Ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը ոտքի հանել ոստիկաններին (տեսանյութ)

Ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը ոտքի հանել ոստիկաններին (տեսանյութ)

Քիչ առաջ կառավարական ամառանոցի և կառավարության դիմացի ոստիկանական ուժերը ցրվեցին: Մինչդեռ մոտ երկու ժամ առաջ անակնկալ կերպով ոստիկանության և ԱԱԾ-ի տարբեր ստորաբաժանումներ շրջապատել Էին կառավարության շենքը և կառավարական ամառամոցները: Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանն անհանգստացել է նրանից, որ այսօր Արցախում հերթական հայկական գյուղերը թշնամուն հանձնելու լուրը տարածվելուց հետո հնարավոր է` նորից զանգվածային բողոքի ակցիաներ տեղի ունենան իր դեմ, այդ պատճառով նա հրահանգել է ուժային կառույցներին` ոտքի կանգնել և ապահովել իր և իր նստավայրերի անվտանգությունը: Սակայն տեսել է, որ քաղաքում առանձնապես իրադարձություններ տեղի չեն ունենում, ազատ է թողել իր ամառանոցն ու կառավարության շենքը շրջապատած ոստիկաններին:

Այդ ընթացքում տարբեր լուրեր շրջանառվեցին, որ Փաշինյանը նիստ է անում իր թիմակիցների հետ, և հնարավոր է` շուտով հրաժարական տա: Սակայն հրաժարականի լուրերը այս պահի դրությամբ հերքվել են:

Մենք տևական ժամանակ գտնվում էինք Պռոշյան փողոցում` կառավարական ամառանոցի մուտքի մոտ, որտեղ փոքր թվով քաղաքացիներ էին հավաքված, սակայն շատերը մեքենաներով անցնում նայում էին` ինչ է կատարվում, պատուհաններից բղավում էին` Նիկոլ, դավաճան ու քշում հեռանում:

Եղան նաև քաղաքացիներ, որոնք կանգնեցրին մեքենան և իջան միանալու փոքրաթիվ խմբին, սակայն որոշ ժամանակ անց` նրանք էլ ցրվեցին:

Այդ ընթացքում մենք նկատեցինք նաև` ինչպես Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մի քանիսը Պռոշյան փողոցով բարձրացան վերև և թեքվեցին դեպի Դեմիրճյան փողոց: Սակայն դժվար էր ասել` Փաշինյանը այդ մեքենաներից մեկի մեջ էր, թե ոչ, քանզի նրան սպասարկող զրահապատ Mercedes-ը չտեսանք:

Մանրամասները` տեսանյութում