն ունեցող հատվածներում։

- Արցախի շուրջ հիմա ի՞նչ իրավիճակ է, ի՞նչ վիճակում է թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, թե՛ կոնկրետ Արցախը։ Ի՞նչ ապագա եք տեսնում բանակցությունների համար։

- Բարդ իրավիճակ է, պարտություն կրեցինք։ Դա, կրկնում եմ, կազմակերպված պարտություն էր։ Եվ ամենածանրն այն է, որ այսօրվա իշխանություններն այլևս Արցախի անվտանգության երաշխավոր չեն, փորձում են այդ հարցն իրենցից դուրս դնել և կոտրել Հայության դիմադրության ոգին։ Ցանկացած հակամարտություն եթե լուծվում է, կողմերը որոշակիորեն պետք է բավարարված լինեն արդյունքից։ Հիմա մենք՝ որպես հայություն, բավարարվա՞ծ ենք այդ արդյունքից, այն է՝ հայկական տարածքների կորուստ, բազմահազար զոհված, վիրավորված և գերեվարված հայրենակիցներ, ստորագրված կապիտուլիացիոն փաստաթուղթ։ Մեզ՝ որպես «Ազգային օրակարգ» կուսակցության, եղած իրավիճակն անընդունելի է։ Արցախի հայաթափման շատ լուրջ վտանգներ ենք տեսնում, Արցախի անվտանգության հետ կապված և, ընդհանուր առմամբ, մեր ճակատային գծի պաշտպանությամբ պայմանավորված։ Եվ մեր շուրջ ընթացող աշխարհաղաքական գործընթացները խիստ մտահոգիչ են։ Մենք ընթանում ենք մեր ինքնիշխանության թուլացման ճանապարհով։ Այսօրվա իշխանությունները չեն կարողանում հանդես գալ որպես սուբյեկտ միջազգային հարաբերություններում։

- Արտաքին հարաբերություններում ձեր կուսակցությունն ո՞ւմ է համարում Հայաստանի գլխավոր դաշնակից և ո՞ւմ է համարում թշնամի։

- Առաջին հերթին, մենք մեր դաշնակիցներին և մեր գործընկերներին պետք է ընտրենք մեր ազգային շահերով պայմանավորված։ Ո՞ւմ ենք համարում թշնամի։ Ակնհայտ է, Թուրքիան և Ադրբեջանը։ Դրանք շարունակելու են թշնամին լինել և իրենց ռազմավարական գործողություններն իրականացնել այդ տրամաբանությամբ։ Այստեղ որևէ կասկած լինել չի կարող։ Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, ապա տեղի է ունեցել մի շատ կարևոր իրադարձություն։ Տարածաշրջանում ազդեցության հայտ է ներկայացրել Չինաստանը՝ Իրանի հետ կնքելով համագործակցության փաստաթուղթ ներդրումների վերաբերյալ։ Այնտեղ կան նաև անվտանգային բաղադրիչներ։ Կարևոր է հասկանալ, որ մեր տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական բևեռ է հայտնվել։ Որպեսզի կարողանանք այդ նոր իրողությունների մեջ մասնակցություն ունենալ, մենք պետք է մեր սուբյեկտայնությունը բարձրացնենք։ Այդ գործընթացներում Իրանը և Չինաստանը մեզ համար կարևորագույն երկրներ են։ Մենք նրանց հետ բնական դաշնակիցներ ենք։ Մյուս ուղղությունը, որ կուզենայի նշել,  Ռուսաստանի Դաշնությունն է՝ մեր ռազմավարական գործընկերը։ Վերջինիս հետ պետք է նստել-խոսել, շահերի և ընդհանրությունների նոր համադրում անել, խորացնել ռազմական և ռազմատեխնիկակական համագործակցությունը։ Այս իշխանություններն ամեն ինչ արել են, որ մեր ռազմավարական գործընկերոջ հետ տարբեր ոլորտներում փոխգործակցությունները պարբերաբար հայտնվեն փակուղային իրավիճակներում։