Եթե թվանշանը հանենք, բայց կրթությունը մնա նույնը, վիճակն ավելի կվատանա

Եթե թվանշանը հանենք, բայց կրթությունը մնա նույնը, վիճակն ավելի կվատանա

Հարցազրույց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ

- Պարոն Խաչատրյան, քանի որ ուսումնական տարին մոտենում է ավարտին, արդեն կարող ենք որոշակի եզրահանգումներ անել: Այս 2 ամիսների ընթացքում հեռավար կրթությունն ի՞նչ խնդիրներ ի հայտ բերեց կրթական համակարգում` թե՛ բովանդակային, թե՛ տեխնիկական առումով: Մասնագետների կարծիքով` հեռավար կրթությունը տեսանելի դարձրեց այն խնդիրները, որ ունեինք եւ առկա էին նաեւ փակ դասասենյակներում: Այդպե՞ս է: 

- Երբ մենք դեմառդեմ սկզբունքով դասեր էինք անում, իսկապես շատ խնդիրներ լավ չէին երեւում, թեեւ բոլորը գիտեին դրանց մասին: Տեսեք, հիմա շատ է խոսվում այդ 20 տոկոս աշակերտների մասին, ովքեր դուրս մնացին հեռավար կրթությունից, ես կարծում եմ, որ մինչեւ այս իրավիճակը մենք այդ 20 տոկոսից շատ ավելի մեծ թիվ ենք ունեցել, ովքեր դպրոց են գնացել, բայց իրականում չեն սովորել: Օրինակ, նույն գնահատման հետ կապված՝ ասվում է․ եկեք հիմա չգնահատենք, որովհետեւ այն 20 տոկոսը դուրս է մնացել, բայց այդ 20 տոկոսի 90 տոկոսը նախկինում էլ էր դուրս մնացած: Պաշտոնական վիճակագրությունն ասում է, որ Հայաստանում տարեկան 250-300 երեխա կրթությունից դուրս է մնում, բայց հիմա մենք շատ ավելի մեծ թվեր տեսանք, եւ այդ թվերը ոչ միայն համակարգչի կամ ինտերնետի առկայությամբ են պայմանավորված (որովհետեւ կարող ենք ասել, որ համակարգիչ կամ ինտերնետ չունեն, դրա համար չեն մասնակցում), այլ նաեւ շատ դեպքերում ցանկություն էլ չկա մասնակցելու: Սա էլ պետք է հաշվի առնենք, որովհետեւ այս երեխաների զգալի հատվածն այն երեխաներն են, որոնք ո՛չ գիտելիքի համար են սովորում, ո՛չ էլ թվանշանի, եւ հիմա շատ լավ է, որ մենք այս երեխաներին տեսանք, որովհետեւ այդ երեխաներն այլ տերմինոլոգիայով, ցավոք, կոչվում են նաեւ «անտեսանելի երեխաներ»: Ավելին` ենթադրում եմ՝ եթե այդ երեխաների մի մասին հիմա համակարգիչ տանք, միեւնույն է՝ իրենք առանձնապես չեն ուզելու սովորել: Աշխարհի շատ երկրներում այդ երեխաներին վաղ տարիքից են աջակցում, որովհետեւ 5-րդ կամ 7-րդ դասարանում արդեն ուշ է նրանց աջակցելը: Լուծումներից մեկը դա կլինի` վաղ միջամտություն եւ աջակցություն: 

Մյուս խնդիրը, որ տեսանք այս շրջանում, այն էր, որ ուսուցիչների մեծ մասը պատրաստ չէր թվային գործիքներ օգտագործելուն, եւ այստեղ մեր կրթական համակարգը զարգացել էր, այսպես ասած, վայրիվերումներով: Մենք ունեցանք մի փուլ, երբ պետությունն անընդհատ կարեւորում էր ինֆորմատիկայի գծով վերապատրաստումները, մոտավորապես 15 տարի առաջ Համաշխարհային բանկի ծրագրով վերապատրաստումներ արվեցին, հետո ինչ-որ մի պահ նահանջեց, այնուհետեւ` Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ, նոր ծրագրեր եկան` «մեկ համակարգիչ` մեկ երեխա», երբ բոլոր առաջին դասարանցիներին պետք է անվճար համակարգիչներ տային, ոգեւորություն եղավ, Վայոց ձորում փորձարկվեց այդ ծրագիրը, բայց էլի անկում եղավ: Հայաստանի ամենամեծ թերությունն այն է, որ մենք ոչ մի բան մինչեւ վերջ առաջ չենք տարել: Գումար են տվել, ինչ-որ բան արվել է, ծրագիրը փակվել է, ու գործընթացը դադարել է, այդ համակարգային մոտեցումն է բացակայում: Եվ դրա արդյունքում պարզվեց, որ մեր ուսուցիչների մեծ մասն այս տարիների ընթացքում հիմնականում էլեկտրոնային մատյաններ է օգտագործել, եթերում պրեզենտացիաներ են արել, իսկ մնացած առումներով համակարգը, իհարկե, պատրաստ չէր:

- Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ էին էլեկտրոնային մատյաններում արտացոլված գնահատականները ստույգ, անաչառ եւ օբյեկտիվ: Ու քանի որ հիմա էլեկտրոնային մատյանները ԿՏԱԿ-ը փակել է ուսուցիչների առաջ, այդ քայլը դժգոհությունների տեղիք է տվել մանկավարժների շրջանում, որոնց կարծիքով, նախարարությունն այդպիսով իր անվստահությունն է ցուցադրում մանկավարժների հանդեպ․ գուցե կոռուպցիոն վտանգնե՞ր է տեսնում:

- Բոլորս էլ գիտենք, որ թվանշանն առանձնապես օբյեկտիվ պատկեր չի տալիս, եւ այդ խնդիրը վաղուց ունեցել ենք: Սովետական տարիներին էլ կար թվանշանի կռիվ, կեղծում, բայց վերջին տասնամյակներին թվանշանն արժեզրկվեց, դպրոցը թուլացավ, մինչդեռ խորհրդային տարիներին դպրոցը բավականին ուժեղ էր եւ դիմադրում էր տարբեր ճնշումների: Հիմա այդ դիմադրությունը չկա, եւ արդեն թվանշանն օգտագործվում է տարբեր նպատակների համար, երբեմն` խրախուսելու, երբեմն` պատժելու, երբեմն` ինչ-որ մեկի երեխային լավություն անելու, երբեմն` վատություն անելու ինչ-որ մեկի երեխային, որի հետ լավ հարաբերության մեջ չես: Այդպիսի դրսեւորումներ կան, բայց խնդիրն այն է, որ դա մինչեւ հիմա էլ կար, ասել, որ մինչեւ մարտի 13-ը շատ լավ էր, եւ դրանից հետո ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ` սխալ է: Մինչեւ մարտի 13-ն էլ այդ նույն ուսուցիչներն էին, մինչեւ մարտի 13-ն իրենց վստահում էինք, մարտի 13-ից հետո` ո՞չ: Այդ ի՞նչ չափանիշ է: Ես համաձայն եմ, որ այստեղ վստահության խնդիր կա: Իսկ այն, որ թվանշանների հետ կապված բազմաթիվ կեղծիքներ ու չարաշահումներ կան, դա բոլորս գիտենք: Այս իրավիճակում հարցը դա չէ, այլ այն, որ ուսուցիչն աշակերտին պետք է թվանշան նշանակի, դա ուսուցչի գործառույթն է։ Ու եթե մենք ճանաչում ենք, որ ուսուցիչները ծրագիր են իրականացրել, եկեք այդ ծրագրի թվանշաններն էլ ճանաչենք: Եթե թույլ ենք տալիս, որ աշակերտը տեղափոխվի հաջորդ դասարան, եկեք թույլ տանք այդ թվանշաններն էլ, եթե անգամ ուսուցիչները որոշել էին լավություն անել եւ մի գնահատական ավել դնել: Ուսուցիչների այս խնդրի մեջ արդարացիություն կա, որովհետեւ նրանք ընդամենն ուզում են, որ ճանաչվի այն գործը, որն իրենցն է: Հասկանալի է նաեւ, որ այդտեղ օբյեկտիվության հարցեր կան` արտագրություն եւ այլն, ռիսկերը մեծանում են, բայց, հավատացեք, ուսուցիչները շատ լավ ճանաչում են իրենց աշակերտներին եւ գիտեն՝ ով ինչի է ընդունակ: Իսկ նրան, ում ուզում են լավություն անել՝ կեղծ թվանշաններ դնելով, դա մինչեւ մարտի 13-ն էլ է արվել, ի՞նչ է դա փոխում:

- Քանի որ խոսեցինք գնահատման համակարգից, եւ նախարարն էլ ասել էր, որ շուտով 1-4-րդ դասարանցիների գնահատումը կհանվի, ի՞նչ եք կարծում, ճիշտ չէ՞ր լինի, որ ընդհանրապես գնահատման մոդելը հանվեր բոլոր դասարաններից ու մեկ այլ արդյունավետ մեխանիզմ ներդրվեր, որն ուղղված կլիներ գիտելիքին, ոչ թե թվանշանին:

- Աշխարհի շատ երկրների կրտսեր դպրոցներում թվանշան չկա: Ես էլ եմ համաձայն, որ այդ ռեֆորմն արվի, բայց մենք մի հանգամանք պետք է հաշվի առնենք․ երբ դու գործող համակարգից ինչ-որ էլեմենտ հանում ես, առաջանում է որոշակի դատարկություն, որը պետք է լցնես: Պատկերացրեք մի մեքենա, որի անիվներից մեկը հանում ես, այդ հանված անիվի տեղը մի բան պետք է դնես, որ այն շարժվի: Հիմա, եթե դու թվանշանը հանում ես, որին ես կողմ եմ, դա պետք է լրացնես, օրինակ, հետաքրքրասիրությամբ: Այսինքն՝ դասերը պետք է դառնան հետաքրքիր, որովհետեւ, եթե դասը ձանձրալի է, թվանշան էլ չկա, երեխան կարող է հարցնել` ինչի՞ համար ենք գալիս դպրոց: Եթե նախարարությունը հանեց թվանշանը, պետք է փորձի 4-րդ դասարանների ուսուցիչներին դարձնել հետաքրքիր, դասագրքերը` գրավիչ, դասասենյակները` սիրուն, կահավորված, որպեսզի երեխան ասի, որ այս սենյակն ու այս գիրքն ինձ դուր են գալիս, այս ուսուցիչը շատ հետաքրքիր է: Իսկ եթե թվանշանը հանեցինք, բայց կրթությունը մնաց նույնը, ավելի կվատանա վիճակը, որովհետեւ մենք կկորցնենք նաեւ այն երեխաներին, ովքեր թվանշանի համար էին սովորում․ սա է խնդիրը: Կառավարումն ունի որոշակի տրամաբանություն, այդ տրամաբանության մեջ կա «Չեստերտոնի ցանկապատ» կետը։ Տրամաբանությունը սա է․ եթե ուզում ես որեւէ ցանկապատ քանդել, քեզ ասում են` դեռ մի քանդի, գնա մի քիչ մտածի, եթե գաս այն եզրակացությանը, որ այս ցանկապատն անիմաստ բան է, նոր կթողնենք, որ քանդես։ Այսինքն՝ մի բան որ ուզում ես քանդել, պետք է իդեա ունենաս, թե ինչով ես լրացնելու դրա տեղը: Տեսեք․ Կրթության ազգային ինստիտուտը փակվեց, ու հիմա մի տարի է՝ ոչ մի բան չկա դրա տեղը, ինչն այս օրերին մեզ շատ վնասեց, որովհետեւ ուսուցիչների վերապատրաստումներ, առարկայական խորհրդատվություններ ո՞վ պետք է անի:

- Ուսուցիչների կարծիքով, նախարարությունն աշակերտահաճո որոշումներ է կայացրել, քանի որ տարին փակվել է կիսամյակների արդյունքով, մինչեւ ամսի 13-ի գնահատականներով, ու հիմա իրենք ոչ մի գործիք չունեն աշակերտներին համակարգիչների առաջ պահելու համար: Այսինքն՝ այդ որոշումն ազդել է դասերին աշակերտների մասնակցության թվի վրա: 

- Այդպես էլ պետք է լիներ, մենք ունենք 4 կատեգորիայի աշակերտ, առաջինը գիտելիքի համար սովորողներն են, 2-րդը` գիտելիքի եւ թվանշանի համար սովորողները, 3-րդը` թվանշանի համար սովորողները, 4-րդն այն աշակերտներն են, որոնք սովորելը համարում են անիմաստ, եւ իրենց ո՛չ գիտելիքն է պետք, ո՛չ էլ թվանշանը: Առաջին եւ վերջին խումբը համեմատաբար քիչ է, բայց երբ դու թվանշանը հանում ես, այն երեխաները, որ թվանշանի համար էին սովորում, իրենք ընկնում են այն խմբի մեջ, որ ասում են` ինչների՞ս է պետք սովորելը: Նաեւ այն խումբը, որը ե՛ւ գիտելիքի համար էր սովորում, ե՛ւ թվանշանի, իրենց մոտիվացիան էլ է պակասում, բայց քանի որ գիտելիքն էլ է իրենց համար կարեւոր, շարունակում են կիսատ-պռատ մասնակցել։ Այսինքն՝ սա սպասելի էր: Հիմա, եթե մենք ասացինք, որ թվանշան չկա, այդ աշակերտները, որ թվանշանի համար էին սովորում, ասացին` վերջ, մեզ էլ ո՛չ կարող են պատժել, ոչ՛ դուրս թողնել: Դրա համար եմ ասում` մեր քայլերը պետք է շատ լավ հասկանանք եւ հաշվարկենք: Կարծում եմ` կրթության ոլորտում պետք է ոչ միայն դրսից հայացք նետել, այլ նաեւ՝ ներսից: Այսինքն, եթե այդ քայլն անես, ուսուցիչներն ու աշակերտներն ի՞նչ հակաքայլ կանեն: