Հայ-ադրբեջանական շփման գծում՝ մոխրագույն գոտում է հայտնվել «Արևիկը», մոտենալ չի լինում

Հայ-ադրբեջանական շփման գծում՝ մոխրագույն գոտում է  հայտնվել «Արևիկը», մոտենալ չի լինում

Օրերս մամուլում անդրադարձ եղավ Հայ-ադրբեջանական շփման գծում հայտնված մի արձանի պատմությանը: «Արևիկ» կամ «Մայր Հայաստան» արձանը գտնվում է Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի Կայան թաղամասում՝ ուղիղ հայ-ադրբեջանական պետական սահմանին։ Քանդակագործ Ադիբեկ Գրիգորյանն այս արձանն ստեղծել է 1976 թվականին: Խորհրդային տարիներին արձանն այստեղ կանգնեցվել էր, երբ ադրբեջանցիները նույն տարածքում տարածաշրջանի երեք պետությունները խորհրդանշող մի կոթող էին տեղադրել, որտեղ Ադրբեջանը պատկերված էր իշխող դիրքում հարևան երկու երկրների նկատմամբ: Ի պատասխան՝ տեղական իշխանությունը 1970-ականներին որոշում կայացրեց տեղադրել «Արևիկ» արձանն այնպիսի մի վայրում, որտեղից այն տեսանելի կլիներ ադրբեջանական մոտակա բնակավայրերից:

Ժամանակին Հայաստան այցելող բոլոր հյուրերի համար սիրելի դարձած «Արևիկին» այսօր հնարավոր չէ մոտենալ, քանի որ այն հայտնվել է հայ-ադրբեջանական սահմանի հենակետերի արանքում և տարածքն ամբողջությամբ ականապատված է:

Քանդակագործության ազգային պարկ թանգարանի տնօրեն Արթուր Գևորգյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց․ «Իրականում, խորհրդային տարիների ինտերնացիոնալիզմ ասվածը իր մեջ ներքին շատ լուրջ ազգամիջյան հարաբերությունների պարզաբանում էր, եւ յուրաքանչյուր արձանի տեղադրումը ուներ իր շատ լուրջ կոնտեքստը :Պետք էր պատկերացնել, որ մի հուշահամալիր բացվելիս, ասենք՝ Սարդարապատը կամ մյուսները, կովկասյան պետությունների ղեկավարները, նույն Ալիև հայրը, հրավիրվում էր եւ պարտադիր գալիս էր:Բայց  «Արևիկ»-ի պատմությունն այլ էր, այն տեղադրվել է ի հակադրություն ադրբեջանական կողմի:1988թ-ից հետո «Արևիկ» -ը հայտնվել է մոխրագույն գոտում, որը ոչ մերն է, ոչ իրենցը, միջդիրքային տարածքում է : Անընդհատ կրակոցների, հրետակոծությունների պրոցեսներ են եղել, որոնք բնականաբար, իրենց հետքերն են թողել արձանի վրա: Արձանն իրականում գնդակահարված է և վրան կան հրաձգության հետքեր։ Ադիբեկ Գրիգորյանի այս աշխատանքը ներառված չէ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում այն պարզ պատճառով, որ Հայաստանը հիմա սահմանազատման պրոցես է սկսել եւ մինչ այդ էլ վիճելի տարածքում է եղել :Ես կարծում եմ, որ այս թեմային ժամանակ առ ժամանակ պետք է անդրադառնանք, Քանդակագործության ազգային պարկը դեռ 2014թ-ին է արձանի ճակատագրին անդրադարձել, մտահոգություն հայտնել, քանի որ արձանը մերն է, իսկ այն, ինչ մերն է՝ մերն է» :

Հավելենք, որ 17 մետր բարձրությամբ, ալյումինից պատրաստված արձանը խորհրդանշում է հայ կնոջ, հյուրընկալ մոր կերպարը: Արձանը երիզող շրջանակը նման է արևի շողերի, որից էլ, հավանաբար, արձանն ստացել է իր անվանումը։ Քանդակագործը ցանկացել է ցույց տալ, որ մարդիկ գալիս են արևշատ երկիր` հյուրասեր ժողովրդով։
2014 թ․ սեպտեմբերի 29-ին ուժեղ քամու հետևանքով արձանի շրջանակը շրջվել է: