Որքանո՞վ են պաշտպանված աշխատանքային իրավունքները ՀՀ-ում եւ այլ երկրներում․ ECSR

Որքանո՞վ են պաշտպանված աշխատանքային իրավունքները ՀՀ-ում եւ այլ երկրներում․ ECSR

Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն (ECSR, հետագա տեքստում՝ Կոմիտե), որը Եվրոպայի խորհրդի կառույց է հանդիսանում, մարտի 22-ին հրապարակել է իր 2022 թվականի եզրակացությունը`Եվրոպական սոցիալական խարտիան վավերացրած 33 պետությունների կողմից ներկայացված հաշվետվությունների հիման վրա, որոնք վերաբերում են աշխատանքային իրավունքներին:

Նշենք, որ Հայաստանը Խարտիան վավերացրել է 2004-ի հունվարին: Խարտիային մասնակից պետություններն ամեն տարի ներկայացնում են զեկույցներ, թե ինչպես են կատարվել ստանձնած պարտավորությունները  օրենսդրության մեջ ու գործնականում: Ուսումնասիրելով  պետությունների կողմից ներկայացված հաշվետվությունները՝ Եվրոպայի խորհուրդը  որոշում է,  թե ինչքանով  է իրավիճակը տվյալ երկրում համապատասխանում Խարտիայի պահանջներին:
Հաշվետվության ընթացակարգի շրջանակներում Կոմիտեն ընդունել է 611 եզրակացություն․ դրանցից 255-ը կանոնադրությանը չհամապատասխանող, իսկ 245-ը համապատասխանող եզրակացություններ են: Բացի այդ, 111 դեպքերում Կոմիտեն չի կարողացել գնահատել իրավիճակը՝ անբավարար տեղեկատվության պատճառով։
Աշխատանքի արդար պայմանների իրավունքի շրջանակներում Կոմիտեն պարզել է, որ որոշ երկրներում օրենքը չի երաշխավորում աշխատողների որոշակի կատեգորիաների շաբաթական ողջամիտ աշխատանքային ժամերի իրավունքը, եւ նշել է, որ որոշ աշխատատեղերում աշխատանքային օրը կարող է գերազանցել 16 ժամը եւ նույնիսկ հասնել մինչեւ 24 ժամի:

Շատ երկրներում Կոմիտեն եկել է այն եզրակացությանը, որ պետական տոնի օրերին կատարվող աշխատանքը համարժեք փոխհատուցում չի ստանում, եւ որ բոլոր աշխատողների վարձատրվող արձակուրդների իրավունքը երաշխավորված չէ: Նշվում է նաեւ, որ որոշ երկրներում այն աշխատողները, որոնք արձակուրդի ժամանակ տառապում են հիվանդությունից կամ վնասվածքներից, իրավունք չունեն կորցրած օրերի համար այլ ժամկետ վերցնել:
Արդար վարձատրության վերաբերյալ Կոմիտեին տրամադրված տեղեկատվությունը պարզել է, որ մի շարք երկրներում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը կամ կոլեկտիվ պայմանագրերով սահմանված ամենացածր աշխատավարձը չափազանց ցածր է միջին աշխատավարձի համեմատ եւ չի ապահովում արժանապատիվ կենսամակարդակ:

Աշխատողների եւ գործատուների միջեւ համատեղ խորհրդակցությունը խթանելու՝ պետությունների պարտավորության առնչությամբ Կոմիտեն նշել է կոլեկտիվ բանակցությունների անբավարար խթանումը եւ աշխատողների որոշակի կատեգորիայի անունից կոլեկտիվ բանակցությունների իրավունքի սահմանափակումները:
Կոմիտեն որոշ դեպքերում պարզել է, որ աշխատողներին տրված չէ արդյունավետ իրավունք՝ մասնակցելու հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների շրջանակներում որոշումների կայացման գործընթացին, որոնց շրջանակում դիտարկվում են աշխատանքային պայմաններին, աշխատանքի կազմակերպմանը, աշխատանքային միջավայրի բարելավմանը վերաբերող եւ այլ հարցեր։ Կոմիտեում դա աշխատանքային իրավունքների խախտում են որակել։

Մի շարք երկրներում Կոմիտեն նշել է սեռական ոտնձգության դեպքերում համապատասխան եւ արդյունավետ փոխհատուցման (փոխհատուցում եւ վերականգնում), ինչպես նաեւ աշխատավայրում սեռական ոտնձգությունների համարժեք կանխարգելման բացակայությունը:

Միաժամանակ, Կոմիտեն եզրակացրել է, որ մի շարք երկրներում կանխարգելիչ միջոցառումներ, որոնք ուղղված են ապահովելու, որ կրճատումներն ուժի մեջ չեն մտնում նախքան գործատուների՝ տեղեկացնելու եւ խորհրդակցելու պարտավորության կատարումը (օրինակ՝ վարչական եւ դատական վարույթների դիմելը), գոյություն չունեն, ինչպես նաեւ՝ չկան արդյունավետ պատժամիջոցներ, որոնք կիրառվում են այն դեպքերում, երբ գործատուները չեն կատարում կանոնադրությամբ նախատեսված իրենց պարտավորությունները՝ կոլեկտիվ կրճատման ընթացակարգերում տեղեկատվության եւ խորհրդատվության վերաբերյալ:

Այնուամենայնիվ, Կոմիտեն գոհունակությամբ արձանագրել է դրական տեղաշարժեր որոշ երկրներում՝ կապված գործադուլի իրավունքի սահմանափակումների, աշխատավայրում ոտնձգությունների եւ սեռական ոտնձգությունների սահմանմանն ու արգելմանը վերաբերող օրենսդրական միջոցառումների հետ։

Նաեւ մի քանի երկրների աշխատանքային օրենսգրքերում փոփոխություններ են մտցվել, այդ թվում՝ կանոնակարգեր, որոնք ուղղված են՝ երաշխավորելու, որ աշխատողի ներկայացուցչական գործառույթներն իրականացնող անձը (երը) չի ենթարկվի խտրականության կամ այլ բացասական հետեւանքների՝ կապված իր դերի հետ:

Արա Ալոյան