Ո՞վ է այն անձը, որ կապահովի մեր հաղթանակը

Ո՞վ է այն անձը, որ կապահովի մեր հաղթանակը

Շուրջ 25 տարի առաջ հայաստանյան մի շարք քաղաքական ուժեր՝ կոմունիստների գլխավորությամբ, նախաձեռնել էին ստորագրահավաք՝ Ռուսաստան-Բելառուս ձեւավորվող միությանը միանալու նպատակով: Միությունը կյանքի կոչվեց 1999 թվականին: Հայաստանում հավաքվել էր ավելի քան մեկ միլիոն ստորագրություն: Նույնիսկ Պարսկաստանում ծնված ու մանուկ հասակում Հայաստան արտագաղթած եւ ողջ կյանքը գյուղում ապրած զոքանչս էր ստորագրել: Ու ես, հայաստանյան ինքնիշխանության ջատագովս, զոքանչիս բարեկամաբար ձեռք էի առնում՝ «կարոտել ես, հա՞, որ ապրես ինչ-որ մեկի ձեռքի տակ, սկզբում՝ պարսիկների, հետո՝ ռուսների, հիմա էլ՝ ռուսա-բելառուսների»: Ինչեւէ, ինչ-ինչ պատճառներով ստորագրահավաքի գործընթացն արդյունք չտվեց, եւ նոր միության մեր կողմնակիցների ողջ աշխատանքն էլ ջուրն ընկավ:

Անցյալ տարվա խայտառակ պարտությունից հետո նշված միության ջատագովները մի թեթեւ ակտիվացել են, նույնիսկ մեկ-երկու միջոցառում կազմակերպեցին: Սակայն խոսքը ոչ թե այդ գործընթացը նախաձեռնողների մասին է, այլ՝ ժողովրդի, այն ժողովրդի, որին հաճախ է դիմում իր խոսքում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը: Ի դեպ, միավորման համաձայնություն տված ժողովուրդը կազմում էր հայաստանյան բոլոր ընտրողների ավելի քան 40-45 տոկոսը: Իսկ 20-րդ դարի 90-ականների կեսերին, երբ կազմակերպվում էր ստորագրահավաքը, պատերազմն ավարտվել էր մեր հաղթանակով, երկիրը դուրս էր եկել մթի ու ցրտի տարիներից, տնտեսությունը սկսել էր շնչել: Բայց քանի որ Հայաստանի հետ համեմատած Ռուսաստանի վիճակն ավելի բարենպաստ էր, դա բավարար էր, որպեսզի մեր համաքաղաքացիները ձգտեին դեպի Ռուսաստան: Մյուս կողմից էլ՝ դեռեւս շատ թարմ էր հիշողությունը խորհրդային բարեկեցիկ կյանքի վերաբերյալ, իսկ ՌԴ-ի հետ միավորվելը խորհրդանշում էր վերադարձ դեպի նախկին կյանք:

Եվ, բնականաբար, շատ արագ պետք է մոռացվեր, որ նույն մարդիկ ընդամենը մի քանի տարի առաջ «այո» էին ասել անկախության հանրաքվեին: Դա հենց այն առաջին ծիծեռնակն էր, որը մատնացույց արեց մեր ժողովրդի բավական ստվար հատվածի իրական վերաբերմունքը պետական ինքնիշխանության նկատմամբ: Այդպես էլ պետք է լիներ մի ժողովրդի դեպքում, որը մինչ այդ շուրջ 900 տարի եղել էր օտարների լծի տակ՝ դրանից առաջ կրկին այդ վիճակում լինելով կես հազարամյակ: Իսկ պետական մտածողությունը ձեւավորվում է այն ժողովուրդների կամ ազգերի շրջանակում, որոնք մի քանի հարյուրամյակ ունեցել են սեփական պետականություն՝ լիներ դա թագավորություն, թե հանրապետություն: Եվ բնական է, որ դաշնակցական Արամ Մանուկյանի շնորհիվ ձեռք բերված պետականությունը (երկու եւ կես տարի), իսկ հետո էլ խորհրդային կիսանկախ վիճակը բավարար չէին, որպեսզի պետականության մտածողություն սերմանվեր ազգաբնակչության շրջանում:

Այսօր էլ Փաշինյան Նիկոլը, դիմելով ժողովրդին, նկատի ունի ժողովրդի հենց այն զանգվածին, որը զուրկ է պետական մտածողությունից: Այն հատվածին, որի ուղեղը նախկինների վերադարձի «բոբոյով» շուրջ երեք տարի լվացել է հենց ինքը: Եվ հույս ունի, որ հենց այդ զանգվածի շնորհիվ ինքը կվերարտադրվի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Եթե նման հույս չունենար, ապա, բնականաբար, արդեն երրորդ անգամ կդրժեր ընտրություններ կազմակերպելու խոստումը:  

Իսկ մեր երկրի գրագետ հատվածը պահանջում է, որպեսզի ՀՀ քաղաքացիների մի ստվար հատված ցուցաբերի պետական մտածողություն, ինչը նշանակում է անհանգստանալ երկրի անվտանգության սպառնալիքների կապակցությամբ: Բայց եթե չկա պետական մտածողությունը կրող այդ ստվար հատվածը, իսկ մի լուրջ հատված էլ դուրս չի եկել հետպատերազմական շոկից, ապա չպետք է լինի նաեւ որեւէ անհանգստություն երկրի անվտանգության սպառնալիքների կապակցությամբ: Եվ որքան էլ տհաճ լինի ասվածը, դա պետք է գիտակցվի եւ ընդունվի, որպեսզի նշված սպառնալիքները հաղթահարելու քննարկումներն ընթանան իրականության շրջանակներում: Իսկ դա թույլ կտա նաեւ քննարկումների արդյունքում գտնել ճշգրիտ այն քայլերը, որ թույլ կտան մեզ դուրս գալ ավելի քան հինգ ամիս ձգվող հետպատերազմական այս իրավիճակից: Եվ միշտ պետք է հիշենք, որ եթե 100 տարի առաջ չլիներ Արամ Մանուկյանը, ապա դժվար է ասել, թե ինչպիսի ուղղվածություն կունենար հայ ժողովրդի հետագա ճակատագիրը: Մնում է, որ այսօր եւս հայտնվի այն անձը, որը հանձն կառնի հայաստանյան մտահոգ հատվածին դեպի հաղթանակ տանելու առաջնորդությունը: Հաղթանակ ներքին եւ արտաքին ուղղություններով:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