Նախկին ՔՊ-ականը հայհոյել է Փաշինյանին՝ նրան տարել են ոստիկանություն

Նախկին ՔՊ-ականը հայհոյել է Փաշինյանին՝ նրան տարել են ոստիկանություն

Մենք տեղեկություն ստացանք, որ օրերս միջադեպ է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ Արա Դորվանյանի եւ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի միջեւ։ ՔՊ նախկին անդամը, տեսնելով վարչապետի ավտոշարասյունը, «Իմ քայլի» նախընտրական բուկլետներ է նետել վարչապետի շարասյան վրա եւ հայհոյել։ Միջադեպից հետո Դորվանյանը տարվել է ոստիկանություն։ Կատարվածի մանրամասների մասին զրուցեցիք Արա Դորվանյանի հետ։ 

- Նախ խնդրում եմ պատմեք, թե ինչ պատճառով եք դուրս եկել ՔՊ-ից։

- Կուսակցությունից դուրս եմ եկել իմ դիմումի համաձայն, մոտ 15 օր առաջ դիմում եմ գրել։ Բայց մինչեւ դուրս գալս Ֆեյսբուքում գրառում եմ արել՝ լեսբուհի Լառա Ահարոնյանի պատճառով, որն ապականում է մեր արժեհամակարգը։ Ես ժամանակին չեմ իմացել, որ ինքը կուսակցությունում կա, որովհետեւ ես դա չեմ կիսում։ Մինչեւ այդ ես Նիկոլին շատ աջակցել եմ։ Սեւան քաղաքում ես եմ իրեն դիմավորել, իմ տան մեջ հյուրասիրել, հաց ենք կիսել, իրեն ընդունել եմ որպես նորմալ մարդ, բայց զգացի, որ, չէ՝ սուտասանի մեկն է։ Իմ տան մեջ ասած իր ոչ մի խոսքը չի կատարել, մեր տան մեջ ես ու ընկերս իրեն հարցեր ենք ուղղել, ինքը մեզ ուրիշ բան է ասել, իշխանափոխությունից հետո լրիվ այլ բաներ է արել։ Իր պահվածքը, իր գործելաոճը չհամընկավ իր ասածների հետ, դրա համար ինքս լքեցի կուսակցությունը, գնացի դիմումս էլ գրեցի եւ բոլոր տեղերում ես իր դեմքը ներկայացնում եմ, որ ինքը սուտասան է։

- Ե՞րբ է Լառա Ահարոնյանին Փաշինյանը պաշտպանել, ե՞րբ եք իմացել, որ, ինչպես Դուք եք ասում, միասեռականներին է պաշտպանում։

- Չե՞ք տեսել Վիգեն Սարգսյանի հետ բանավեճը, որ ասում է՝ Լառա Ահարոնյանը երեխաների մայր է։ Դա քարոզ էր, որ հայ մայրերը կարող են լինել լեսբուհիներ։ Լառա Ահարոնյանին ասում են լեսբուհի, ինքը սկսում է պաշտպանել, ինչպես էն Մելինեին էր պաշտպանում, ասում էր՝ իմ հովանու ներքո է։ Եթե իր հովանու ներքո է, ես էլ էդ մոտեցումը չեմ կիսում, չեմ ուզում, որ այս երկրում․․․։

- Բայց դա ասել է վաղուց, իսկ Դուք դիմում եք գրել 15 օր առաջ։

- Ես ինչի՞ համար եմ 15 օր առաջ դիմում գրել, որովհետեւ մտածել եմ, որ ես կուսակցությունից դուրս եկած եմ, երբ հայտարարություն եմ արել։ Բայց ինձ զանգեցին կուսակցությունից ու ասացին, որ պետք է դիմումի համաձայն դուրս գամ։ Ասացի, որ մեկուկես տարի առաջ եմ իմ հայտարարությունն արել, իմ կարծիքը հայտնել, ասացին, որ անպայման պիտի դիմումի համաձայն դուրս գամ։ Գնացի, դիմում գրելիս էլ մի քանի բան ասացի, որ փոխանցեն Նիկոլին, եւ դուրս եկա։

- Իսկ ինչո՞ւ որոշեցիք բուկլետներ շպրտել վարչապետի ավտոշարասյան վրա։

- Դա իմ քաղաքացիական ակցիան է եղել։ Այնտեղ անգամ «Ելք»-ի բուկլետներն էին։ Կարդացի, տեսա, որ չեն համընկնում իր էն ժամանակվա գրածն ու խոստումները եւ ներկայիս իր պահվածքը, իր գործելաոճն ու ստերը, որոշեցի այդ թղթերը շպրտել։ Ես իմ շենքը ձրի տվել եմ իրեն, սարքել է «Ելք» դաշինքի շտաբ, այդքան այդ մարդուն վստահել եմ։ Ես Սեւանում իր վստահված անձանցից մեկն եմ եղել, իր ձայն բերողը, «Ելք» դաշինքի հիմնաքարերից մեկը Սեւանում ես եմ եղել։ Ինքն առանց ինձ հարցնելու ինձ գրել էր վստահված անձ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, պատահական զանգում է ինձ, բա՝ Արա ջան, քո անունը գրել եմ, հենվե՞մ քո վրա, եղբայր (իր սիրած բառն է), ավագանու ընտրություններին քո կարիքը կա։ Ասացի՝ դե որ գրել ես, Նիկոլ ջան, կգամ, կկանգնեմ, ի՞նչ է եղել։ Արաբկիրի շրջանում ես եմ իր վստահված անձը եղել։ Առաջ վստահված անձանց պակաս ուներ, ախպեր ջան, հիմա էնքա՜ն շատ ունի, գուցե թաքնվե՞լ էին այդ համասեռամոլները կամ այդ արեւմտյան դաստիարակությամբ մարդիկ։ Օրինակ՝ Արայիկը, չեմ իմանում որտեղ էր կանգնած։ Քայլելու ժամանակ գնացել Դիլիջանում իրեն դիմավորել եմ, բերել կղզիում տեղավորել եմ իրեն, հրավիրել եմ, իմ բակում սեղան եմ գցել, բայց չեմ իմացել, որ գալու են մեր արժեհամակարգը պղծեն։

- Իսկ Ձեզ ե՞րբ ու ինչպե՞ս տարան ոստիկանություն, ի՞նչ հիմքով բերման ենթարկեցին։

- Նույն օրը, երբ բուկլետները շփեցի իր ապակու վրա։ Ինքը չէր էլ սպասում։ Այդ բուկլետներն ինձ մոտ էին մնացել։ Ոստիկանությունում ասացին՝ ո՞նց, երկրի վարչապետի մեքենայի դեմը կտրո՞ւմ ես։ Ասացի՝ լավ եմ անում, ես ակցիա եմ արել, ոնց տեսել՝ սովորել եմ։ Ինքն ինչպես Սերժ Սարգսյանի ավտոշարասյան վրա էր բուկլետներ շպրտում, նույնն էլ ես իրեն եմ արել եւ իրավունք ունեմ, ո՞վ կարող է ինձ իմ խոսքի ազատությունից զրկել ու ինձ ասել, թե ոնց անեմ։ Մոտ 5 ժամի չափ մնացել եմ ոստիկանությունում, ու այնպես չէ, որ ես ինձ ոստիկանությունում ընկճված եմ զգացել։ Իմ խոսքը նաեւ այնտեղ եմ շարունակել, որ ես իրեն առճակատ բան ունեմ ասելու։ Ես իրենց հարցրի՝ ինչ-որ քրեորեն պատժելի բա՞ն եմ արել, քա՞ր եմ նետել, ընդամենը բուկլետները շփել եմ ու ապացուցել եմ, որ սուտասան է։ Ինձ հարցրին՝ բա ինչո՞ւ առձեռն չվերադարձրիր բուկլետները, եթե հետը մոտիկ ես, ասացի՝ մոտիկ չեմ, ես նման մարդու հետ չունեմ շփվելու։ Ես իշխանափոխությունից հետո իրենից գործ էլ չեմ ուզել, դրա համար լեզուս երկար է, շատ երկար է, որովհետեւ ամբիցիա չեմ ունեցել, սպասելիքներ չեմ ունեցել, ոչ մի ակնկալիք չեմ ունեցել։