«Դեպի ճամբար. Հատուկ ջոկատ»՝ նոր գեղարվեստական ֆիլմի պրեմիերան «Կինոմոսկվայում»
Հոկտեմբերի 3-ին «Կինոմոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Դեպի ճամբար. Հատուկ ջոկատ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան։ Այս նոր նախագիծը հաջորդում է հանրաճանաչ «Դեպի ճամբար» սերիալին, որը դեռ 2019-ից մեծ սեր էր վայելում։ Ֆիլմի ստեղծողները որոշեցին փորձել իրենց ուժերը գեղարվեստական ժանրում՝ ընձեռելով հանդիսատեսին մի նոր փորձառություն:
Ֆիլմի պրոդյուսեր Գրիգոր Դանիելյանը խոստովանում է, որ անցումը սերիալից դեպի լիամետրաժ ֆիլմ հեշտ չէր, բայց թիմը համոզված էր, որ կկարողանան ստեղծել մի ամբողջական պատմություն, որը կկարողանա հետաքրքրել բոլորին: «Մեր նպատակն էր, որ ֆիլմը լինի ինքնուրույն ստեղծագործություն, որը հեշտությամբ հասկանալի կլինի նույնիսկ նրանց համար, ովքեր սերիալը չեն դիտել»,- նշեց Դանիելյանը։
Հռիփսիմե Ելինյանը` ֆիլմի տնօրենը, շեշտեց, որ գեղարվեստական ֆիլմի ստեղծումն ամենևին էլ հեշտ գործընթաց չէր։ «Սերիալում մենք մեկ օրում կարող էինք նկարել ամբողջ սերիա, բայց ֆիլմում ավելի շատ ժամանակ և ջանք էր պահանջվում յուրաքանչյուր տեսարանի համար»,- հավելեց նա:
Ֆիլմի սցենարի հեղինակ Գարիկ Սեփխանյանը ևս խոստովանում է, որ տեսարանների իրականացման գործընթացը երբեմն շատ ավելի բարդ էր, քան դրանք գրելը։ «Գրելիս ամեն ինչ հեշտ է թվում, բայց իրականացման ընթացքում հաճախ փոփոխություններ էինք անում՝ հարմարեցնելով պայմաններին»,- ասաց նա։
Ֆիլմի ռեժիսոր Կարեն Ամյանն իր խոսքում ընդգծեց, որ նկարահանումները բարդ էին հատկապես այն պատճառով, որ թիմը աշխատում էր երեխաների հետ, ինչը պահանջում էր մեծ համբերություն և զգուշություն։ «Դժվարությունը մեծ էր, գործ ունեինք երեխաների հետ, նրանց չհոգնեցնելու խնդիր ունեինք և խնդիր ունեինք տեսարանը լավ ստանալու: Այդ երկուսը համատեղելը շատ բարդ էր լինում»,- նշեց Ամյանը:
Ֆիլմում շատ ասելիք կա, բայց ռեժիսորն առանձնացնում է ամենակարևորը՝ մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար: «Այս գաղափարախոսությունն էր դրված ճամբարում: Երեխաները, որ անտարբեր էին իրար նկատմամբ, հանգամանքների բերումով հասկացան, որ միասնական ուժի շնորհիվ բոլորը կարող են լինել հերոսներ»,- նշեց Կարեն Ամյանը:
Դերասան Ալբերտո Դանիելյանը պատմեց, որ երկար են մտածել արժի՞ մազերը կտրել, թե՞ ոչ: «Հետո հասկացանք, որ ավելի լավ է առանց մազ նկարահանվենք գեղարվեստական ֆիլմում, քան մազերով դրսում քայլենք»:
Ֆիլմի ստեղծողները նաև պատմեցին նկարահանումների հետաքրքիր և զվարճալի դեպքերի մասին: Ամենահիշվողը եղել է այն, երբ նկարահանման հրապարակից կորել էր ֆիլմի հերոսներից մեկը՝ հավը, որին մի քանի ժամ անց գտել են խոտերի մեջ թաքնված:
Նոր ֆիլմը թիմի համար մեծ քայլ էր դեպի նոր բարձունքներ, և ստեղծագործական գործընթացի ընթացքում բոլորն աշխատել են համախմբված և համագործակցաբար։ «Մեզ մոտ թիմային ոգին է գերիշխում, և դա մեր հաջողության գաղտնիքն է»,- ընդգծեց Գրիգոր Դանիելյանը։
«Դեպի ճամբար. Հատուկ ջոկատ» գեղարվեստական ֆիլմն այժմ հասանելի է բոլոր կինոթատրոններում։
Կարծիքներ