Կապիտանի արյան մեջ թմրանյո՞ւթ է հայտնաբերվել

Կապիտանի արյան մեջ թմրանյո՞ւթ է հայտնաբերվել

Օրեր առաջ` Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհը և 15 զինծառայողների ողբերգական մահվան դեպքը ցնցեց ողջ հասարակությանը:

Ըստ նախնական տվյալների, զորամասի ինժեներասակրավորային վաշտը 2021 թվականի մայիսի 13-ից էր տեղակայվել Ազատ գյուղի տներից մեկում, թեեւ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն օրեր առաջ Հանրայինի եթերում ասել էր, թե զինվորներն այնտեղ էին տեղակայվել Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումից, քանի որ նրանց զորամասը պայթեցվել էր։

Հունվարի 18-ին, զորամասի ինժեներական ծառայության սպա կապիտանը նշանակվել է ինժեներասակրավորային վաշտի պատասխանատու և իր ծառայությունը կատարել է այդ կացարանում։ Նույն օրը ժամը 18։00-ի սահմաններում, ինժեներասակրավորային վաշտի անձնակազմն, ավարտելով իրեն հանձնարարված աշխատանքները, վերադարձել է կացարան և ժամը 21։30-ից սկսած պառկել է քնելու։

Հունվարի 19-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, անձնակազմի հիմնական մասը գտնվել է զորանոցում՝ քնած, իսկ 2 ժամկետային զինծառայող վարորդները գնացել են աղբյուրից ջուր բերելու։ Օրվա հերթապահը եղել է կացարանից քիչ հեռու գտնվող խոհանոցում և խոսել է բջջային հեռախոսով։ Այդ ընթացքում վաշտի պատասխանատու կապիտանը, ինչպես Քննչական կոմիտեն է նշում, հերթապահ զինծառայողից հարցրել է վառարանը վառելու նպատակով ավտոկայանատեղիում՝ ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի գործարկման սարքավորումը (մեկնարկիչը) լիցքավորելու համար նախատեսված ավտոբենզինի մասին։ Այնուհետև 5 լիտր տարողությամբ պլաստամսե տարայում գտնվող ավտոբենզինով փորձել է վառել վառարանն, ինչի հետևանքով տեղի ունեցել հրդեհը: 

Ինչ խոսք, քննչականի տարածած այս հաղորդագրությանը շատերը տարակուսանքով և թերահավատորեն ընդունեցին: Հասարակության մի ստվար զանգված կարծում է, որ տեղի ունեցածն ադրբեջանական դիվերսիոն գործողությունների արդյունք է: 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին մենք պաշտոնական աղբյուրներից, ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի շուրթերով այնքան ստեր ենք լսել, որ պաշտոնական տեղեկատվությունն արդեն շատերի համար արժանահավատ չէ: Մարդիկ թերահավատ էին նաեւ այն պատճառով, որ ոչ մի ադեկվատ մարդ չէր կարող 5 լիտրանոց բենզինի տարան շրջել վառարանի մեջ եւ միտումնավոր պայթյուն ու հրդեհ առաջացնել: Այն էլ սակրավորների վաշտում:

Այսօր «Հրապարակը» տեղեկացավ, որ վաշտի պատասխանատու կապիտանն, ով բենզինով վառարան է վառել, ինչի արդյունքում տեղի ունեցել ողբերգական հրդեհը, դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել եւ վերջինիս արյան մեջ թմրանյութի տարրեր են հայտնաբերվել: Մեր աղբյուրի խոսքով` զինվորականը վառարան վառելու պահին եղել է ոչ սթափ վիճակում, ինչի արդյունքում տեղի է ունեցել ողբերգական հրդեհը: Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կապիտանն անցել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն դրա պատասխանը Քննչական կոմիտեն դեռևս չի ստացել. «Անձը ենթարկվել է փորձաքննության, սակայն քրեական գործի շրջանակներում այդ մասով որևէ տվյալ առկա չէ, որևէ եզրակացություն դեռևս չենք ստացել, հետևաբար խիստ վաղաժամ է այդ մասին խոսելը: Բոլորի մասով, անգամ զոհվածների, նշանակված է դատաբժշկական փորձաքնություն, սակայն դրանց պատասխանները դեռևս չենք ստացել»:

Մենք նաև զրուցեցինք Այրվածքաբանական ազգային կենտրոնի տնօրեն Կարինե Բաբայանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ տղաների վիճակը դեպի լավն է գնում և անգամ նրանցից մեկին գուցե վաղը տեղափոխեն հատուկ հոսպիտալ. «Երկու զինծառայողները, որոնք վերակենդանացման բաժանմունքում էին, տեղափոխվել են այրվածքային բաժին: Միջին ծանրության է նրանց վիճակը, բուժումը շարունակվում է, հետագայում պետք է պլաստիկ վիրահատական միջամտություն կատարվի: Նրանցից մեկը բավականին լավ է, գուցե վաղը տեղափոխվի հատուկ հոսպիտալ», - նշեց նա:

Մեր զրուցակիցը նշեց, որ դատաբժշկական փորձաքննություն իրականացվել է, սակայն ինքը արդյունքներից տեղյակ չէ, նաեւ չի կարող ասել, թե բուժվողներից որ մեկն է վաշտի կապիտանը, քանի որ իր համար բոլոր հիվանդները հավասար են: