Ռուսաստանը դանդաղ գործարկվող ռումբի է նման, և այդ ռումբը ներսից է գալու, ոչ թե դրսից

Ռուսաստանը դանդաղ գործարկվող ռումբի է նման, և այդ ռումբը ներսից է գալու, ոչ թե դրսից

Ռուս-ուկրաինական հակամարտությունը, որն արդեն որերորդ շաբաթն է ընթանում, մարդկությանը ավելի ու ավելի է մտահոգում՝ իր անկանխատեսելի սցենարներով։ Ինչպիսին է պատերազմն այսօր, և ինչ կարելի է սպասել պատերազմի շարունակական ընթացքից, «Հրապարակի» հետ զրուցել է քաղաքագետ Սարո Սարոյանը։

«Ռուսական բանակի զորաշարժը, որին մենք հետևում ենք և ժամանակային ինտերվալով, երբ քննարկում ենք, հասկանում ենք, որ այն նախապես ծրագրավորված է եղել շատ ավելի արագ խնդիրների լուծում և Դնեպրի ձախափնյակի ռազմակալում իրականացնելու համար։ Սակայն այս պահի դրությամբ այն իրականություն չի դարձել։ Եվ դա արդեն իսկ ցույց է տալիս, որ այն ծրագրերը, որ կազմվել են և այն նպատակները, որ հետապնդել են ռուսական ռազամաքաղաքական ղեկավարները, տապալվել են։ Այս պահի դրությամբ, միանշանակ կարելի է ասել, որ ծրագրավորված կառավարելի պատերազմ վարելու ռազմավարությունը տապալված է։ Եվ այդ տեսանկյունից, ռուսական կողմը խնդիր ունի իսկապես պատերազմի՝ ռազմական գործողությունները բերելու կառավարելի դաշտ։ Սա է, որ լրջագույն խնդիր է, և այդ լրջագույն խնդիրը առաջին հերթին գալիս է այն հանգամանքից, որ ուկրաինական հանրությունը իսկապես դիմադրում է և այն ծրագրերը, որ Ռուսաստանը ունեցել է՝ մտածելով, որ ուկրաինական հանրության նման կարգի դիմադրության ինքը չի հանդիպի, այդ հանգամանքն արդեն  կարելի է ասել դուրս է եկել ներկա իրավիճակից»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ Սարո Սարոյանը։

Քաղաքագետի խոսքով, Ռուսաստանն այսուհետ շատ ավելի մեծ դիմադրության է հանդիպելու ուկրաինական հանրության կողմից։ Վերջինս գտնում է, որ մտածել, որ հետագա ընթացքը ինչ-որ մի տրամաբանված հանգուցալուծման կբերի, այս պահին հնարավոր չէ։

«Մի հանրություն, որը դիմադրում է, այդ հանրության հետ կազմել իսկապես հաղթական պատերազմի պլաններ, անտեղի է։ Այս վերջին օրերին քիչ թե շատ ռազմաճակատի գծի անփոփոխելիությունը ցույց է տալիս, որ ռուսական ռազմական ղեկավարությունը մտածում է, որ իր ամբողջ ուժերը պետք է կենտրոնացնի Կիևը գրավելու ուղղությամբ, և ինչ որ կերպ պարտադրելու որոշակի որոշումներ, որոնք ինչ-որ իրավական հիմք կապահովեն ռուս-ուկրաինական պատերազմը հանգուցալուծելու համար»- ասաց Սարոյանը։

Խոսելով ռազմական կորուստների մասին, քաղաքագետը նշեց, որ Ռուսաստանը ռազմական տեխնիկայի, զենքի տեսանկյունից այդքան մեծ խնդիրներ չունի, և ընդգծեց, որ այն ժառանգությունը, որը մնացել է Խորհրդային միությունից, և հսկայական պետական միջոցների կիրառումն այս վերջին 30 տարիների ընթացքում, ռուսական բանակին այդ հնարավորությունը տալիս են, որ ինքը լրացուցիչ զորք, զենք կիրառի Ուկրաինայում խնդիրները լուծելու համար։ Բայց հարցը դա չէ։

«Խնդիրը սպառազինության մեջ չի։ Պատերազմի հետագա ընթացքը կարող է բերել ռուսական հանրության ընդվզմանը։ Ռուսաստանի ժամանակային  ինտերվալի պակասորդը գալիս է ոչ թե նրանից, որ ինքը ռազմական տեխնիկա՝ համապատասխան քանակի  չունի և այլն, այլ որ մշտապես հնարավոր չի այնպիսի քարոզչությամբ փորձել ծածկել ներկա պատերազմի որոշակի հանգամանքներ։ Եվ այդ իսկ պատճառով խնդիր կա՝ որքան հնարավոր է շուտ հանգուցալուծել պատերազմը։ Ռուսաստանում հանրության մոտ լիարժեք փակել տեղեկատվական հոսքերը հնարավոր չի, ընդ որում նաև այդ նույն զինծառայողները, բնականաբար իրենց ընտանիքների  անդամների հետ կապի մեջ են լինում, երբեմն պատմում են, երբեմն լուրը, որ չի հասնում տեղ՝ մտահոգությունների տեղիք է տալիս հանրությանը՝ մտահոգվել բանակի զինուժի լինելիությամբ»,-ասաց քաղաքագետը։

