Ռուստամ Բադասյան․ ստալինիստն առանց Ստալինի

Ռուստամ Բադասյան․ ստալինիստն առանց Ստալինի

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերի փաթեթը ոչ այլ ինչ է, եթե ոչ ամբողջատիրության պարզ դրսևորում։ Փաստացի ոտնահարվում են քաղաքացիների հիմնարար ազատությունները, որոնք են՝ անձնական տվյալների պաշտպանությունը, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը, հաղորդակցության ազատությունը, գաղտնիության իրավունքը և այլն։ 

Միգուցե կառավարող թիմն ամբողջությամբ չի պատկերացնում, թե ինչ հրեշավոր և արատավոր ավանդույթ են իրենք ստեղծում։ Չի բացառվում նաև, որ լավ էլ հասկանում են և ընդամենը օգտվում են ճգնաժամային իրավիճակի նպաստավոր առիթից։ Ինչևիցե, մի կողմ թողնենք նրանց՝ համանման մոտեցման շարժառիթներն ու արձանագրենք, որ դա էական նահանջ է ժողովրդավարությունից և չի արդարացվում նույնիսկ համավարակի դեմ պայքարի անհրաժեշտությամբ։ Ճգնաժամի դեմ պայքարը չի կարող կյանքի կոչվել հանրապետության հիմնասյունների ոչնչացմամբ, ինչ ճգնաժամ էլ դա լինի, քանի որ մի մարտահրավերի չեզոքացումից հետո ստիպված ենք լինելու դիմագրավել շատ ավելի վտանգավոր մարտահրավերի, որն է՝ ազատությունների ոչնչացման նախադեպն ու իշխանությանը ամբողջական վերահսկողության գործառույթներ հանձնելը։ 

Վերահսկելու և պատժելու սահմանները չափազանց լղոզված են և անտեսանելի։ Այսինքն, վերահսկելու անվերահսկելի հնարավորությունը բնական հակվածություն ունի ինչ-որ մի օր պատժի մեխանիզմի փոխակերպվելու։ Սա օրինաչափություն է, որը կենդանություն է առնում պետական համակարգի անընդհատ ընդարձակվելու բնական պահանջմունքի համատեքստում։ Այսինքն համակարգը անընդհատ ընդարձակվելու միտում ունի և եթե այն զրկվում է հակակշռող ինստիտուտներից, ապա փոխակերպվում է ամբողջատիրական հրեշի։ Փաստացի մենք հիմա հողին ենք հավասարեցնում այդ ինստիտուտները, պետական համակարգի համար նպաստավոր պայմաններ ստեղծելով հետագայում ընդդիմության, լրատվամիջոցների և բիզնես միջավայրի նկատմամբ պատժիչ գործողություններ իրականացնելու համար։ 

Իհարկե կառավարող թիմի աջակիցները կարող են պնդել, թե Նիկոլ Փաշինյանն ու նրա վարչակազմը սրբակենցաղ են, անսխալական և բոլոր գայթակղություններից ապահովագրված։ Սա մոլորություն է, որը ոչ այսօր է ի հայտ եկել և ոչ էլ երեկ։ Գործ ունենք հարյուրամյակների դիսկուրսի հետ, որի թիրախում իշխանության բնույթն ու էությունն են։ Եթե այս բանավեճը տեղի ունենար հարյուր տարի առաջ, ապա ինչ-որ տեղ դա արդարացված կլիներ։ Չէ՞ որ 20-րդ դարի առաջին կեսին Եվրոպայում և ամբողջ աշխարհում մոլեգնում էր ամբողջատիրության ոգին, որի հիմքում իշխանության և առաջնորդի անսխալականության և գայթակղություններից ապահովագրված լինելու պլատոնական ուսմունքն էր։ Բայց դոգմատիզմի և դոգմատիկ մտածողության այս դրսևորումները դատապարտված էին պարտության, չէ՞ որ պատմական փորձառությունն ու հասարակագիտությունը հետագայում պետք է արձանագրեին, որ գայթակղությունն ու սխալականությունը իշխանության անբաժանելի որակներն են, իսկ դրանց կործանարար հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է ստեղծել ժողովրդավարական հասարակարգ, որտեղ քաղաքացին սխալվողի և ավելի շատ սխալվողի միջև ընտրություն կատարելու հնարավորություն կունենա։ 

Ասվածի համատեքստում ուզում ենք փաստել, որ ինչպես Հայաստանի կառավարող թիմը, այնպես էլ հանրության մի զգալի մասը դոգմատիկ մտածողություն ունեն։ Ամենևին էլ չենք պնդում, թե նրանք ամբողջատիրության ջատագով են, պարզապես մտածողությունն է դոգմատիկ։ Իսկ գիտակցական տիրույթում դոգմատիզմի ներկայության անխուսափելի հետևանքը ամբողջատիրության առարկայացման հեռանկարն է, ինչի փոքրիկ դրսևորումը վերևում մատնանշված օրինագծերի փաթեթն է։ 

Փաստացի Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը իրենց դոգմատիկ գիտակցությամբ պետական ու հանրային կյանքը պայմանավորում են իրենց անձնական որակներով, իբրև թե՝ վարչապետը առաքինի է, բարի ու ժողովրդավարական արժեքների նկատմամբ նախանձախնդիր։ Սա իհարկե մտածողության պարզունակ խցանում է, քանի որ համընդհանուրի շահը չի կարող երաշխավորվել անհատի եսակենտրոնությամբ։ Ավելին, ազատության մարդկային որոնումները չպետք է կախված լինեն մեկ կենտրոնի կամքով և երաշխավորությամբ, դա ստրկական ճանապարհ է դեպի անգո ազատությունը։ Այսինքն մարդու հիմնարար ազատությունները պետք է երաշխավորվեն ինստիտուտներով, որոնց ներգործությամբ պետության և քաղաքացու միջև գտնվող սահմանագիծը հստակ ու անձեռնմխելի կլինի։ Ինչպես տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչնչացնում է այդ ինստիտուտները՝ ջնջելով սահմանագծի անձեռնմխելիության սկզբունքը։ Այս իմաստով մենք որևէ երաշխիք չունենք, որ արտակարգ իրավիճակի պայմաններում իրավունքների ոտնահարման նախադեպը հետագայում չի փոխակերպվի պատժիչ մեխանիզմի։ Իհարկե չէի ուզի Արդարադատության նախարարին որևէ պիտակում կպցնել, բայց ստիպված եմ արձանագրել, որ նրա նախագիծը ամբողջությամբ համապատասխանում է ստալինիզմի ոգուն։ Հուսով եմ, որ պարոն Բադասյանը չի նեղանա, եթե փոքրիկ այս հոդվածը վերնագրեմ հենց այդ տրամաբանությամբ․ «Ռուստամ Բադասյան․ ստալինիստն առանց Ստալինի»։