Հայաստանում արդեն աշխատում է իմունիզացված բարիերը

Հայաստանում արդեն աշխատում է իմունիզացված բարիերը

Հայաստանում հունիսի 25-ին գրանցվեց կորոնավիրուսով վարակվածության հերթական վատ ռեկորդը՝ 771 դեպք, նախօրեին մահացել է 12 մարդ։ Սա՝ այն դեպքում, երբ 330 միլիոն բնակչություն ունեցող ԱՄՆ-ում նույն օրվա դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի շուրջ 15000 նոր դեպք, , իսկ աշխարհի շատ երկրներում, ներառյալ Եվրոպայի կեսը, տևական ժամանակ է՝ նոր դեպքեր չեն արձանագրվում։ Ինչու՞ է, ուրեմն, Հայաստանում ամեն ինչ այսքան վատ։ Հարցն ուղղում ենք բժիշկ Հայկ Մանասյանին, որը մոտ 15 օր առաջ կանխատեսել էր, որ շուտով լինելու է կայունացում։

-Ինչո՞ւ Ձեր նշած կայունացումը չկա, փոխարենը նոր ռեկորդներ են սահմանվում՝ 771 դեպք։

-Դա ի՞նչ թիվ է։

-771 նոր Covid դրական ախտորոշված։

- Ձեզ ինչո՞վ է խանգարում վիրուսակիրը։

-Առողջապահական համակարգն արդեն շնչահեղձ է լինում։

-Շնչահեղձ է լինում հիվանդներից։ Ասածս այն է, որ պետք է նայել ոչ թե վիրուսակիրներին, այլ անձանց, ովքեր ունեն բժշկական օգնության կարիք։ Առաջինը եկեք իրարից տարբերենք անձանց, ովքեր հիվանդ են և ունեն բժշկական օգնության կարիք, և անձանց, ովքեր վիրուսակիր են և չունեն ոչ մի բժշկական օգնության կարիք։ Մենք հիմա նայենք, թե պարտադիր բուժման կարիք ստացողներն ինչ թիվ են կազմում մեր հանրապետությունում արդեն վերջին տասն օրը։ Նայում եմ՝ այսօր մոտ 10 600 հոգի մարդ են, երեկ եղել է տասը հազար 400, դրանից առաջ՝ 10360, դրանից առաջ՝ 10 հազար 980, ամսի 21-ին եղել է 10 հազար 800, ամսի 15-ին՝ 10 հազար 400։ Հունիսի 15-ից այս կողմ թիվը տատանվում է 10 հազար 500-ի շուրջ։ Դա  այն մարդկանց փաստացի թիվն է, ովքեր առողջապահական համակարգի համար պրոբլեմ են ներկայացնում՝ բուժման  կարիք ունեն։

-Ամեն դեպքում, ԱՄՆ-ում +15000 դեպք է, մեզ մոտ` 771։

-Դուք համեմատում եք համաճարակի տարբեր փուլերում գտնվող երկրնե՞րը։

-Մենք ԱՄՆ-ի հետ նույն փուլում էինք, ինչպես նաև` Ֆրանսիայի, Իտալիայի։

-Մենք ինչպե՞ս կարող ենք 250 միլիոնանոց երկրի հետ լինել նույն փուլում։

-Նկատի ունեմ, որ իրենց մոտ էլ սկսվեց այն նույն ժամանակ, ինչ-որ մեր։

-250 միլիոնանոց և 3 միլիոնանոց երկրները համաճարակի տարածման  առումով բոլորովին ուրիշ օրինաչափություններ ունեն, դրանց փուլայնությունները բոլորովին ուրիշ են։ ԱՄՆ-ում էսօր այդքան են, վաղը լրիվ ուրիշ պատկեր կարա լինի։

-Իսկ մենք, որ 3 միլիոն ենք, մեզ մոտ ուղղակի 3 միլիոն կարող է լինել ու վե՞րջ, էլ մարդ չի՞ լինի, որ վարակվի.․․

-Մեր մոտ ինչ եղավ, էդքանով բռնկումը լինելու է, դրսևորվելու է ու փակվի։ Տեսեք՝ Չինաստանում չկար, հետո էս վերջերս նորից հաղորդումներ եղան, որ նորից համաճարակը  վերսկսվում է։ Այսինքն՝ ոչ մի կերպ չի կարելի Հայաստանը համեմատել հսկա երկրների հետ։  Նրանց ո՛չ տակտիկան, ո՛չ մոտեցումները, ո՛չ փուլերը տարբեր են։ Հետո, որ ասում եք՝«3 միլիոնն էլ վարակվենք», պետք չէ, որ վարակվենք։ Ոչ մի համաճարակի ժամանակ պետք չէ, որ բնակչության 100 տոկոսը վարակվի։ Պետք է վարակվի և լավանա այնքան մարդ, որը բավարար է, որպեսզի համաճարակի բուռն տարածումը կասեցվի։ Իսկ Հայաստանում այդ թիվը, հիմնականում, ամենօրյա շարժի ու շփումների  մեջ գտնվող մարդկանցից է բաղկացած։ Եվ այս մարդկանց թիվը մի քանի հարյուր հազար մարդ է։

-Դուք և շատ բժիշկներ պնդում եք, որ վարակվելը վատ չէ, քանի որ այսկերպ ձևավորվում է հավաքական իմունիտետ։ Ձեր կարծիքով՝ այն ձևավորվե՞ց։

-Իմ կարծիքով՝ այդ հավաքական իմունիտետին շատ ժամանակ կա, բայց իմ կարծիքով՝ բոլոր նրանք, ովքեր խոսում են հավաքական իմունիտետից, միշտ մոռանում են, որ մինչև այդ գոյություն ունի իմունիզացված բարիեր։ Եթե  հավաքական իմունիտետը համաճարակի նկատմամբ վերջնական հաղթանակն է, ապա իմունիզացված բարիերն այն զենքն է, որով մենք ամեն օր ավելի ու ավելի ուժեղ ենք դառնում վարակի նկատմամբ։ Եվ դա է, որ մեր դիրքերն ուժեղացնում է դեպի վերջնական հաղթանակի՝ հավաքական իմունիտետի ճանապարհին։ Եվ եթե անգամ հավաքական իմունիտետի իդեալական մակարդակին չհասնենք, բայց սոցիալական դիստանցիայով, հիգիենային հետևելով և իմունիզացված բարիերով ունենանք լավ արդյունքներ, դա արդեն իսկ մեր համար գոհացուցիչ կլինի։

-Բայց լավ արդյու՞նք է 771-ը։

-Դա ի՞նչ թիվ է, որ․․․ ամեն մարզին՝ 70 մարդ։ Ամեն քաղաքի համար՝ 1 հոգի։ Եվ հիմա այս մարդիկ վարակում են ոչ ավել, քան իրենք են։ Իսկ առաջ վարակում էին 3 անգամ ավելի մարդ, քան իրենք։ Այսինքն՝ որ ասում եմ՝ համաճարակը կայունացել է։

-Առաջ 3 հոգու էին վարակում, հիմա՝ 1, ի՞նչ պատճառով, այդ բարիերի՞։

-Այո, այդ բարիերն արդեն աշխատում է։

-Այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում՝ Իտալիայի, Իսպանիայի հետ համավարակը «սկսեցինք» գրեթե միաժամանակ, բայց այնտեղ ավարտվել է, իսկ մեզ մոտ այդ թվերն են։

-Որովհետև ականջալուր եղան այն կոչերին, որ պետք է համաճարակը զսպել, պետք չի թույլ տալ, որ այն տարածվի, պետք է 100 տոկոսով սահմանափակումների գնալ՝ արմատախիլ անելու համար։ Սխալ տակտիկա էր, թեև մի խելացի մասնագետից չեմ լսել, որ այլ բան պահանջի։ Իսկ մնացածը բոլորը դա են ուզել․ ընդդիմություն, իշխանություն, պաշտոնական, ակադեմիական շրջանակներ, պրոֆեսորներ, համաճարակաբաններ։ Բոլորն անխտիր ուզեցել են, որ մենք գնանք տոտալ անջատման։ Գնացել ենք դրան ու բոլորը՝ մի մարդու պես, տեսել են, սխալվեցին։