Արայիկ Հարությունյանը գնաց

Արայիկ Հարությունյանը գնաց

Սենսացիա՞… Ոչ, ոչ մի սենսացիա, օվացիաներ էլ պետք չեն: Պարզապես եղավ այն, ինչ պետք է լիներ: Կասեք՝ բայց Արայիկ Հարությունյանը դեռ չի գնացել: Փաստացի՝ այո, նա դեռ նստած է ԿԳՄՍ նախարարությունում որպես ռեկվիզիտ: Բայց նա այլեւս այս ոլորտների նախարարը չէ: Ով լսել է կառավարությունում Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրինագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի խոսքը, կհաստատի դա: Իսկ Փաշինյանն ասել է, որ ԿԳՄՍ ոլորտներում կառավարությունը գնալու է վճռական, սկզբունքային եւ հետեւողական փոփոխությունների: Համադրելով վերջին 20 օրերի իրադարձություններն ու Փաշինյանի հայտարարությունը, գալիս եմ այն եզրակացության, որ նման փոփոխություններ տեղի կունենան կա՛մ այդ ոլորտները տարանջատելու եւ կա՛մ մի այնպիսի նախարար նշանակելու դեպքում, որն ի զորու կլինի համակարգել դրանք այնպես, որ կրթությունը չապստամբի գիտության, մշակույթը՝ սպորտի դեմ: Թե՛ առաջին եւ թե՛ երկրորդ տարբերակում, ինչպես տեսնում եք, Արայիկ Հարությունյանը չի քննարկվում:

Եթե նկատեցիք՝ Փաշինյանը խոսում էր որոշակի անկյան տակ դեպի Արայիկ Հարությունյանը թեքված: Որպես նախկին մարզիկ՝ ասեմ, որ այդ դիրքը շատ հարմար էր Արայիկ Հարությունյանի աչքի տակ մի գեղեցիկ «ֆանառ» ի հայտ բերելու համար եւ նշանակում էր, որ վարչապետն իր պահանջները ներկայացնում է առաջին հերթին ԿԳՄՍ նախարարին, որ համատեղության կարգով նաեւ այս ողջ իրարանցման գլխավոր հակահերոսն է: Ի՞նչ էր պահանջում Փաշինյանը նրանից: Մի հասարակ եւ հասկանալի բան՝ նախաձեռնել «շատ շահագրգիռ, պրոֆեսիոնալ» քննարկում եւ լսել բոլոր կարծիքները: Իր բազմաթիվ տեղակալների ու վարչության պետերի միջոցով որեւէ բան նախաձեռնել Արայիկ Հարությունյանը գուցեեւ կկարողանա, բայց ես խիստ կասկածում եմ, որ նա սեփական կամքով կմասնակցի այդ «շահագրգիռ» եւ մանավանդ «պրոֆեսիոնալ» քննարկումներին: Տառապանքս փորձ ունի: Քանի՞ անգամ են Արայիկ Հարությունյանին կրթության եւ գիտության խնդիրների շուրջ բանավեճի հրավիրել: Երբեւէ ընդունե՞լ է հրավերը: Ոչ: Այս մասին, անշուշտ, գիտեր նաեւ Նիկոլ Փաշինյանը, եւ չենք կարծում, որ նա պատահաբար այդպիսի անլուծելի խնդիր դրեց նախարարի առջեւ:

Արայիկ Հարությունյանը կառավարությունում բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրինագծի քննարկումից դուրս է եկել ակնհայտ վատ տրամադրությամբ: Այդ օրն առաջին անգամ Փաշինյանը կրծքով չէր պաշտպանել նրան ու նրա ներկայացրած ազգակործան օրինագիծը: Արայիկ Հարությունյանը հասկացել էր, որ դա վերջն է, քանի որ հաշված օրեր առաջ Փաշինյանը ոչ թե կառավարությունում, այլ նստացույցի մասնակիցների մեջ, հրմշտոցի պայմաններում, տղամարդավարի կանգնել ու պաշտպանել էր «Մել» ֆիլմի ֆինանսավորման մտահղացումը՝ նշելով, որ ՀՀ-ն ֆինանսավորել է ֆիլմի միայն «չեմպիոնական» մասը, իսկ Արայիկ Հարությունյանի քայլերի պատասխանատուն էլ կառավարությունն է: Եվ, ուրեմն, ի՞նչ էր տեղի ունեցել, որ կառավարությունում արդեն Փաշինյանը Հարությունյանին հրահանգում էր գնալ երկխոսության, քննարկումների եւ այլն: «Եթե մենք տեսնենք, որ երկխոսության պատրաստակամությունն օգտագործվում է պրոցեսները կանգնեցնելու համար, ապա ուզում եմ բոլորս արձանագրենք, որ դա ուղղակի չի լինելու»,- հավելել էր Փաշինյանը: Ավելի «դուզ» ասելն ուղղակի անհարմար կլիներ եւ նույնիսկ վիրավորական ԿԳՄՍ նախարարի համար, քանզի ասվածից կարելի էր եզրակացնել, որ նախարարն ինքնագլուխ կերպով իր քայլերի եւ ծրագրերի դեմ սկսված պայքարն ի սկզբանե շտապել էր տանել բոլորովին այլ դաշտ՝ պայքարողներին մեղադրելով բարեփոխումներին ընդդիմանալու, աշխարհի առաջավոր փորձը չընդունելու, հետամնացություն քարոզելու, կոռումպացված լինելու, քաղաքական որոշ շրջանակների շահերին ծառայելու եւ այլ բաների մեջ: Արայիկ Հարությունյանի այդ «զեղծարարությունը» բացահայտվեց շատ արագ, երբ ՀՅԴ երիտասարդների սկսած պայքարին միացան ուսանողները, դասախոսները, արվեստի եւ մշակույթի գործիչներ: Թիթեռի կյանք ունեցավ նաեւ Արայիկ Հարությունյանի՝ ներսի եւ դրսի դաշնակցականների մասին կեղծ սոփեստությունը, ՀՅԴ «դրսի» երիտասարդական կառույցները հայտարարություններ արեցին, որ բոլորն անխտիր պաշտպանում են ԿԳՄՍ նախարարի գործողությունների դեմ սկսված պայքարը եւ պահանջում նրա հրաժարականը: Ավելին, Փարիզում Արայիկ Հարությունյանն անձամբ զգաց, որ ինքն ուղղակի անցանկալի անձ է տեղի հայության համար:

