Արսեն Թորոսյանի հաջորդ թիրախը 8-րդ հիվանդանոցն է

Արսեն Թորոսյանի հաջորդ թիրախը 8-րդ հիվանդանոցն է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշել է հերթով փոխել բժշկական կենտրոնների եւ իր ենթակայության հիմնարկների ղեկավարներին։ Նա փոփոխություններ արեց Առողջապահության տեսչական մարմնում, այրվածքաբանության կենտրոնում, Օնկոլոգիայի ինստիտուտում, հիմա էլ Մարշալի պլաններ ունի հավատարմագրային կառավարման հանձնված թիվ 8 հիվանդանոցի՝ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի հետ կապված։ Նախ, նա ցանկանում էր ազատվել հիվանդանոցի տնօրեն Հայկ Պետրոսյանից, ապա՝ հիվանդանոցը հետ վերցնել հիվանդանոցի նախկին փոխտնօրեն Գայանե Զախարյանից՝ Երվանդ Զախարյանի աղջկանից, ում Երևանի քաղաքապետարանը 2010 թ․ բուժհիմնարկը հանձնել էր հավատարմագրային կառավարման՝ որպես «Մեդիքլ Ինվեստ» ընկերության ներկայացուցչի։
Մենք օրեր առաջ տեղեկացել էինք, որ նախարարը որոշել է այստեղ նշանակել իր խորհրդականին՝ Երևանի «Իմ քայլը» ավագանու անդամ Աշոտ Սարգսյանին, որը հենց այդ օրերին, ի դեպ, Երվանդ Զախարյանի թալանի մասին գրառում արեց իր ֆեյսբուքյան էջում։ Սա արդեն գրեթե որոշված հարց էր, բայց քանի որ ԲԿ-ն Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ է, ինչ-որ բան այնպես չի գնացել, ըստ ամենայնի, քաղաքապետը դեմ է եղել այս նշանակմանը։ Եվ թեև ԲԿ-ի նախկին տնօրենն ազատվել է աշխատանքից, նրա փոխարեն նշանակվել է ոչ թե Աշոտ Սարգսյանը, այլ Ավետիս Ավետիսյանը։ Հիվանդանոցից տեղեկացրեցին, որ նախկին տնօրենը ազատվել է իր դիմումի համաձայն՝ «առողջական խնդիրներով պայմանավորված»։

Տեղեկացանք, որ Ավետիս Ավետիսյանը նախկինում հեռուստատեսությամբ հեռարձակվող «Առողջապահական ծրագիր» հաղորդման հեղինակ-մեկնաբանն է։ Վերջին երեք տարիներին նա ծառայել է Արցախի Պաշտպանության բանակում՝ ԱՀ ՊԲ միակ մասնագետ նյարդաբանն է եղել։ Դրանից 2 տարին՝ 2016-2018թթ․ նա զորակոչված է եղել բանակ՝ պարտադիր զինծառայության, որից հետո կնքված պայմանագրով աշխատանքը շարունակել է Արցախում՝ օրեր առաջ զորացրվելով։ Բուժհիմնարկը գլխավորելու առաջարկը նա ստացել է հիվանդանոցի լիցենզիոն կառավարումը ստանձնած «Մեդիքլ Ինվեստ» կազմակերպության կողմից։
Այսօր Ավետիս Ավետիսյանի առաջին աշխատանքային օրն էր և հարցին, թե ինչ վիճակում է ընդունում հիվանդանոցը,  պահանջելո՞ւ է աուդիտ եւ այլն, ասաց․ «Ես աշխատելու եմ ՀՀ օրենքի տառին համահունչ և աստիճանաբար ծանոթանալով՝ կազմակերպելու եմ էն, ինչ-որ պետք է կազմակերպեմ»։

Հարցին, թե ինչպես ստացվեց, որ հենց ինքը նշանակվեց հիվադանոցի տնօրեն, վերջինս պատասխանեց․ «Այն կազմակերպությունը, որը քաղաքապետարանի կողմից հավատարմագրված է, որ իրականացնի հիվանդանոցի աշխատանքը  նրանք են ինձ հրավիրել, առաջարկ արել»։
Նշենք, որ ըստ պայմանագրի՝ հենց «Մեդիքլ Ինվեստինն» է այս բուժհիմնարկում տնօրեն նշանակելու իրավասությունը։

Ի դեպ, մենք տեղեկություններ ունենք, որ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի հավատարմագրային կառավարումն էլ նախարարը որոշել է չեղյալ անել՝ հիմա պայմանագրային կետերի խախտումներ են փնտրում, որ Զախարյանի դստեր ձեռքից հիվանդանոցը վերցնեն։
Հիվանդանոցի իրավաբան Ռուզան Նալբանդյանից հարցրեցինք՝ ստուգումներ եղե՞լ են և արդյոք հայտնաբերվել են խախտումներ։ Վերջինս ասաց․ «Այնպիսի ստուգում, որով որ պարզաբանվի, որ մեզ մոտ լիցենզիայից դուրս ծառայություններ են մատուցվել, նման բան միանշանակ չի եղել։ Ստուգումը, որ եղել է, եղել է Առողջապահական պետական ծառայության կողմից, ամեն ինչ նորմալ է եղել։ Չհաշված ընթացիկ թերոթյունները, որոնք ցանկացած կազմակերպությունում կարող են հայտնաբերվել»։ Գայանե Զախարյանի հետ կապվել մեզ չհաջողվեց, բայց մենք կհետեւենք 8-րդ հիվանդանոցի հետագա ճակատագրին։