Արգիշտի Քյարամյան, Աննա Վարդապետյան, ցանկացած վեճ խուլիգանություն չէ

Արգիշտի Քյարամյան, Աննա Վարդապետյան, ցանկացած վեճ խուլիգանություն չէ

Քննչական կոմիտեն արդեն բացահայտորեն ստանձնել է ՔՊ-ի շահերի ներկայացուցչի դերը, Արգիշտի Քյարամյանը դարձել է Նիկոլ Փաշինյանի անձնական աշխատողը, իսկ քննիչ-դատախազները դադարել են օրենքին ծառայել։ Ծառայում են ՔՊ-ին, բայց գոնե դա անելիս մի քիչ պահեն օրենքի տառը, չմոռանան իրավաբանության եւ տարրական պարկեշտության մասին, մի քիչ ջանք դնեն, որ այդքան «չզռան» իրենց ծառայամտությունն ու ստրկությունը։
Նույնիսկ իրավաբանի կրթություն չունեցող մարդուն հասկանալի է, որ ցանկացած վեճ չի կարող խուլիգանություն համարվել, խուլիգանությունը հանրային բնույթի հանցանք է եւ պետք է պարտադիր «հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք» պարունակի, որը չի նշանակում մեկ անձի կամ ՔՊ-ի հանդեպ, այլ հանրության` որպես ամբողջական միավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Վճռաբեկ դատարանը, օրինակ, խուլիգանության հանցակազմի վերաբերյալ նշում է, որ արարքը չի կարող որակվել խուլիգանություն, եթե «տվյալ արարքի արդյունքում հասարակությանը լուրջ անհանգստություն չի պատճառվում»:

Մինչդեռ միայն այն փաստը, որ Սամվել Վարդանյանի տեղադրած տեսանյութի ներքո հարյուրավոր դրական գնահատականներ կային, իսկ երբ դատարանը խայտառակ որոշում կայացրեց` 7 մլն դրամ գրավի մասին, հաշված ժամերի ընթացքում մարդիկ հավաքեցին այդ գումարը, խոսում է այն մասին, որ ոչ թե հանրությունը վիրավորված է, այլ հպարտ է նրա արարքով:

Վճռաբեկ դատարանը նաեւ նշում է. «Արարքը խուլիգանություն որակելու համար անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել ոչ միայն մեղավոր անձի գործողությունները, այլեւ տուժողի վարքագիծը ոտնձգությունից առաջ»: Այսինքն, ՔՊ-ի վարած քաղաքականությունը, Հակոբ Ասլանյանի հայտարարություններն ու հարցազրույցները, Սամվել Վարդանյանի արարքին գնահատական տալուց առաջ, պետք է ուսումնասիրվեն: Բայց ի՜նչ իրավաբանություն, ի՜նչ հանցակազմ, երբ գործ ունենք ստրկամիտ իրավաբանների, փաշինյանական հրահանգները սրբորեն կատարող քննչականի ղեկավարի ու գլխավոր դատախազի հետ: 
Այս մարդկանց պետք է կրկին ուղարկել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ` տարրական գիտելիքներ ստանալու: Իրավաբանականի ուսանողները երբ ուսումնասիրում են Քրեական իրավունքը, նրանց ներկայացնում են խուլիգանություն հոդվածի հանցակազմը, որը ենթադրում է, օրինակ, սեռական հայհոյանքներ, զենքի գործադրում` կրակել, անգամ հանրության ներկայությամբ սեռական հարաբերություն ունենալու օրինակն է մատնանշված դասագրքերում: Խուլիգանությունը սովորաբար ուղեկցվում է նյութական վնաս պատճառելով, ֆիզիկապես մարդուն վնասելով` մարմնական վնասվածքներով:

Քրեական իրավունքը նաեւ սահմանում է արարքի դիտավորության, կատարողի հոգեբանական առանձնահատկությունների, տվյալ պահին հուզական տրամադրվածության, արարքի հետեւանքների եւ կրկնվելու հավանականության եւ շատուշատ այլ նրբերանգները, որոնց մասին խոսելն անգամ ավելորդ է, որովհետեւ իրավաբանությունը վաղուց լքել է մեր իրավապահ համակարգին, եւ տարրական հասկացությունները նրանց համար անգամ ընկալելի չեն, ուր մնաց այս նրբությունների մեջ հարկ համարեն խորանալ:
Բայց այն տեքստը, որը Քննչական կոմիտե կոչվող հիմնարկը տարածում է, ուղղակի իրավաբանության ոչնչացման, այս հիմնարկում աշխատողների իսպառ բարոյազրկման, ոչ մի կարմիր գիծ, պարկեշտության նշույլ անգամ չունենալու մասին է խոսում:

Ահա այդ տեքստից մի հատված.

«Հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ տեսագրելու եւ տարածելու նպատակով միացնելով բջջային հեռախոսի տեսախցիկը՝ այն պահել է Հակոբ Ասլանյանի ուղղությամբ եւ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ Հակոբ Ասլանյանին եւ նրա ներկայացրած կուսակցության անդամների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն եւ թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելով, ինչպես նաեւ հասարակության նկատմամբ անհարգալից` իրավական եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսեւորելով, կատարել է խուլիգանություն։ Մասնավորապես՝ Ս․ Վ․-ն Հակոբ Ասլանյանի հասցեին հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ եւ, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հակադրվելով եւ անտեսելով հանրային տրանսպորտում գտնվող անձանց՝ վիճաբանությունը դադարեցնելու հորդորները...»:

Նման տեքստ գրող մարդիկ, թերեւս, ունակ կլինեն մեղադրանք հարուցել նույնիսկ իրենց ծնողների ու մերձավոր հարազատների նկատմամբ, եթե Նիկոլ Փաշինյանից նման հրահանգ ստանան կամ զգան, որ դա անհրաժեշտ է ՔՊ-ական իշխանություններին: Սրանց համար էական չէ, թե ինչ վիճակում է հայտնվել մեր երկիրը` այս իշխանությունների եւ Հակոբ Ասլանյանի կուսակցության մեղքով, որ Արցախը հանձնել են, որ Տավուշից հողեր հանձնելու մասին են խոսում, որ թշնամին նստած է մեր հողում եւ մեզ բարոյահոգեբանական տեռորի է ենթարկում: Այս ամենը հաշվի չառնող եւ իշխանությունների` երկիրը վարի տալու իրավունքն ատամներով պաշտպանող իրավապահները, որոնք ցանկացած անմեղ մարդու, այս իրավիճակից վրդովված յուրաքանչյուր քաղաքացու կարող են բանտ ուղարկել եւ բանդիտական եղանակներով խոշտանգել, ոչ մի սրբություն չունեցող հանցախմբի են վերածվել, որոնք նույն նավի մեջ են, ինչ ՔՊ-ականները, եւ պարզապես իրենց` իշխանության մնալու իրավունքն են պաշտպանում: