Մի ժամ առաջ մի քանի «ջանդակ» տարել են, որ վառեն․ լարված իրավիճակ

Մի ժամ առաջ մի քանի «ջանդակ» տարել են, որ վառեն․ լարված իրավիճակ

Սննդի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ մտել են ժողովրդին հայտնի Գումի շուկայի հարակից տարածք, որպեսզի առգրավեն մսավաճառների միսը։ Հիմնավորումն այն է, որ միսը վաճառվում է նորմերի խախտումներով, բաց վիճակում, առանց համապատասխան թույլտվության։ «Մի ժամ առաջ մի ջանդակ արդեն տարել են, ոստիկանները չեն թողում, որ մեր միսը պահենք, քաշել են էն կողմ, ասել են՝ մի դիմադրի, մեկ ա տանելու ենք։ Ասում եմ՝ ուր եք տանելու, ասում ա՝ տանելու ենք վառենք»,-նշեց մսավաճառներից մեկը։

«Ես ապրում եմ Շիրակի մարզում, այնտեղ մենք պայմաններ չունենք, որ մորթ իրականացնենք։ Միսը բերել հասցրել եմ Երեւան, ինձնից միսն առգրավում են, քանի որ թուղթ չունեմ։ Այս հարցի լուծումը թող գտնեն, եթե ոչ, բենզին եմ լցրել վրես, ավելի լավ ա ինձ վառեմ, քան էս միսն իմ ձեռքից տան են»,-ասաց մսավաճառներից մեկը    

Ուշագրավ է, որ պատկան մարմինները Ամանորի շեմին են որոշել անցնել պատժիչ գործողությունների, մինչդեռ ամբողջ տարին միսն այստեղ վաճառվում է, մեղմ ասած, հակասանիտարական պայմաններում։

Հիշեցնենք, որ սպանդանոցների մասին օրենք է գործում, ըստ որի կենդանիների մորթը պետք է իրականացվի միայն սպանդանոցներում, որտեղ էլ համապատասխան տեղեկանք են տալիս մսի որակի մասին: