ԿԳՄՍ-ի՝ պոլիտեխնիկի ռեկտորի ընտրություններին արձագանքն ուշանում է

ԿԳՄՍ-ի՝ պոլիտեխնիկի ռեկտորի ընտրություններին արձագանքն ուշանում է

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները շարունակում են վիճելի մնալ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ կայացած ռեկտորի ընտրության 2-րդ փուլն ավելի մեծ խնդիրներ առաջացրեց, հատկապես այն բանից հետո, երբ հանձնաժողովի նախագահ Գոհար Մամիկոնյանը հրաժարվեց արձանագրել մի քանի քվեաթերթիկների վավերականությունը եւ դուրս եկավ հաշվիչ հանձնաժողովի կազմից։ Դրանից հետո հաշվիչ հանձնաժողովը գործեց առանց նախագահի եւ 3/2 հարաբերակցությամբ հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացրեց ռեկտորի քվեարկության արդյունքները։ Սակայն մրցույթից հետո պարզվեց, որ քվեարկության արդյունքները ստորագրել է հաշվիչ հանձնաժողովի ոչ թե երեք անդամ, այլ ընդամենը՝ երկու, որից հետո նոր գործընթաց է սկսվել բուհում։ Ռեկտորի պաշտոնին հավակնող նախկին 5 թեկնածուները պատրաստվում են դատարանում վիճարկել ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերի արդյունքները։ Ուշանում է նաեւ Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքների շուրջ ԿԳՄՍ նախարարության արձագանքը։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնի հավակնորդներից Դավիթ Ղազարյանն ասում է, որ հենց մրցույթի օրը դիմել են թե՛ հոգաբարձուների խորհրդի նախագահին, թե՛ քարտուղարին, որպեսզի իրենց տրամադրեն առաջին եւ երկրորդ փուլի ընտրության արձանագրությունները, բայց մինչ օրս չեն տրամադրել, ավելին՝ նաեւ զանգերին չեն պատասխանում։

Դ․ Ղազարյանը մեզ հետ զրույցում նկատում է՝ որքանով տեղյակ է, հոգաբարձուների խորհուրդը արձանագրությունը ներկայացրել է նախարարություն, բայց թե ինչպիսին է արձանագրության բովանդակությունը՝ չգիտի։ Փաստ է միայն այն, որ նախարարության պաշտոնական արձագանքն ուշանում է։ Նախարարության արձագանքից է կախված նաեւ, թե որը կլինի իրենց հաջորդ քայլը․ «Եթե նախարարությունն ընտրությունը չեղյալ համարի, իսկ ես կարծում եմ՝ այդպես պետք է լինի, որովհետեւ այնտեղ բազմաթիվ խախտումներ կան, ապա մենք էլ չենք դիմի դատարան։ Իսկ եթե չեղյալ չհամարի, մենք կսկսենք մեր դատական գործընթացը, հայցն արդեն պատրաստ է, սպասում ենք միայն նախարարության արձագանքին»։ 

Թե ինչպես եւ ում թեթեւ ձեռքով ընտրության օրը հաշվիչ հանձնաժողովի արձանագրության մեջ 2 անդամների ստորագրությունը դարձավ 3՝ Դ․ Ղազարյանը չգիտի, միայն վկայակոչում է անհերքելի փաստը, երբ այդ պահին արձանագրության մեջ եղել է 2 ստորագրություն, բայց հայտարարվել է 3-ի մասին։ Միտումնավոր է արվել, թե ոչ՝ դա արդեն պետք է որոշեն նախարարությունն ու դատարանը։ 

Եթե անգամ նախարարությունը համարի, որ ընտրություններն անցել են առանց որեւէ խախտումի եւ հրամանագրի ռեկտորին, իրենք, միեւնույն է, չեն հաշտվելու արդյունքների հետ եւ կդիմեն տարբեր քայլերի։ Դրանցից մեկը, ըստ Ղազարյանի, եղել է այն, որ ընտրության օրը աշխատանքից ազատման դիմում է գրել, որին կարծես նաեւ ընթացք է տրվել․ «Դեռ պաշտոնապես չեմ ծանուցվել, բայց կարծես թե, ըստ տեղեկությունների, հրամանագրելու են»։ Որքանո՞վ է դա պայքարի արդյունավետ միջոց, Դ․ Ղազարյանն ասաց․ «Կարծում եմ՝ իր արդյունքը կտա»։

Ինչպե՞ս է բուհում դասախոսների եւ ուսանողների տրամադրությունը․ Դ․ Ղազարյանը շատերի հետ է խոսել, «գրեթե բոլորն էլ դեմ են այս ամեն ինչին, որ կատարվում է, ուղղակի հարցն այն է, որ դեմ են անձնական խոսակցություններում, բայց երբ հարցը հասնում է հրապարակավ խնդիրը բարձրաձայնելուն, շատերն ուղղակի գլուխ չեն դնում։ Պոլիտեխնիկում մենք ունենք խոսքի ազատության խնդիր, որովհետեւ դրան անմիջապես հետեւում են վարչական ճնշումները, դրա համար շատ մարդիկ գլուխ չեն դնում, հատկապես եթե կորցնելու բան ունեն։ Տվյալ դեպքում շատ քիչ մարդիկ են խոսում, բայց վստահեցնում եմ ձեզ, որ գրեթե 80-90 տոկոսը դեմ է այն ամենին, ինչ կատարվում է բուհում, եւ հոգու խորքում էլ մեր կողմնակիցն են»,- ասում է Ղազարյանն ու հավելում, որ դեմ լինելը պայմանավորված է ե՛ւ Գոռ Վարդանյանի կոմպետենտությամբ, ե՛ւ նաեւ այն հանգամանքով, որ Գ․ Վարդանյանը փաստացի շարունակությունն է համալսարանի նախորդ ղեկավարի։