Գավառի դեպքերը սկսվել են մեկ ամիս առաջ՝ ջահելների դանակահարությունից

Գավառի դեպքերը սկսվել են մեկ ամիս առաջ՝ ջահելների դանակահարությունից

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի մայիսի 2-ի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Գեւորգ Հակոբյանը: Թեեւ ոստիկանությունում այս ազատումն ուղղակիորեն չեն կապում ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած դեպքերի հետ, կապն ակնհայտ է: Այդ օրը, ժամը 17։00-ի սահմաններում Գավառի ու Նորատուսի բնակիչներից կազմված երկու խումբ հարձակվեցին իրար վրա՝ զենքով, կրակոցներ արձակվեցին, սպանվեցին զինվորական քննիչ Զոհրաբ Պարոնիկյանը եւ Նորատուսի բնակիչ Վահե Ավետիսյանը: Իսկ մի քանի ժամից վերջիններիս հարազատները ներխուժեցին երկու շարք ոստիկանների հսկողության տակ գտնվող հիվանդանոց ու կտրեցին այնտեղ տեղափոխված երկու տղամարդկանց պարանոցը: Ոստիկանների վախվորած պահվածքը քննարկումների առարկա է մինչ օրս: Սպասելի էր, որ այս դեպքից հետո համակարգում «գլուխներ են թռչելու»: 

Սակայն ոչ միայն հիվանդանոց ներխուժելու փաստն է քննարկման առարկա դարձել Գեղարքունիքի մարզային վարչության պետ Գեւորգ Հակոբյանի աշխատանքից ազատման հարցում: Արդեն գրվել է, որ ապրիլի 28-ի դեպքերը հետեւանք էին մոտ մեկ ամիս առաջ Գավառի գիշերային ակումբում տեղի ունեցած միջադեպի: Գավառցի ու նորատուսցի ջահելներն այդ օրը վիճել էին, գավառցիները թքել էին նորատուսցիների երեսին, նրանք էլ պահանջել էին մաքրել, ու կռիվ էր եղել: ԶԼՄ-ներն այս կապակցությամբ նույնիսկ մի կաթիլ մեղրի պատմությունը հիշեցին: Պարզվում է, այդ օրը ոչ միայն «ներակումբային» վիճաբանություն է եղել, որը հետագայում բերեց ապրիլի 28-ի մսաղացին, այլեւ դանակահարություն, որն իրավապահ մարմինները փորձել են կոծկել: 

«Ջահելներն իրար հագել են, գիշերային ակումբից դուրս են եկել, իրար ծակել են: Հետո կողմերի միջեւ սկսվել է բանակցությունների փուլը: Եթե այդ օրը ոստիկանությունը դանակահարության դեպքը գրանցեր, հետագա զարգացումները չէին լինի»,- հաղորդեց իրավապահներին մոտ մեր աղբյուրը: Սա նշանակում է, որ ապրիլի 28-ի դեպքերը պլանավորված են եղել, ոստիկանությունն ունեցել է գործող անձանց հետեւելու եւ Գավառի ողբերգությունը կանխելու հնարավորություն, որը, սակայն, չի օգտագործել: Ճի՞շտ է արդյոք, որ մարտին գիշերային ակումբում տեղի է ունեցել քրեական միջադեպ, դանակահարություն, որը չի արձանագրվել՝ հետաքրքրվեցինք մենք: 
Ոստիկանության լրատվության վարչությունից մեզ պատասխանեցին. «Արձանագրված դանակահարության դեպք եղել է մարտ ամսին, որի քննությամբ պարզվել է, որ դրան նախորդել է գիշերային ակումբի վիճաբանություն: Նշված դեպքերով ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ, անձինք ենք բերման ենթարկվել, նաեւ հարուցվել է քրեական գործ, եւ գործն ուղարկվել նախաքննական մարմին»: Այդ օրվա հետ կապված՝ իրավապահները տեսանյութեր ունեն, որոնց մեջ պարզ երեւում են հիվանդանոց ներխուժած քաղաքացիների դեմքերը: Իրականում նրանք մոտ 5 տասնյակ են եղել, եւ լուրերը, թե 500 հոգի մարդ է մտել հիվանդանոց, որոնք դեպքից հետո տարածեցին հիվանդանոցի աշխատողներն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ըստ մեր աղբյուրի, իրականությանը չեն համապատասխանում: 
Նաեւ նկարահանված ժապավեններից մեկում երեւում է, թե ինչպես է վերեւի հարկից մի տղամարդ գոռում․ «Արդեն վիզը կտրել ենք, արյունը խմել, իջնե՞նք, պրոբլեմ կա՞»:

Միայն բժիշկների ջանքերի շնորհիվ է հաջողվել հարձակման ենթարկվածներին փրկել: Բժիշկները ճերմակ սավանով ծածկել են նրանց, տպավորություն ստեղծելով, թե արդեն մահացել են, ու դրանից հետո հարձակվողները հեռացել են հիվանդասենյակից՝ ավարտին չհասցնելով հանցագործությունը: Մինչդեռ պաշտոնական լրահոսում ներկայացվեց, թե, իբր, ոստիկանների գործողությունների արդյունքում է, որ հիվանդանոց ներխուժածներին չի հաջողվել ավարտել իրենց սեւ գործը: 
Ինչպես հայտնի է, քրեական գործ է հարուցվել՝ սպանության, սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերքի, գույքը դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու եւ զանգվածային անկարգությունների փաստերի առթիվ: 15 անձի առաջադրվել է մեղադրանք, 13-ը կալանավորվել են: