Չգրանցված աշխատողների աջակցության օպտիմալ լուծում

 Չգրանցված աշխատողների աջակցության  օպտիմալ լուծում

 

Ստվերում աշխատող մարդիկ կան, ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Գրանցված չեն,- այդպես են ասում։   Բայց դա այդ ,,խեղճ ու կրակ,, աշխատողների մեղքը չէ։ Էդ ո՞ր մի աշխատողը չի ուզի, որ իր աշխատած հիմնարկում գրանցվի։ Ձայն հաներ, գործից կազատեին, այնքան կարիքավորներ կա՜ն։   Ստիպվա՛ծ են աշխատում, ուրիշ ելք չունեն։ Էժան աշխատուժ են՝ իրավունքից, ձայնից  զրկված։ Տուն, երեխա, ծնող են պահում։

Արտակարգ իրավիճակում նրանց պետականորեն ,, տիրություն չանելը՛՛ նշանակում է՝ նրանք այս երկրի քաղաքացի չհամարել։ Նշանակում է, որ պետությունը գործատուի նման է աշխատում, ինչքան կարելի է ,,էժան պրծնել,,։

Դժբախտության, մեծ աղետների ժամանակ ուղեղի հետ սիրտն էլ է սկսում հավասար աշխատել, ու սիրտն է ուղեղի շարժիչը հանդիսանում։ Մեր հարգարժան կառավարությունը  արտակարգ իրավիճակում բոլոր քաղաքացիների նկատմամբ ունի իրավական պարտավորություն, իսկ  սոցիալական խոցելի խմբերի նկատմամբ նաև խղճի պարտավորություն։ Առանց գրանցման աշխատողը հենց այդ խոցելի խմբերից   է, որը կարիքից դրդված համաձայնվել է աշխատել առանց գրանցման՝ «թև ու թիկունք չունենալով»։  

Ի՞նչ եմ առաջարկում։ Ոնց էլ մտածենք՝ պետությունը պարտավոր է ընդունել այդ մարդկանց գոյությունը։ Պարտավոր է այդ մարդկանց մասին հոգ տանել, աջակցել։ Կշռադատված  մոտեցման դեպքում կարող է վերջնական արդյունքում ,,շահած դուրս գալ,, ։

Չգրանցված աշխատողը հայտ է ներկայացնում, որ  ինքը աշխատել է այսինչ ձեռնարկությունում՝ չգրանցված։ Ու ստանում է արտակարգ իրավիճակում կառավարության կողմից իրեն հատկացված գումարի չափը, ասենք՝ 70 հազար դրամ։ Ստվերից դու՞րս եկավ։ Այս ծանր շրջանում, երբ մարդը ,,հացի փող չունի,, հազարավոր չգրանցված աշխատողներ կգան ու առանց ստուգումների կբացահայտեն, որ իրենք ստվերում են աշխատել։ Առանց աղմուկի։ Իսկ կառավարության նպատակը ո՞րն էր․ ստվերից հանել աշխատողներին , որ պետական հարկ մուծեն։ Կարանտինից հետո այդ հազարավոր աշխատողները կաշխատեն գրանցված, հարկ կմուծեն։ Այն դեպքում, երբ նրանց բացահայտելը դժվար էր։ Մնալու է պարզապես հետևել այդ աշխատողների հետագա կարգավիճակին՝ մի քանի առումով։ Դա հետո։ Անաղմուկ, «առանց ասֆալտին փռելու» կլուծվի այդ հարցը։