Կա որոշակի տարածք, որպեսզի մեկնարկի խոսակցություն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև․ Փաշինյան

Կա որոշակի տարածք, որպեսզի մեկնարկի խոսակցություն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև․ Փաշինյան

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, թե ինչպե՞ս է գնահատում այս պահին Հայաստանի շուրջ ընթացող իրավիճակը և խաղաղության օրակարգի շուրջ ընթացող բանակցային գործընթացները։ «Որո՞նք են այս ուղղությամբ և այս պահին եղած հիմնական մարտահրավերները»,-հարցրեց պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընդհանուր առմամբ՝ ՀՀ-ի շուրջ իրադրությունը շարունակում է մնալ կայուն լարված։

«Բայց կարծում եմ՝ նաև Պաշտպանության նախարարության հաղորդագրություններից նկատելի է, որ լարվածության թուլացման որոշակի հնարավորություններ մենք տեսնում ենք, բայց պետք է ընդգծել, որ այդ իմաստով հնարավորություն տեսնում ենք նաև բանակցային գործընթացի բովանդակությունից ելնելով։  Տեղյակ եք, որ վերջին տասը օրվա ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, մասնավորապես՝ Միրզոյան-Բլինքեն-Բայրամով ֆորմատով, տեղի է ունեցել նաև ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդականի, ՀՀ ԱԽ քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիումը, ու նաև նախորդ օրը տեղի ունեցավ Միրզոյան-Բայրամով հանդիպումը, և, գիտե՞ք, արտաքին գործերի նախարարն արդեն նշեց, իհարկե, պարզ է, որ այդ խոսակցությունները պարզ և հեշտ խոսակցություններ չեն։ Բայց պիտի ասեմ նաև, որ մեր վերլուծությամբ և իմ գնահատմամբ՝ վերջին շրջանի քննարկումները և դիվանագիտական աշխատանքը մեզ համար առաջ գնալու որոշակի տարածք է բացել»,-ասաց Փաշինյանը։

Նա նաև հիշեցրեց, որ ինքը խոսել է 1991 թ․ դեկետմբերի 8-ի համաձայնագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու կոնցեպտի մասին, և կան նախանշաններ, որ այս մոտեցումը կարող է փոխադարձաբար ընդունելի լինել կողմերի համար։ 

«Հաջորդը, ես կածում եմ՝ կա որոշակի տարածք, որպեսզի մեկնարկի խոսակցություն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև։ Իսկ այս երկու ուղղությունները ես համարում եմ անկյունաքարային նշանակություն ունեցող։ Եվ պետք է արձանագրեմ, որ մենք, ըստ էության, այդ փուլում բավարարված ենք միջազգային արձագանքով սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Բայց բավարարված ենք այս պահի դրությամբ, և պետք է դեռ շարունակենք մեր աշխատանքը, որ միջազգային արձագանքը լինի հետևողական»,-ասաց նա։