Գեորգիի ասածը օդից վերցրած չէր. նա իր վրա էր վերցնում բարձրաձայնելու պատասխանատվությունը

Գեորգիի ասածը օդից վերցրած չէր. նա իր վրա էր վերցնում բարձրաձայնելու պատասխանատվությունը

Իմ և պրն Վանյանի հարաբերությունը սկսվել է աշխատանքայինից։ Աշխատանքային հարաբերություններից սկսվեց, որովհետև ես մասնակցում էի Գեորգի Վանյանի խաղարար նախաձեռնություններին։ Որպես լրագրող, կարելի է ասել, դա իմ թեման է։ Մի քանի անգամ որպես խոսնակ էլ եմ եղել։ Գորգի Վանյանի հետ շփումը շատ կենդանի է եղել, ամեն ինչը տեղը՝ վեճից սկած։ Մենք վիճվում էինք հաճախ։ Այս մասին Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, հրապարակոս, հասարակական գործիչ Գեորգի Վանյանի հոգեհանգստի արարողության ժամանակ «Հրապարակի» հետ զրույցում ասաց epress.am կայքի խմբագիր Յուրի Մանվելյանը։

«Այն օրակարգը, որը Վանյանն էր բերում, այսօր նույնպես շատ մասնակիցներ չունի։ Հրապարակավ այդ օրակարգը շատ քիչ է հնչեցվում ու պիտի նշեմ, որ Գեորգիի առաջ քաշած թեզերը ամենևին ինչ-որ ունիկալ կամ, ասենք, օդից վերցրած բաներ չէին։ Այն, ինչ նա ասում էր, սովորաբար դրա մասին մարդիկ խոսում էին խոհանոցներում։ Այսինքն՝ միշտ էլ խոսել են, բայց դրա մասին չեն բարձրաձայնել։ Պարբերաբար ինքը հենց այդ խողովակն էր լինում, ինչու ոչ իր վրա էր վերցնում նաև այդ ամենը բարձրաձայնելու պատասխանատվությունը։ Նրա գաղափարներն ու մտքերը շատ պարզ ու մատչելի էին, բայց մյուս կողմից էլ կար հալածանքը։ Դրանք իհարկե փոքր խմբերի կողմից ուղղորդված հալածանքներ են եղել։ Նա, կարելի է ասել, տարբեր խմբերի թիրախում էր գտնվում։ Նրան միշտ ուզեցել են հանրային դաշտից հեռացնել։ Խոսակցություններ են գնում, որ նա փախուստի էր դիմել՝ լքելով Հայաստանը, բայց ոչ, դա այդպես չէ։ Նա վերջին տարիներին ապրել է Տավուշի մարզում՝ դրանով ավելի է մոտեցել Հայաստանին։ Նա տաքսի էր վարում դեպի Վրաստան ու պիտի նշեմ, որ անգամ այդ դեպքում, դրա եկամտի մի մասը էլի գնացել է ինչ-որ խաղարար նախաձեռնությունների։ Այն, ինչ ինքը ասում էր, այդ պահին իրոք դա առաջնային էր»,- ասաց Մանվելյանը։

Հիշեցնենք՝ Վանյանը 58 տարեկան էր։ Հոկտեմբերի 9-ին՝ քովիդ-ախտորոշմամբ, նա հոսպիտալացվել էր Թբիլիսիի հիվանդանոց։ Գրեթե անմիջապես՝ հայտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Վանյանը վերջին տարիներին ապրում էր Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Ծաղկավան գյուղում, Թբիլիսի էր գնացել մի քանի օրով։ Գեորգի Վանյանը ծվել է 1963 թվականին՝ Ադրբեջանի ԽՍՀ-ի Շահումյանի շրջանի Քարաչինար գյուղում։ 1991-ին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ Մինչև 1994 թվականը՝ թատրոնի և կինոյի դերասան, 1992-1994՝ «ԱՐ» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, 1993-1997՝ «Արար» ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր։ 1997-ից մինչև 2005՝ Երևանի №61 դպրոցի տնօրեն։ 1989 թվականից մինչև 2004-ը զբաղվել է անապաստան երեխաների, փախստականների և սահմանափակ հնարավորություններով երեխաների խնդիրներով։ 2002 թվականին հիմնել է «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը»։

2011-ին՝ ադրբեջանցի, հայաստանցի և վրացի ակտիվիստների հետ միասին, նախաձեռնել է «Թեքալիի գործընթացը»՝ խաղաղարար նախաձեռնություն վրացական համանուն գյուղում, որը գտնվում է երեք հարավկովկասյան երկրների սահմանին։ Թեքալիում հասարակական ուղիղ բանակցությունների համար պարբերաբար հավաքվում էին Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ գյուղերի բնակիչները, քաղաքական և հանրային գործիչներ։ Ադրբեջանական ֆիլմերի փառատոնին հաջորդած ազգայնական արշավից հետո ստիպված փակել է Կենտրոնը և լքել Երևանը՝ տեղափոխվելով Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Ծաղկավան գյուղ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից երկու շաբաթ առաջ Վանյանը ադրբեջանցի գործընկերոջ՝ Զարդուշտ Ալիզադեի հետ, հրապարակել է «Ընկերների հայտարարությունը», որում խոսվում էր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վտանգի և խաղաղարար գործողությունների դեմոնիզացման մասին։ Պատերազմի օրերին և հետպատերազմական շրջանում հրապարակավ հանդես է եկել ուղիղ՝ չմիջնորդավորված բանակցություններ անհապաղ սկսելու, սահմանները Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների ազատ տեղաշարժի համար բացելու օգտին։ Գրեթե մշտապես թիրախավորված էր պատերազմի քաղաքականությունը և հաշտության առկախումը խիստ քննադատելու համար։