Կառավարության սարքած աջաբսանդալը

Կառավարության սարքած աջաբսանդալը

 

Կառավարության սարքած աջաբսանդալը մի կողմ դնենք, որ 9-րդ ծրագրով աջակցություն են ստացել անձինք, որոնք աշխատում են ԱԻՆ-ում, ՊՆ-ում, Ոստիկանությունում։ Մի կողմ դնենք նաև այն, որ գումար ստացած  մարդիկ գրություններ են ստանում, որ այդ գումարները պետք է վերադարձվեն: Վարչապետի հայտարարությունն էլ մի կողմ դնենք, որ ասում է․ «․․․Այդ գումարները պետք է վերադարձվեն, և ավելին՝ պետք է ծառայողական քննություններ նշանակվեն, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել»։

Սա ուղղակի «իշխանական աջաբսանդալ է», որ եփել ու չեն հասկանում, թե որը որի հետ է խառնվել, որը որին է համ տվել, որը որից առաջ են գցել ու պետք է ծառայողական, ասել է թե խոհարարական քննություն անցկացնեն, որ իմանան, որ մթերքը որի հետ են խառնել։  Իրենք բաշխել, ու՞մ են մեղադրում։

Վարչապետն եփած «աջաբսանդալին» մի մթերք է ավելացնում, որ էլ մի կողմ դնել չենք կարող․ «Մեկը բանկում 50 միլիոն ավանդ ունի, գալիս է միջոցառումից գումար է տանում․․․»։ 

Շատ մարդիկ կան, որ նեղ օրվա համար տարիներ շարունակ փող են ետ գցել, որ հիվանդանան կամ մեռնեն, հիվանդանոց տանող կամ իրենց վերցնող լինի։ Այդ փողերի տե՞ղն էլ վարչապետը գիտի։ Շատերը բարձի տակ մի երկու կոպեկ են պահում, դա՞ էլ է վարչապետին հասանելի։  Վարչապետի գործը ՀՀ քաղաքացիների փողի հաշիվներն իմանա՞լն է։

Կարանտինի ժամանակ նորմալ երկրներում չեն հաշվում կոպեկներդ, դասդասում չեն անում,  մարդկանց առաջին փուլում՝ առանց կոպեկները հաշվելու, բոլորին հավասար օգնում են։ Կարանտին է, դա փարոս ծրագիր չի, արագ օգնություն է պետք։ Ամիսներ են անցել, մարդիկ դեռ երկու կոպեկի են «աչք գցած սպասում»։ Դրանք նրանց վճարած հարկերն են,  դրանք հո միայն պարգևատրությունների համա՞ր չեն նախատեսված։ Բա մի անգամ էլ, որ այդպես վատ վիճակում ապրողների «ղադրը իմանում եք», պարգևավճարներից կտրեիք, ասեիք՝ մարդիկ քաղցած են, իսկ դուք միլիոններ եք ստանում․․․ Թե՞ այդ նախարարությունների նախարարները շուտով հրաժարական են գրելու  ու պետք է, որ մի ավելորդ անգամ շոշափվի նրանց անունը։ Իշխանության գործելակերպն է ստիպում այդպես մտածել։ Ինչպե՞ ս կարող էր գումարը տրամադրվել առանց իշխանության գիտության։ Իսկ եթե կպնդեն, որ այդպես է, ուրեմն վիճակը ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք։