Քրեական հետապնդման տակ գտնվող Դավիդյանը որևէ բան չունի ասելու նախարարության քայլերի վերաբերյալ

Քրեական հետապնդման տակ գտնվող Դավիդյանը որևէ բան չունի ասելու նախարարության քայլերի վերաբերյալ

2003 -2007 թթ. ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը որևէ բան չունի ասելու տարիներ շարունակ իր ղեկավարած Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի հետ կապված գործընթացների մասին։ Հիշեցնենք, սա հանրապետության միակ կենտրոնն է, որտեղ այրվածքների մասնագիտացված բուժում է կազմակերպվում։ Կենտրոնն այս պահին ավելի շատ կորոնավիրուսի բուժման հիվանդանոցի է վերածվել (թողնված է միայն այրվածքաբանական բաժանմունք)։ «Ես այնտեղ հիմա չեմ, հանել են ինձ գործից ու բացարձակ մեկնաբանություն չունեմ»,-ասաց պարոն Դավիդյանը։

Առողջապահության նախկին նախարարը՝ որպես առողջապահության նախկին կազմակերպիչ եւս հրաժարվեց իր կարծիքը ներկայացնել կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարության քայլերի վերաբերյալ։ «Որևէ բան ասել չեմ ուզում, իմ ասելով չէ։ Հիմա ամենակարևորը՝ կարողանանք այս վիճակից դուրս գանք»։ Դավիդյանը միայն ասաց, որ ընդհանուր վիճակը բարդ է, և որ սխալ էր կորոնավիրուսի վերահսկողությունը առողջության առաջնային օղակի՝ պոլիկլինիկաների վրա թողնելը։ Նա ասաց, որ զանգահարեմ մի քանի ամսից, ամեն ինչ մասին հանգամանորեն կխոսի։ Որևէ այլ հարցի  չցանկացավ պատասխանել։ Սակայն այս քչախոսության «պատճառը» թերեւս այն քրեական գործն է, որն ամիսներ առաջ հարուցվել է նախկին նախարարի նկատմամբ եւ այդ գործը կախված են պահել նրա գլխին՝ ոչ քննում-ավարտում են, ոչ կարճում են։

Հիշեցնենք, որ բժշկական գիտությունների դոկտոր, ՌԴ գիտությունների իսկական անդամ Նորայր Դավիդյանին մեղադրում են իր ղեկավարած կենտրոնում «միլիոնավոր դրամների չարաշահումների փաստի առթիվ հարուցված գործով»։ Ըստ մեղադրանքի՝ Դավիդյանը պետությանը պատճառել է էական՝ առանձնապես խոշոր չափի՝  154.775.080 ՀՀ դրամի վնաս: Դավիդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Մենք տեղեկացել էինք, որ քննիչը վերցրել է նրա անձնագիրը։ Նորայր Դավիդյանը հաստատեց, որ անձնագիրը քննիչը վերցրել է և ասաց, որ ինքը տարբեր խնդիրների համար օգտագործում է անձնագրի քսերոքսը։