Փաշինյանի ներկայացուցիչը պահանջում է վերացնել հայցի ապահովման միջոցը

Փաշինյանի ներկայացուցիչը պահանջում է վերացնել հայցի ապահովման միջոցը

ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում այսօր պատասխանող կողմի ներկայացուցիչը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը վերացնել։

Ներկայացուցիչը որպես հիմնավորումներ նշեց, որ սահմանադիրը չի նախատեսել իրավունքի ուժով ընդունված ակտերի բեկանման հնարավորություն։ Վերջինս նշեց, որ թեև չեն բացառում աշխատանքային իրավունքների վերականգնումը, սահմանադրական այդ կարգավորումները չեն ենթադրում պաշտոնում վերականգնում։

Ըստ պատասխանողի՝ չեն կարող արձանագրել դատական ակտի կատարման անհնարինություն կամ դժվարություն, ինչը հայցի ապահովման հիմքն է։

Նա նաեւ նշեց, որ եթե այդ հայցը վարույթ չընդունվեր, ապա նաև այդ շրջանակներում հայցի ապահովման միջոց կիրառելու հարցը չէր քննարկվի. «Հայցի ապահովման կիրառմամբ խախտվել է հանրային և անձնական շահերի հավասարակշռությունը, որի արդյունքում հանրային շահը ստորադասվել է անձնական շահին»։

    Հայցվոր կողմի ներկայացուցիչ Արամ Օրբելյանն էլ արձանագրեց, որ հայցի ապահովման վերացման միջնորդության հիմքում որևէ նոր հանգամանք, նոր փաստ, նոր տեղեկություն, որը դատարանին հայտնի չի եղել, չի դրվում։

Հիշեցնենք, որ դատարանը մարտի 17-ին բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը: