Իր օգնությունն է առաջարկում «Վիոլետա» բուժկենտրոնը

Իր օգնությունն է առաջարկում «Վիոլետա» բուժկենտրոնը

 ԻՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ «ՎԻՈԼԵՏԱ» ԲՈՒԺԿԵՆՏՐՈՆԸ
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ծանրաբեռվածությունը թեթևացնելու և կորոնավիրուսով վարակված պացիենտներին օգնելու պատրաստակամություն է հայտնում «Վիոլետա» ինֆեկցիոն բժշկական կենտրոնը։ «Հայաստանի համար կարևոր այս շրջանում մեծ ցանկություն կա օգնելու ոչ միայն կորոնավիրուսով վարակվածներին, այլև սուր վարակիչ այլ հիվանդություն ունեցողներին»,- ասում է բուժկենտրոնի ինֆեկցիոն ծառայության տնօրեն Վիոլետա Սարգսյանը։
Բուժհաստատությունը գործում է 2019 թվականի դեկտեմբերից՝ «Արմենիկում» կլինիկական կենտրոնի շենքում։ Ինֆեկցիոն ծառայությունում պատրաստ են սպասարկել միանգամից 30 պացիենտի։ Հիվանդասենյակները նորոգված ու կահավորված են, բուժանձնակազմը՝ փորձառու։ Կենտրոնը նաև ժամանակակից բուժսարքավորումներ ու վերակենդանացման ինտենսիվ թերապիայի բաժանմունք ունի։
«Մասնագիտական խիղճս թույլ չի տալիս օրհասական այս պահին ձեռքերս ծալած նստել ու տեսնել, թե ոնց են գործընկերներս կենաց-մահու կռիվ տալիս համաճարակի դեմ։ Իմ թիմով կարող եմ, և ուզում եմ միանալ գործընկերներիս ու թեթևացնել նրանց գործը։ Մենք բարձրակարգ ինֆեկցիոնիստներ ու համաճարակաբաններ ունենք, որոնց պրոֆեսիոնալիզմն անպայման պետք է կիրառվի կորոնավիրուսի դեմ պայքարում»։
Բուժկենտրոնի ղեկավարությունն իր ծառայությունները մատուցելու թույլտվության խնդրանքով դիմել է կառավարությանն ու Առողջապահության նախարարությանը։ 10 օրից ավելի է անցել, պատասխան չեն ստացել։ «Կարծում եմ՝ Առողջապահության նախարարությունում քննարկում են։ Աստված տա՝ այս ամենը շուտ ավարտվի, իսկ եթե՝ ոչ, հույս ունեմ, որ մեր օգնությանն էլ կդիմեն»։