Մարդկային կյանքն ամենաբարձր արժեքն է բոլոր դեպքերում

Մարդկային կյանքն ամենաբարձր արժեքն է բոլոր դեպքերում

Կորոնավիրուսային համավարակը Հայաստանի տնտեսությունն այս ամիսներին գրեթե պարալիզացրել է։ Սրա բացասական հետեւանքները մենք տարվա վերջին կզգանք, երբ պարզ դառնա, թե որքան տնտեսական անկում ենք գրանցել։ Հայրենի կառավարությանն այդպես էլ չհաջողվեց օպտիմալ լուծում գտնել, որ ե՛ւ հանրային առողջությունը պահպանվի, ե՛ւ տնտեսությունը չկործանվի։ Երբ պետք էր մաքսիալ խստացումներ սահմանել, որ համավարակը նահանջեր, կառավարությունը զբաղված էր քարոզարշավով ու անլուրջ էր վերաբերվում վարակին։ Երբ պետք էր տնտեսությունը փրկել, հիմա էլ զբաղված է արտակարգ դրությունն անիմաստ երկարացնելով ու դիմակների համար մարդկանց տուգանելով։ Արդյունքում տնտեսության մեջ լուրջ ճեղվածք է առաջացել, էապես նվազել են արտահանման ու ներկրման ծավալները, ըստ այդմ՝ նաեւ բյուջե ուղարկվող ֆինանսական հոսքերը։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ այն կետում, որում հիմա հայտնվել ենք, ցավոք, վերջնակետը համարել չի կարելի։

«Ես այսօր առավոտյան նայում էի կոնյակ եւ գինի արտադրողների արտադրանքի իրացումը վերջին ամիսների ընթացքում, սա մեր ամենազգայուն խմբերից մեկն է արտահանման կառուցվածքում, եւ ներսում իրացումը զգալիորեն տուժել է, քանի որ զբոսաշրջությունը կանգնած է, Հայաստան դրսից մարդ չի գալիս։ Ցավոք, նույն բանը կա նաեւ մեր արտահանողների համար՝ դրսի շուկաներից շատերը նույնպես փակ են դրսից եկողների համար»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։

- Իսկ ի՞նչ եք անում, որ մինիմալ վնասով դուրս գանք այս իրավիճակից։

- Երկու-երեք տարբեր բաներ ենք անում։ Երբ որ մարտ ամսին սկսեցինք քննարկել եւ ապրիլին էֆեկտիվորեն իրականացնել այդ գործիքակազմը, դա առաջին հերթին լիկվիդայնության ապահովման խնդիրն էր, որովհետեւ կազմակերպությունների բնականոն կապերն իրենց գործընկերների հետ խզվել էին։ Հետեւաբար, մենք մեր առջեւ խնդիր դրեցինք առաջին հերթին ապահովել լիկվիդայնություն ֆինանսական ձեռնարկությունների համար։ Այսինքն՝ ֆինանսական միջոցների հասանելիություն, որը ժամանակավորապես իրենց թույլ կտար դիմակայել։ Երկրորդ փուլում գործիքն էականորեն փոխեցինք, եւ իրենց ասում ենք՝ եթե դուք ունեք էնպիսի ծրագրեր, որ ինքներդ պատրաստ եք ձեր ծրագրի մեջ ներդնեք, օրինակ, 100 մլն դրամ, մենք եւս 4-5 անգամ այդքան ավելի շատ անտոկոս գումար կավելացնենք, որ դուք առաջիկա  3-4 տարիների ընթացքում կարողանաք ձեր զարգացման ծրագրերը կառուցել։ Այս պահին այլ բան, քան ֆինանսական աջակցությունը կազմակերպությունների համար, կառավարությունն արագ անել չի կարող։

- Իսկ բյուջեում ֆինանսական աջակցության համար փող ունե՞նք, եթե տնտեսությունը չի գործում, որ փող ապահովի։

- Ճիշտ եք ասում, արդար հարց եք տալիս։ Ի սկզբանե կառավարությունը որոշեց, որ 150 մլրդ դրամ հատկացնի, դա այն բյուջեն է, որը ես չեմ համարում վերջնական սահմանագիծ, այլ դա այն բյուջեն է, որ վարչապետը հանձնարարեց ֆինանսների նախարարությանն ու կառավարության մյուս թեւերին՝ պլանավորել եւ նախատեսել իրենց գործողությունները դրա սահմաններում։ 25 արագ արձագանքման միջոցներն էին սոցիալական ծրագրերի հատվածում եւ 25 արագ արձագանքման տնտեսական միջոցառումներն էին, որոնք իրականացրեցինք։ Եվ մենք էդտեղ արդեն 60 մլրդ դրամը գերազանցող չափով այդ եղանակով միջոցներ ենք հասցրել տնտեսություն։ Մենք մեր սահմանաչափից՝ 150 միլիարդից դեռեւս բավականաչափ ռեսուրս ունենք, որ էդ ճանապարհին օգնենք, եւ բնական է, երբ մենք այդ բոլոր միջոցներն օգտագործած կլինենք, բայց կգնահատենք, որ աջակցության նոր կարիք կա, որոշումներ կկայացնենք։

