Աշոտյանի վարորդի գործով նոր որոշում է ընդունվել

Աշոտյանի վարորդի գործով նոր որոշում է ընդունվել

2019 թվականի օգոստոսին ձերբակալվեց կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի վարորդ-օգնական Արամ Բարսեղյանը: ՀՔԾ-ն նրան մեղադրեց այն բանի համար, որ օգտագործելով իր ունեցած կապերն ու ծառայողական դիրքը՝ միաժամանակ երեք ուսումնական հաստատությունում ձեւակերպվել է որպես պահակ, բանվոր, վարորդ, բայց աշխատանքի չի գնացել եւ պետական բյուջեից մոտ 9 մլն դրամ է ստացել, «ինչով օժանդակել է պետական բյուջեից տրամադրված միջոցներից հիշյալ ՊՈԱԿ-ների ղեկավարների կողմից խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով գումարների վատնմանը»: 

Վարորդին մեղադրեցին խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով յուրացմանն օժանդակելու, փաստաթղթեր կեղծելու մեջ, էլի ինչ-ինչ դրվագներով: Նա մեղքն ընդունեց, նրան արագացված կարգով դատեցին եւ անցյալ տարվա հունվարին դատապարտեցին պայմանական ազատազրկման, ապա, կիրառելով համաներում, ազատեցին պատժի կրումից: Իսկ ուսումնական հաստատություններից միայն մեկի ղեկավարի՝ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Գեւորգյանի մասով գործը հասավ դատարան: Ինչո՞ւ, բա մյուսնե՞րը: «Այդ գործով ունեինք նաեւ մահացած անձ, վաղեմության ժամկետի հիմքով քրեական հետապնդումների դադարեցում: Այսինքն, եթե նույնիսկ եղել են կարճումներ, ապա ոչ արդարացնող հիմքով»,- մեր հարցին պատասխանում են դատախազությունից:

ՊՈԱԿ տնօրեն Գ. Գեւորգյանին դատարանը որոշեց տուգանել 700 հազար ՀՀ դրամի չափով, ապա, կիրառվելով համաներում, նրան էլ ազատեցին պատժից: Եվ ահա՝ Գլխավոր դատախազությունն անարդարություն է նշմարել դատարանի գործողություններում եւ վերաքննիչ է դիմել՝ պահանջելով, որ տուգանքի հետ միաժամանակ լրացուցիչ պատիժ էլ կիրառվի՝ «որոշակի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը»:

Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը՝ հիմնավորելով, որ նման լրացուցիչ պատիժ կարող է նշանակվել միայն այն դեպքում, երբ հիմնական պատիժ է նշանակվում ազատազրկումը: Բայց դատախազությունը շարունակել է կոռուպցիայի դեմ «անզիջում պայքարը», դիմել է վճռաբեկ դատարան ու հաղթել: «ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է նախադեպային եւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի տեսանկյունից կարեւոր որոշում: Ըստ վճռաբեկի... որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելն ունի կանխարգելիչ նշանակություն: Իսկ այդ լրացուցիչ պատժատեսակի իրավական կարգավորումներից ակնհայտ է, որ այն կարող է նշանակվել ինչպես ազատությունից զրկելու հետ կապված, այնպես էլ զրկելու հետ չկապված պատիժների հետ զուգակցված»,- հպարտորեն հաղորդում է դատախազությունը։

Գործն ուղարկվեց նոր քննության: Փաստորեն, քոլեջի տնօրենը ոչ միայն կտուգանվի, այլեւ հետագայում որոշ ժամանակ չի կարողանա նման պաշտոն զբաղեցնել: Ահա, այսպիսի լուրջ պայքար է ընթանում վարորդների կոռուպցիայի դեմ Հայաստանի Հանրապետությունում: Մի վարորդ էլ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի նախկին տեղակալ Լոռեցյանի գործով է ներգրավված: Այս գործը, սակայն, վերջին տարում լուրջ տրանսֆորմացիաների է ենթարկվել: Սկզբում Լոռեցյանի մեղադրանքի ծավալը կրճատվեց: Դրանից հանեցին պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, եւ մնաց միայն կաշառքը: Հետո էլ պարզվեց, որ ոչ թե կաշառքի խոստում է եղել՝ 13,5 մլն դրամի, այլ ընդամենը 2 մլն դրամի կաշառք, որը Լոռեցյանին փոխանցվել է նրա վարորդի միջոցով: Իսկ ծառայությունը պետք է լիներ նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մրցույթներում գործարար Քանանյանին աջակցություն ցուցաբերելը: Այս գործով դատաքննությունը դեռ ընթանում է, բայց նոր իշխանությունների ներկայացուցչին մեղմորեն դուրս են բերում գործից: