Ա՛յ հայրենավաճառներ

Ա՛յ հայրենավաճառներ

Լսել վիգենխաչատրյաններին ու վահագնալեքսանյաններին եւ շուրթերդ չպղծել հայհոյանքով՝ գրեթե անհնարին է։ Դրանց լսելիս ոչ միայն լեքսիկոնդ է փչանում, այլեւ սելի ու սելվորի պատմությունն ես հիշում։ Իսկ ամենից լավ դրանց հասցեին երեկ արտահայտվել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը․ ի պատասխան հայտնի ուսապարկի՝ լրագրողների հասցեին ասված «մարմնավաճառ» բառի, գրել էր․ «Մարմնավաճա՞ռ, ա՛յ հայրենավաճառ»։

Երեկվանից լրատվական դաշտը վրդովված է այս չպատգամավորների լեքսիկոնից եւ մի ամբողջ համքարությանն ուղղված վիրավորանքներից։ Ծրագրեր են մշակում՝ ինչպես վրեժ լուծել- պատժել, հիշում են, թե սրանք ով էին «մինչ հեղափոխությունը եւ հեղափոխությունից հետո», որտեղից են հայտնվել երկրի թիվ մեկ քաղաքական մարմնում։ Բայց խնդիրն այդ մեկ-երկուսը չեն․ երբ մի ողջ թիմ լռում է, երբ իշխանական ու իշխանամերձ դաշտից դատապարտումի խոսքեր չեն հնչում, պարզ է դառնում, որ սա այս առանձնյակների անդաստիարակության եւ լափառոշության հետեւանքը չէ միայն, այլ մանրակրկիտ մտածված քաղաքականություն՝ իրենց առաջնորդի եւ ողջ քաղաքական թիմի կողմից հետեւողականորեն իրականացվող։

Մինչդեռ այս թիմն էր, որ մինչեւ 2018-ի մայիսը երդվում էր լրագրողների արեւով, մի խմբագրությունից մյուսն էր վազում, ողջ օրը հարցազրույցներ տալիս ու հոդվածներ գրում, ընկերություն անում լրագրողների հետ, երազում մեզ հետ սուրճ խմել ու զրուցել, ամենակարեւորը՝ խրախուսում, որ գործող իշխանություններին «լավ քլնգենք»։ Ի՞նչ պատահեց 2018-ի մայիսից հետո։ Մենք, ինչպես մինչ 2018-ը, այնպես էլ 2018-ից հետո նույն գործն ենք անում՝ լուսաբանում ենք, քննադատում ենք, հետաքննում ենք, սուր հացադրումներ ենք անում։ Այդ իրենք են դարձել հարյուր տարվա բյուրոկրատներ ու մամուլի ոխերիմ թշնամիներ։