Վերջինս գտնում է, որ ռուսական հանրության ընդվզումն այսօր Ռուսաստանի ամենամեծ խնդիրն է, և  բնականաբար, ցանկացած ընդվզում պետք է հնարավորինս փակվի տեսադաշտից, որպեսզի վիրուսի նման այն չտարածվի։

«Ցանկացած բռնություն ինքն իր հերթին ավելի է մեծացնում ընդվզման աստիճանը։ Որքան իրենք հնարավորություն ունեն դա կառավարելիության շրջանակում պահեն։ Միգուցե առաջիկա օրերին հնարավոր է, բայց երկար դա հնարավոր չի լինի պահել։ Հատկապես ինտելեկտուալ խավերը ոտքի են կանգնում՝ ընդդեմ պատերազմի և հետզհետե  քաղաքացիական շարժումներ են ձևավորվում։ Ռուսաստանն իր հերթին այս պահի դրությամբ դանդաղ գործարկվող ռումբի է նման, որովհետև այդ ռումբը ներսից է գալու, ոչ թե դրսից»,-կարծում է Սարո Սարոյանը։

Թե ինչպիսի զուգահեռներ կարող ենք անցկացնել ռուս-ուկրաինական և արցախյան պատերազմների միջև քաղաքագետն ասաց․

«Իհարկե, զուտ ռազմական գործողությունների տեսանկյունից կարելի է զուգահեռներ անցկացնել։ Վերջին պատերազմը, որը ռազմական փորձագետների, ռազմարվեստի գիտակների համար ուսանելի էր և ուսումնասիրության ենթակա էր, դա ղարաբաղյան երկրորդ պատերազմն էր, և որի շատ-շատ տարրեր հիմա մենք տեսնում ենք նաև ռուս-ուկրաինական պատերազմում։ Եվ դա առաջին հերթին պետք է նշել  կոնվենցիոնալ պատերազմի տրամաբանությունից դուրս՝ հիբրիդային պարտերազմ վարելու մարտավարության հետ։ Եվ նայելով Ուկրաինային՝ հանգիստ  նկատելի է, որ բացի Դոնբասի հետ խրամատավորված երկու բանակների ռազմական գործողություններից, մնացած տեղերում ըստ էության կոնվենցիոնալ պատերազմի օրինաչափությունները չէ որ գործում են։ Բոլորովին այլ օրնաչափություններ էլ են գործում, որոնք արդեն ձևակերպվել են ինչ-որ առումով նաև ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Երբ որ փորձ է արվում մեծ ռազմարշավներ կատարել այդ ռազմական տեխնիկայի շարասյուների միջոցով, և նաև խնդիր է դառնում դրանց սնուցման հարցը լուծել որոշակի մեծ տարածությունների վրա՝ փորձելով ռազամավարական հիմնական ճանապարհները վերցնել վերահսկողության տակ»։

Քաղաքագետի խոսքով, նման ռազմարշավների դեպքում խնդիրը  բնակչությանը վերահսկելն է։ Սակայն այս պահին նվաճված տարածքներում  ռուսական կողմը փորձում է դա իրականացնել փափուկ ուժի կիրառմամբ։ Սակայն հանրությունը ընդվզում է, և անգամ քաղաքացիական բնակչությունն առանց զենքի և զինվածության, մաքուր ձեռքերով դուրս է գալիս ռազմական տեխնիկայի դեմ, և փորձում է թույլ չտալ ռուսական կողմի զորաշարժերը։

«Բնականաբար պատերազմի յուրաքանչյուր նոր օր   աշխատում է ի վնաս Ռուսաստանի և ի օգուտ Ուկրաինայի։ Ռուսական հանրության հետ կապված Ռուսաստանի ղեկավարության քայլերը անընդհատ դժվարանալու են, և ի վերջո կարող են մի օր բերել այնպիսի մեծ ընդվզման, որը քաղաքացիական պատերազմների նախերգանքը կարող է դառնալ։ Այստեղ շատ կարևոր  է նաև հաշվի առնել սոցիալ-տնտեսական իրավիճակը, որը օր օրի վատանում է Ռուսաստանում։ Դա նույնիսկ մեզ մոտ և շատ այլ պետություններում է նկատելի՝ միգրացիոն հոսքերի տեսքով։ Մեզ համար էլ է տեսանելի այդ սոցիալ-հոգեբանական խնդիրը»,- ասաց Սարո Սարոյանը։  

Քաղաքագետն ընդգծեց, որ սոցիալ-տնտեսական վատթարացումը կարող է գումարվել նաև պատերազմի գաղափարական խախուտ դիրքերին, որը Կրեմլը փորձել է ցուցանել, որպեսզի որոշակի տրամաբանություն հաղորդի իր գործողություններին։ Դրա առանցքում այն միտքն է, որ Ռուսաստանին ինչ-որ արտաքին վտանգներ են սպասվում, որ Ուկրաինայում ֆաշիստական կառավարություն էր և այլն։

«Այդ գաղափարական հիմքերը  բնականաբար գումարվում են սոցիալ-տնտեսական լրջագույն խնդիրներին և բերելու են ի վերջո ռուսական հանրության ըմբոստությանը և ապստամբությանը։ Եթե այս տեմպերով պատերազմը շարունակվի և ավարտը չերևա,  դա կարող է իսկապես բերել քաղաքացիական պատերազմի Ռուսաստանում և այդ երկրի անգամ փլուզմանը»,- եզրափակեց քաղաքագետը: