Ադրբեջանն օգնությու՞ն է խնդրում

Ադրբեջանն օգնությու՞ն է խնդրում

Այսպես կոչված «սեւ հունվարի» 30-րդ տարելիցի հիշատակման շատ համեստ արարողությանը ֆորմալ մասնակցությունից անմիջապես հետո Իլհամ Ալիեւը մեկնել է Դավոս: Նրա հանդիպումների մասին առայժմ տեղեկատվություն չկա: Փոխարենը հաղորդագրություն է տարածվել, որ նույն օրը նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին: Տպավորություն է, որ Հաջիեւը Հյուսիս-ատլանտյան դաշինքի կենտրոնակայան է մեկնել որպես Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց: Այլապես նման մակարդակի ընդունելության չէր արժանանա: Ադրբեջանը հայտնվել է չափազանց բարդ իրավիճակում: Բաքուն ֆորմալ առումով անվտանգության որեւէ համակարգի մաս չի կազմում եւ միայն Թուրքիայի հետ ունի ռազմական փոխօգնության պայմանագիր: Մինչդեռ Մերձավոր Արեւելքում լարվածությունն աճում է:

Չնայած գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ռազմական ուղղակի առճակատում տեղի չունեցավ, իրեն հարգող ոչ մի փորձագետ թույլ չի տալիս միանշանակորեն բացառել խուլ հակամարտության թեժացման հավանականությունը: Իրանի տարածքում ռազմական որեւէ գործողություն, ինչպես նաեւ ներքին բախում անկասկած արձագանքվելու են առաջին հերթին Ադրբեջանում: Իրանում միլիոնավոր էթնիկ թուրքեր են ապրում, որ, ամենայն հավանականությամբ, իրավիճակի սրացման դեպքում որպես փախստական շարժվելու են դեպի Ադրբեջան: Առկա է եւս մեկ, ոչ պակաս լուրջ մարտահրավեր:

Վերջին օրերին ռուսաստանցի որոշ քաղաքական գործիչներ եւ մեկնաբաններ արծարծում են Արաքս գետով պատմական սահմանի վերականգնման հրամայականի թեման: Ոչ մի գաղափար հենց այնպես, առանց «տնային նախապատրաստության»՝ մամուլի սեփականություն չի դառնում: Միանգամայն տրամաբանական է, որ եթե Իրանի դեմ նույնիսկ թիրախային հարվածներ սկսվեն կամ ներքին խռովություններ սադրվեն, Ռուսաստանը դիմելու է վճռական քայլերի, որպեսզի իրեն ապահովագրի իսլամական արմատականության ներթափանցումից: Այս դեպքում Ադրբեջանը հարկադրված կլինի կամ ընդունել արաքսամերձ տարածքներում ռուսական ռազմահենակայաններ ստեղծելու տարբերակը կամ Ռուսաստանը կգնա ոչ ստանդարտ քայլերի: ՆԱՏՕ-ի կենտրոնակայան գործուղելով հատուկ բանագնացի՝ Ալիեւը տրամադրություննե՞ր է շոշափում, որեւէ տարբերա՞կ է առաջարկում, թե պարզապես օգնությու՞ն է խնդրում:

Ռուս-ադրբեջանական հարաբերություններում պաուզան տեսանելի է նույնիսկ անզեն աչքով: Դրան հետեւելու է սկզբունքային ճեղքու՞մ: ՆԱՏՕ-ն Ալիեւին կհուշի հարցերը կարգավորել Մոսկվայի հե՞տ: Վերջին շրջանում նկատելիորեն իներտ են նաեւ Բաքու-Անկարա շփումները: Թուրքիան կրտսեր եղբորը հանձնում է Ռուսաստանի հովանավորությա՞նը: Որեւէ կապ կա՞ այս իրավիճակի եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ձգձգման միջեւ: