Լուկաշենկոն, Հայաստանն ու ՀԱՊԿ-ն․ խաղաքարտերը խառնվո՞ւմ են

Լուկաշենկոն, Հայաստանն ու ՀԱՊԿ-ն․ խաղաքարտերը խառնվո՞ւմ են

Վերջին օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի եւ Արցախի նկատմամբ իրականացվող ռազմական սադրանքները, խաղաղ բնակիչների գնդակոծումը, նոր բարձունքների եւ այլընտրանքային ճանապարհների նկատմամբ վերահսկողություն սահմանելը, պարզվում է, մտահոգություն են առաջացրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ղեկավարության մոտ։

ՀԱՊԿ կենտրոնակայանում ղեկավարության ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղյան գոտում իրավիճակը հղի է լուրջ ապակայունացմամբ։ Ըստ Տասմագամբետովի՝ ներկայումս արդիական են մնում Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը։ Նա տարածաշրջանում առկա լարվածությունն անվանել է «տարիների հակասությունների հետեւանք»։

ՀԱՊԿ-ն պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ «Հայաստանին օգնելու համար»․ այս մասին էլ հայտարարել է կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը՝ ամփոփելով վերոնշյալ հանդիպման արդյունքները։

Այս ամենն ուշագրավ է դառնում Հայաստան-ՀԱՊԿ ոչ հարթ հարաբերությունների համապատկերում, կազմակերպությունից Հայաստանի դուրս գալ-չգալու դիսկուրսի եւ այդ առնչությամբ Մոսկվայի ու ՌԴ իշխանամերձ փորձագիտական հանրության բացասական արձագանքի ֆոնին եւ ոչ միայն։ 

Գանք մի փոքր հեռվից։ Անցյալ տարվա նոյեմբերի վերջերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակով պայմանավորված՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։ Հայտնի միջադեպը, հավանաբար, հիշում եք։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բավականին կոշտ տոնով հանդիմանեց Փաշինյանին՝ հորդորելով Երեւանին եւ Բաքվին՝ ծառացած մարտահրավերները լուծել սեղանի շուրջ, երկխոսության միջոցով, հարկ եղած դեպքում՝ դիմելով Կրեմլի աջակցությանը։

Բացի այդ, նա ցուցադրական հեգնանքով էր արտահայտվել մղվող մարտերի մասին՝ նշելով, որ «կողմերն անիմաստ մարտնչում են անմարդաբնակ բարձունքների համար, որտեղ նույնիսկ այծերը չեն բարձրանում»։

Եվ ահա, այսօր ՀԱՊԿ-ի ղեկավարությունը, կարծես, լուրջ ահազանգ է հնչեցնում, ավելին՝ պատրաստակամություն հայտնում՝ առաքելություն ուղարկել Հայաստան։ Հենց այս իրավիճակում է, որ ՀԱՊԿ-ն պետք է ասի իր վճռական ու ոչ երկիմաստ խոսքը, եթե, իհարկե, կազմակերպությունում չեն առաջնորդվում է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության նկատմամբ խանդով։ Մյուս կողմից, փաստ է, որ Լուկաշենկոյի հայտնի պնդումները ոչ միայն ժամանակավրեպ ու կողմնակալ դուրս եկան, այլեւ գործեց բումերանգի օրենքը։

Ի դեպ, ժողովրդին եւ երկրի խորհրդարանին ուղղված իր երեկվա ուղերձում Բելառուսի նախագահն ահազանգել է, թե Արեւմուտքը պատրաստվում է ներխուժել եւ կործանել Բելառուսը։ Նա նշել է, որ ՌԴ-ի կողմից Բելառուսի տարածքում միջուկային զենքի տեղակայումն անհրաժեշտ է երկրի անվտանգության համար։ Լուկաշենկոն հավելել է նաեւ, որ Ռուսաստանի կործանման սպառնալիքի դեպքում Կրեմլի ղեկավարությունը միջուկային զենք կկիրառի։ 

Թե այս հարցում ինչպիսին կլինի նույն ՀԱՊԿ-ի դիրքորոշումը, պարզ չէ, բայց ակնհայտ է, որ մեծ-մեծ հոխորտացողները պետք է մեկընդմիշտ հասկանան, որ փոքր ժողովուրդներին սպառնացող վտանգը կարող է հասնել նաեւ իրենց երկիր, որովհետեւ ժամանակակից աշխարհը վաղուց փոխկապակցված է․․․

Արա Ալոյան