Թրամփը Հռոմում է. Պապի հուղարկավորությունից զատ մտադիր է հանդիպել Զելենսկուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն ավելի վաղ կնոջ՝ Մելանիայի հետ, ժամանել էր Հռոմ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը մասնակցելու համար, մտադիր է հանդիպումներ ունենալ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնել է La Repubblica թերթը։
Զելենսկու մասնակցությունը միջոցառմանը հարցականի տակ էր, սակայն նրա անունը, ըստ հրատարակության, գտնվում է տարբեր երկրներից ժամանած պատվիրակությունների թարմացված ցուցակում, որը լրագրողներին տրամադրել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։ Թրամփի այցի պաշտոնական ծրագրի համաձայն՝ նա Հռոմից կմեկնի այսօր կեսօրին՝ Վատիկանում կայանալիք հուղարկավորության պատարագից անմիջապես հետո։ Նրա Հռոմում մնալը սահմանափակված է 15 ժամով, հաղորդում է La Repubblica-ն։ Թերթի տվյալներով՝ ենթադրվում է, որ Թրամփի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ի դեսպանի առանձնատանը, որտեղ էլ գտնվում է ԱՄՆ նախագահը։
Կարծիքներ