Մի խոսքով՝ Արայիկ Հարությունյանը կախվելու տեղ այլեւս չուներ, ինչը պարզորոշ երեւաց նրա եւ տարբեր բուհերի դասախոսների, մասնագետների եւ ուսանողների հանդիպմանը, որը հետեւեց կառավարությունում տեղի ունեցած վերոնշյալ քննարկմանը: Ավելորդ է, կարծում եմ, խոսել Արայիկ Հարությունյանի պահվածքի մասին, որ նա դրսեւորեց կրթության եւ գիտության մարդկանց ու նրանց ուսանողների ներկայությամբ: Ի՞նչ էր անում Արայիկ Հարությունյանը, վրե՞ժ էր լուծում Նիկոլ Փաշինյանից իր նախաձեռնություններն այլեւս բացահայտ չպաշտպանելու եւ խնդիրը քննարկումների փուլ ուղարկելու համար: Չի բացառվում, իհարկե, որ ԿԳՄՍ նախարարը որոշ օբյեկտիվ պատճառներով տակավին չի ընկալում պահի լրջությունը, բայց նույնիսկ այդ հանգամանքը չի արդարացնում նրա ֆեոդալական պահվածքը, ենթակաների հետ բարձունքից խոսելու, ահ տալու, շանտաժի ենթարկելու «մաներան»: Կարելի է մտածել՝ ինքը հրեշտակ է, ոտքերն էլ ամպոտ են, երբ հոխորտում է, թե քրեական գործեր կհարուցի նախկինում եղած խախտումների կապակցությամբ: Իսկ ի՞նչ է անելու Արայիկ Հարությունյանը, եթե դատարանում հանկարծ պարզվի, որ իր պաշտոնավարման շրջանում փողատեր ծնողները լավ էլ կաշառք են տվել իրենց երեխաներին անվճար ուսուցման համակարգում ընդգրկելու համար, կամ խոսք բացվի այն մասին, թե հետհեղափոխական Հայաստանում ինչպես են «լավ հայրիկների» զավակները գիտնականներ դառնում եւ հաջողությամբ խուսափում ՀՀ զինված ուժերում ծառայելուց: Սուրը, ինչպես ասում են, երկու սայր ունի, եւ այն ճոճելու համար որոշ հմտություններ են պետք:

Իսկ հիմա՝ բուն խնդրի մասին: Գաղտնիք չէ, որ ակադեմիական մակարդակով Արայիկ Հարությունյանին ասվել է, որ նրա նախաձեռնություններն ուղղված են հայագիտական բլոկի դեմ, եւ, մեղմ ասած, դրա մեջ կա հստակ միտում՝ քանդել գոյություն ունեցող կրթական համակարգը, որն ինքնըստինքյան կբերի նաեւ ազգային արժեհամակարգի փլուզման: Ակնհայտ է, որ այդ միտումը Հայաստան է թափանցել, այսպես կոչված, թավշյա ոչ բռնի ժողովրդական հեղափոխության հետ, եւ այնպես է ստացվել, որ հենց Արայիկ Հարությունյանն է հայտնվել այն իրականացնելու գործի գլխին: Հանրությունը, սակայն, չի ընդունում, դա համարում է այլասերում՝ ազգային արժեքների ոտնահարման գնով: Իսկ ինչ վերաբերում է առաջադիմությանը, որ ներկայացվում է որպես փաստարկ, ապա Հայաստանում հազիվ թե գտնվի մեկ մարդ, որ դեմ լինի դրան: Բայց չկա ամենակարեւոր հարցի պատասխանը՝ մեզ, ինչ է, առաջադիմել խանգարում են մեր լեզուն, կրոնն ու պատմությո՞ւնը: Սխալ չկա՞, արդյոք:

Եվ ավարտեմ կոչով՝ կեցցե այն Հայաստանը, որի ԿԳՄՍ նախարարն օտարամոլ չէ եւ հասկանում է, թե ինչ է նշանակում «կրթության շարունակականություն» ասվածը: