«Չոբան Մելոյի» մասին «դառը ճշմարտությունն» ասած թեկնածուին մարզպետի քույրը սպառնալիքներ և հայհոյանքներ է տվել

«Չոբան Մելոյի» մասին «դառը ճշմարտությունն» ասած թեկնածուին մարզպետի քույրը սպառնալիքներ և հայհոյանքներ է տվել

Սյունիքի մարզի Տեղ գյուղում «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածուին իշխանական թեկնածուները և նաև մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քույրը՝ Մելսիդա Պողոսյանը, նրա ամուսինը և որդին հայհոյել և սպառնացել են։ «Թեման» եղել է Մասիս Զեյնալյանի՝ մեր թերթին հայտնածը, որ կոմունիստների տարիներին մարզպետ Պողոսյանը եղել է հովիվ։

«Լռության օրով մի հատ համար զանգում ա ինձ, մի կին ինձ ամենավերջին բառերն ասում ա։ Ու ես հասկանալով, որ ինքը կին է, չեմ պատասխանում։ Պարզում եմ, որ ինչ ա, որ մի քանի օր առաջ ձեր թերթին ասել եմ, որ իրա եղբայրը չոբան է եղել։ Ես get contact-ով ճշտեցի, պարզվում ա՝ մարզպետի քուրն ա, մանկապարտեզի տնօրեն ա։ Ուղղակի, ես ուզում եմ հասկանալ՝ իրա ասած բառերն իրո՞ք տնօրենի բան են: Ինձ բառեր ա ասել, որ չեմ հրապարակում։ Հետո դառնում ա ժամը տասը, տղան ա զանգում՝ ՔՊ-ի թեկնածուի եղբայրը, չեմ պատասխանում։ Հետո մարդ ա ուղարկում, 2 հոգի՝ մեկը ՔՊ-ի թեկնածու, մյուսը` իրա «վանդամներից, ու ուզում են ճնշում գործադրեն, որ «հաջորդ անգամ նման բան չանես»։ Որ չասեմ, խոսքի, որ ինքը հովիվ է եղել, հիմա` մարզպետ։ Ինչ-որ ասել եմ։ Ես իմ ասածին պատասխան եմ տալիս։ Ես ասել եմ դառը ճշմարտությունը։ Իրավունք չունե՞մ, ես խոսքի իրավունք չունե՞մ»։

Այսինքն՝ Մելիքսեթ Պողոսյանը թաքցնո՞ւմ է, որ հովիվ է եղել։ Ավագանու թեկնածուն, որը կարծում էր, որ ընտրվել է, դրական պատասխան տվեց՝ ասելով․ «Հա, ինքը եղել ա Սյունյաց Մելոն։ Բայց, փաստացի, շատ գաղտնիքներ կան․․․ ես ամեն ինչ անելու եմ։ Իրանք են սկսել։ Ասեմ, որ ընտրության տեղը ՔՊ-ի թեկնածուն իմ հետևից 2 հոգի մարդ ա ուղարկել, որ ճնշեն ինձ։ Չի ստացվել։ Հետո ՔՊ-ի թեկնածուի եղբայրը՝ վստահված անձ, ինձ ասել ա՝ բան չի մնացել, 2 օր ա մնացել, համբերիր, կտեսնես։ Ուղղակի, ես ուզում եմ հասկանալ՝ ինձ ինչ պտի ասի։ Ես ուզում եմ հասկանալ՝ ինչի, որ ՔՊ-ական են, օրենքը իրանց ձեռն ա, մարզպետն իրանցն ա, պտի հասարակ քաղաքացուն ճնշե՞ն, թե՞ ինչ անեն։ Ավելին՝ ինձ մինչև ընտրություններն էլ կանչել էին զապրավկա, իրանք բենզալցակայաններ ունեն, կանչել ա, ասում է՝ ինչի՞ ես գնացել էդ թեկնածուի կողքը։ Ես էլ ասում եմ՝ ինչ տարբերություն, մարդը մարդ ա, դու ըլնես, ինքը լինի, դու ուզում ես քո տունը պահես, ես ուզում եմ ավագանի լինեմ, իմ տունը պահեմ։ Ասում ա՝ բա պետք է՝ գործով, ամեն ինչով օգնենք, ամեն հարցում։ Ես էլ ասել եմ՝ ինչի, հիմա՞ եք հիշել, որ ինձ գործ ա պետք»։

Հիշեցնենք, որ Տեղում ՔՊ-ի թեկնածուն մարզպետի քրոջ որդի Դավիթ Ղուլունցն է։ Վերջում էլ, ըստ թեկնածուի, զանգել է Մելսիդայի ամուսինը, թե հլա տես ինչ ենք անելու։

Մասիս Զեյնալյանը ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանի հեռավոր ազգականն է և սպառնալիքների մասին տեղեկացրել է նաև նրան։

Թեկնածուն դեռ վստահ չէր՝ անցե՞լ է ավագանի, թե ոչ, բայց ասաց, որ մտածում են բողոքարկել Տեղի ընտրությունները։ «Դեմ ենք էդ ընտրությանը, որովհետև սա արդար ընտրություն չէր»,-ասաց նա։