- Դուք ունե՞ք այս պահին իրավիճակի գնահատում, թե տնտեսական ակտիվության ցուցանիշը որքան է ընկել, ու նաեւ՝ կանխատեսում, թե որքան կշարունակվի այս վիճակը եւ տարվա վերջում տնտեսության վրա ինչ ազդեցություն կունենա։

- Չունենք։ Դե, գիտեք, Կենտրոնական բանկը՝ իր հերթին, ֆինանսների նախարարությունը՝ իր հերթին, պաշտոնապես առանձին փաստաթղթերի առնչությամբ տվել են իրենց գնահատականները։ Այս պահին տասնորդականի ճշտությամբ չեմ ասում, գնահատականները՝ տարեկան հանրագումարով, 5 տոկոս անկման շուրջ են։

- Դա՝ տնտեսական ակտիվությա՞ն ցուցանիշի մասով, թե՞ ՀՆԱ-ի աճի։

- Դրանք մոտ են իրար։ Կարող է կառուցվածքային փոփոխությունների արդյունքում իրենք քիչ տարբերվեն, եթե տնտեսության մեջ կառուցվածքային էական փոփոխություններ չեն եղել, ապա, որպես կանոն, ՏԱՑ-ը համընկնում է ՀՆԱ-ի ցուցանիշի հետ։

- Վերադառնանք կորոնավիրուսով պայմանավորված՝ տնտեսությունը գրեթե կանգնեցնելու կառավարության որոշմանը։ Դուք դա ճի՞շտ եք համարում, քանզի, մի կողմից, կա հանրային առողջության խնդիր, մյուս կողմից՝ տնտեսության, որը հետո կարող է հանգեցնել նաեւ հանրային առողջության ծանր հետեւանքների։

- Ճիշտ եք ասում։ Մենք միշտ խուսափում ենք էդպիսի որոշումներից։ Ընդհանրապես, երկու տեսակետ կա՝ տնտեսագետների մի խումբն ունի կարծիք, որ ավելի լավ է ճնշող միջոցառումներ լինեն՝ ավելի մեծ ծավալով, բայց մենք ձերբազատվենք էդ երեւույթի համատարած վտանգավորությունից, հետո նոր արդեն՝ զարգացման ակտիվ շրջան։ Մյուս տեսակետն այն էր, որ եթե էս երեւույթը հնարավոր չլինի անմիջապես ճնշել եւ արմատախիլ անել, այսինքն՝ ստիպված ենք մենք իր հետ ապրել, ապա մենք ինչ կանոններ պիտի որդեգրենք մեր կենցաղում եւ տնտեսական կյանքում, որ նվազագույն կորուստներ ունենանք։

- Դուք հիմա ո՞ր տեսակետին եք կողմնակից։

- Ես մշտապես արտահայտվել եմ այն կարծիքի կողմ, որ պետք է հնարավորինս չսահմանափակել գործունեության տեսակների շարունակականությունը, այլ կիրառել այնպիսի նախազգուշական կանոններ, որոնք ցանկացած գործունեության համար նվազագույն են դարձնում մարդկանց առողջության վնասները։

- Կառավարությանը շատ քննադատեցին, որ դեռ մարտ ամսին կարող էր խիստ միջոցառումներով համավարակի դեմն առնել, բայց չարեց, հիմա էլ պետք է արտակարգ դրությունը հանի, որ տնտեսությունը գոնե կարողանանք փրկել։ Երկու հարցում էլ, առնվազն, հաջողություն չենք գրանցել։

- Եկեք առաջ ընկնող գնահատականներ չտանք, ամբողջ աշխարհում դեռ այդ երեւույթը չի ավարտվել։ ԱՄՆ-ն այս օրերին նորից քննարկում է խիստ սահմանափակումների վերադառնալու հարցը։ Իրենք հասկացել են, որ հենց թուլացնում են, նորից էդ պիկը հետ է գալիս, որովհետեւ մարդկային կյանքն ամենաբարձր արժեքն է բոլոր դեպքերում։ Ես կարծում եմ՝ էդ տեսանկյունից դեռ հետո են գնահատականներ տրվելու։ Բայց ես նաեւ համոզված եմ, որ ինչ որ մենք արել ենք եղած իրավիճակում, դա եղել է բավականաչափ ադեկվատ տվյալ պահի խնդիրներին։

- Ի վերջո, որքա՞ն կտեւի այս արտակարգ դրությունը, հնարավո՞ր է օգոստոսին նորից երկարացվի։

- Մեկ կարեւոր բան, որ կառավարությունը քննարկում է, տարանջատում է անվտանգության կանոնները եւ արտակարգ դրությունը՝ որպես երեւույթներ։ Չեմ կարող ասել, թե արտակարգ դրությունը վերջին անգամ կերկարաձգվի, բայց դրանից հետո այս կանոնները դեռ երկար ժամանակ պարտադիր կիրառության ենթակա կլինեն։