Դավիթ Անանյանը խոստովանեց, որ որոշ խոստումներ չեն կարողացել կատարել

Դավիթ Անանյանը խոստովանեց, որ որոշ խոստումներ չեն կարողացել կատարել

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իսկը Նիկոլ Փաշինյանի կառավարության կադր է։ Նա էլ, Փաշինյանի նման, սիրում է բարձրագոչ խոստումներ տալ ու չկատարել կամ իրականացնել թերի՝ ոչ այն տեսքով, չափով ու ժամկետում, ինչը խոստացվել էր։ Եվ դա այն պատճառով, որ Անանյանը մի բան խոստանալուց առաջ ծանրութեթեւ չի անում, չի հաշվարկում՝ արդյոք կարո՞ղ է նշված ժամկետում տրված խոստումն իրականացնել, թե՞ հետո ստիպված է լինելու կանգնել փաստի առաջ եւ արդարացումներ փնտրել՝ տակից դուրս գալու։ Նույնն անում է Նիկոլ Փաշինյանը․ նա էլ կարող է մի օր քնից արթնանալ եւ էմոցիաների ազդեցության տակ հայտարարություններ անել, խոստումներ տալ՝ առանց դրանց տակ թիվ, փաստ ու հիմնավորում դնելու, նախնական պատկերացում եւ պլան ունենալու։ Բայց, ի տարբերություն Փաշինյանի, Անանյանը, ի պատիվ իրեն, երբեմն ընդունակ է նաեւ խոստովանել, որ սխալվել է կամ շտապել՝ որեւէ բան հայտարարելուց առաջ։ Ընդ որում, Անանյանի հայտարարություններն ու խոստումներն էլ շատ հաճախ պարտադրված են լինում հենց Նիկոլ Փաշինյանի՝ մինչ այդ արած էմոցիոնալ հայտարարություններից։

Օրինակ՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու վերաբերյալ նրա հայտարարությունը, որը, որպես խոստում, փաթաթեց ՊԵԿ նախագահի վզին ու պարտադրեց նրան սեղմ ժամկետում իրագործել։ Անանյանն էլ խոստացավ, որ մինչեւ հոկտեմբերի 11-ն ավտոմաքսատունը կառուցված կլինի, սակայն մինչ օրս այդ խոստումը չի իրագործվել։ Հիմա խնդրում է սպասել մինչեւ նոյեմբեր։
Երեկ իր հրավիրած մամուլի ասուլիսում Դավիթ Անանյանը ժամկետների խախտման մասով խոստովանեց․ «Առաջին անգամ տարօրինակ կերպով ես հայտնաբերեցի, որ այն ժամկետները, որոնք չեն առնչվում իմ մասնագիտությանը, հնարավոր է, որ նաեւ սխալ սահմանվեն։ Որովհետեւ ես, լինելով տնտեսագետ եւ հարկային մասնագետ, շինարարների համար սահմանել էի այնպիսի ժամկետ, որն իրատեսական չէր։ Բայց շինարարներն ինձ դրա մասին ասացին վերջում՝ շատ դեպքերում նաեւ քաշվելով, որովհետեւ մեր ծրագրերն ու ցանկությունները շատ ավելի ամբիցիոզ էին, քան շինարարների կարողությունները»։

Բայց միայն ժամկետները չեն սխալ հաշվարկել։ Ավտոմաքսատան կառուցման համար չունեն նախագիծ-նախահաշիվ, հստակ պլան՝ ինչ չափերի մաքսատուն պետք է կառուցվի, ինչ հնարավորություններով, ինչ կառուցվածքով։ Ու այդպես՝ օդի մեջ, բյուջեից շուրջ 2.5 մլրդ դրամ են հատկացրել, որ մաքսատուն կառուցեն, քանի որ վարչապետն է այդպես ցանկացել։ Սա եւս խոստովանեց Անանյանը, որ նախագիծ-նախահաշիվ չեն արել, քանի որ դա եւս լրացուցիչ գումար ու ժամանակ կպահանջեր։ Դրա համար որոշել են ամեն ինչ զուգահեռ անել՝ հա՛մ սկսել աշխատանքները, հա՛մ էլ ձեռքի հետ նախագիծ կազմել, որ հընթացս հասկանան, թե իրենց ինչ է պետք։ Բայց ամենակարեւոր հարցը՝ ինչո՞ւ են որոշել ավտոմաքսատունը տեղափոխել Գյումրի, որ ի՞նչ լինի, որ մարդիկ ավելորդ ծախսեր անեն, ժամանակ վատնեն ու Երեւանից հասնեն Գյումրի, ինչ է թե՝ պիտի վարչապետի «սրտի մաքսատա՞նը» ձեւակերպեն, քանի որ Երեւանում այլեւս մաքսատուն չի լինելու։ Իսկ ո՞րն է լինելու դրա տնտեսական շահութաբերությունը, ինչո՞վ է բյուջեից ծախսած այդ 2.5 մլրդ դրամը հետ վերադարձվելու։

Այս հարցերի սպառիչ պատասխանը երեկ Անանյանից չստացանք, քանի որ սրա վերաբերյալ էլ հստակ հաշվարկ գոյություն չունի։ Միակ «հաշվարկը» վարչապետի՝ պահի տակ արտահայտած էմոցիոնալ ցանկությունն է։

«Պետք է ասեմ, որ ոչ թե կառուցում ենք ավտոմաքսատուն, այլ կառուցում ենք արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի մի հատված։ Այդպիսի կենտրոն ՊԵԿ ռազմավարական ծրագրով նախատեսված է, որ պետք է լինի երկուսը Հայաստանում՝ հյուսիսային եւ հարավային։ Հարավում՝ Սիսիանում, կլինի մի ԱՏԳ սպասարկման կենտրոն, եւ մյուսը կլինի Գյումրիում, այն տարածքում, որտեղ որ հիմա ավտոմաքսատան գործառույթը կենտրոնացվելու է։ ԱՏԳ սպասարկման կենտրոնը նախատեսված է շուրջ 21 հեկտարի վրա, այս պահին 6 հեկտարն է իրացվում, եւ շինարարությունն այնպիսի ֆունդամենտալ պահանջներով է ընթանում, որպեսզի այն հետագայում լինի ԱՏԳ կենտրոնի բաղկացուցիչը։ Այդ կենտրոններում պետք է կենտրոնացվեն արտաքին տնտեսական գործունեությանը, այսինքն՝ ներմուծում եւ արտահանում իրականացնող բոլոր տնտեսվարողներին առնչվող բոլոր պետական մարմինների բոլոր գործառույթները՝ մեկ պատուհանի սկզբունքով։ Դրանից կախված՝ Երեւան քաղաքում ընդհանրապես մաքսային ձեւակերպումներ չեն լինելու»,- ասաց Անանյանը։

Նրա խոսքով՝ իրենց նպատակը մի քիչ ավելի հեռահար է․ ուզում են տարածքային զարգացման ծրագիր իրականացնել, քանի որ դրանով Երեւանից բեռնաթափվելու է ամբողջ բիզնեսը՝ գնալով հյուսիս ու հարավ։ Ինչ վերաբերում է հեռավորությանը, Անանյանն ասաց, որ որ նույն՝ Բագրատաշենի անցակետից Երեւանն ավելի հեռու է, քան Բագրատաշենից՝ Գյումրի: «Սա զուտ քմահաճույք չի, որ որոշեցինք ավտոմաքսատունը տանել Գյումրի։ Սա համապարփակ ծրագրի մի մասն է»,- ասաց Անանյանը։ Երբ նկատեցինք, որ շինարարությունն իրականացվում է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման կարգով (իրականացնողը «Մերձմոսկովյան» ՍՊԸ-ն է), Անանյանն այստեղ էլ փորձեց բացատրություն գտնել՝ խոստովանելով վերեւում նշվածը, որ որեւէ նախագիծ ի սկզբանե չեն ունեցել։

«Այո, բայց Դուք եթե նայած լինեիք, կտեսնեիք, որ մենք օգոստոսին, օրինակ, սկսել ենք էսքիզի հիման վրա։ Մենք նախատեսել էինք, որ շենքային հարմարությունները պետք է լինեին 800 քմ, մենք հիմա շուրջ 6000 քմ շենքային հարմարություններ կունենանք, որից 3800 քմ-ն միայն վարչական շենքն է, որտեղ տեղակայված են լինելու մաքսային մարմիններն ու ոստիկանությունը։ Այսինքն՝ եթե մենք ամբիցիոզ ծրագիր ենք անում, էս ամեն ինչը կարելի էր նախօրոք ունենալ։ Բայց նախօրոք ունենալու համար նախագծա-նախահաշվային փաստաթղթերը պետք է կազմվեին, որը կտեւեր երեւի 4-5 ամիս, պետք է փորձաքննության ենթարկվեին, պետք է հաստատվեին, նոր սկսվեր շինարարությունը։ Մենք ամեն ինչ սկսել ենք զուգահեռ, հետեւաբար, ամեն ինչ փոփոխության ենք ենթարկում զուգահեռ»,- ասաց Անանյանը՝ հերթական անգամ խոստանալով, որ այս տարի՝ նոյեմբերի սկզբին, հաստատ կունենանք ավարտված ավտոմաքսատուն։

Բայց միայն ավտոմաքսատան խոստումը չէ, որ ժամկետի մեջ չի իրականացվել։ Անանյանը ՀԴՄ-ների մասով էլ էր տնտեսվարողներին խոստում տվել, որ մինչեւ սեպտեմբերի երկրորդ կեսը դաշտն ազատականացված կլինի, ՀԴՄ ներկրող ընկերություններ կհայտնվեն, եւ տնտեսվարողները կկարողանան ազատ ՀԴՄ-ներ ձեռք բերել։ Բայց, ինչպես տեսնում ենք, դա էլ տեղի չի ունեցել։ «Այո,  սեպտեմբեր էր նախանշված, բայց ՀԴՄ-ները, երեւի թե ազատականացման ջատագովները, որոնք որ հարց էին բարձրացրել, որ դաշտը պետք է ազատականացվի, չէին պատկերացնում, որ միայն էնպես չի, որ պետք է ներմուծեն կամ արտադրեն հսկիչ դրամարկղային մեքենա ու վաճառեն։ ՀԴՄ-ն ունի օրենսդրությամբ սահմանված բազմաթիվ ու բազմաֆունկցիոնալ պահանջներ, որոնց պետք է բավարարել։ Եվ այդ պահանջները բավարարելու համար պետք է նաեւ ծրագրավորման խնդիրները կարգավորեն, POS տերմինալների սերտիֆիկացիաներն անցնեն․․․ Այսինքն՝ դրանք բոլորը ժամկետներ են, որոնք ոչ ոք չէր պլանավորել»,- մեղքը տնտեսվարողների վրա բարդեց ՊԵԿ նախագահը։

Նա, այնուամենայնիվ, հույս հայտնեց, որ շուրջ հինգ սուբյեկտ կա, որոնք մինչեւ տարեվերջ իրենց խոստումները կկատարեն եւ ՀԴՄ-ներ կներմուծեն՝ ըստ պահանջվող չափորոշիչների։