Համերգի հասույթը կուղղվի պատերազմի մասնակիցների կրթությանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Aznavour 100» բարեգործական համերգը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյանի մասնակցությամբ։
Համերգային ծրագրում, ֆրանսիացի տաղանդավոր արտիստ Ժյուլ Գրիսոնի կատարմամբ, կհնչեն մեծանուն երաժիշտ և բարերար Շառլ Ազնավուրի ամենահայտնի ու սիրված երգերը։ Երաժշտության գործիքավորումը մեծ սիմֆոնիկ նվագախմբի և մենակատարների համար իրականացվել է ճապոնացի վիրտուոզ երաժիշտ Նոբույուկի Նակաջիմայի կողմից, ով համերգի ընթացքում հանդես կգա նաև որպես դաշնակահար։ Նախագծի պրոդյուսերն է ճանաչված Ժիլ Մարսալան՝ հայտնի իր երաժշտաթատերական նախագծերով, որոնք նվիրված են համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետներին։
Համերգի ողջ հասույթը կուղղվի 2016 և 2020 թվականների պատերազմների և դրանց հաջորդած մարտական գործողությունների մասնակից ուսանողների կրթական վճարների ապահովմանը։ Սա «4090 Բարեգործական» հիմնադրամի ամենամյա նախաձեռնությունն է՝ աջակցելու շուրջ 120 ուսանողի։
Կարծիքներ