Դասագրքերին կփոխարինեն ծրագրային նյութեր, որոնք դեռ փորձարկում պետք է անցնեն

Դասագրքերին կփոխարինեն ծրագրային նյութեր, որոնք դեռ փորձարկում պետք է անցնեն

Հանրակրթության նոր չափորոշիչն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2023-ի սեպտեմբերից։ Մինչ այդ այն փորձարկվելու է այդ նպատակով ընտրված Տավուշի մարզում, որտեղ արդեն մեկնարկել է վերապատրաստումների փուլը։

Բնագիտամաթեմատիկական եւ ճարտարագիտության բնագավառի ուսուցիչների վերապատրաստումը մեկնարկել է հուլիսի 7-ից, վերապատրաստումներն իրականացնում է «Այբ» հիմնադրամը։ Հումանիտար-հասարակական բնագավառի ուսուցիչների վերապատրաստումը մեկնարկել է հուլիսի 23-ից, որն իրականացնում է ԿԶՆԱԿ-ը։

Սեպտեմբերի 1-ից Տավուշի մարզի բոլոր պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ եւ 10-րդ դասարաններում ուսումնական գործընթացը կկազմակերպվի նոր չափորոշիչներով: Փորձարկումը կիրականացվի բոլոր բաղադրիչներով` գնահատման նոր համակարգից սկսած, վերջացրած նոր բովանդակությամբ ուսումնական նյութերով:
Քանի որ չափորոշիչի փորձարկման համար պահանջվում է անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում, ապա փորձարկվող դպրոցներում կբացվեն նոր լաբորատորիաներ, դպրոցները կստանան համակարգչային սարքավորումներ:

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերապատրաստումներն այժմ էլ ընթանում են Տավուշի մարզում՝ տարբեր թիրախային խմբերում։ «Հիմնական խնդիրները, որ առաջանում են, հիմնականում տեխնիկական, կազմակերպչական բնույթի են, բայց, ընդհանուր առմամբ, ամեն ինչ նորմալ հունով ընթանում է»,- ասաց ԿԳՄՍՆ ներկայացուցիչը։

Ինչ վերաբերում է ուսումնական նյութին, ապա դասագրքերի փոխարեն լինելու են ծրագրային նյութեր, որոնք դեռ պետք է փորձարկում անցնեն․ «Նպատակահարմար չէր միայն Տավուշի համար դասագրքեր հրատարակել, հետո փորձարկման արդյունքում նորից վերահրատարակել, քանի որ խմբագրման անհրաժեշտություն, բնականաբար, կառաջանար։ Ձեւավորվել են մասնագիտական առարկայական խմբեր, որոնք այդ ծրագրային նյութերը մշակել են, ներկայացրել են փորձաքննության եւ այդ ծրագրային նյութերի հիման վրա պետք է իրականացնեն թե՛ այդ վերապատրաստումները, թե՛ դասապրոցեսը։ Փորձարկումից հետո այդ ծրագրային նյութերը կլավացվեն, կխմբագրվեն եւ կդառնան հիմնական ծրագիր»։  

Ձեւավորված մասնագիտական առարկայական խմբերում ընդգրկված են մասնագետներ ԿԶՆԱԿ-ից, «Այբ» հիմնադրամից, նաեւ տարբեր խմբեր, որոնք ներգրավված են այդ գործընթացում։ Ինչ վերաբերում է ծրագրային նյութերի բովանդակությանը, ապա ուսուցիչներից դեռ չեն ստացել որեւէ դիտողություն. «Շատ ծավալուն են փոփոխությունները, եւ հիմա այն խմբերը, որ ամենօրյա ռեժիմով վերապատրաստում են անցկացնում, գործընթացն իրականացնում են։ Արձագանքները կստանանք ուսումնական տարվա ընթացքում, երբ դրանք արդեն գործնականում սկսեն կիրառվել, այդ ժամանակ առաջարկություններ ստանալու դեպքում դրանք կհավաքագրվեն, կամփոփվեն, եւ դրանց հիման վրա էլ կիրականացվեն այդ խմբագրումները»։  

Մանկավարժներից շատերը դեռ չգիտեն՝ որ ուսպլանով են աշխատելու՝ պիլոտային ծրագրի նպատակային պլանո՞վ, թե՞ ընդհանուր հանրակրթական ուսպլանով։ «Նախարարի հրամանով ուսպլանն արդեն հաստատվել է՝ լոկալ բնույթի հրաման է, որովհետեւ վերաբերում է միայն Տավուշի մարզի 2-րդ, 5-րդ, 7-րդ եւ 10-րդ դասարաններին, որտեղ որ իրականացվում է փորձարկումը։ Ուսպլանն արդեն հրապարակված է եւ դրա հիման վրա է իրականացվելու»։

Հանրակրթության նոր չափորոշիչը միայն Տավուշի մարզում փորձարկելը որքանո՞վ կփոխանցի ամբողջական պատկերը։ «Ըստ էության, այդ պատկերը մենք ունենալու ենք, անկախ նրանից՝ մե՞կ, թե՞ երկու մարզում է փորձարկվում, հենց նախնական փուլում քննարկվել էր, ու Տավուշի մարզն էր վերցվել՝ հաշվի առնելով նաեւ մարզում առկա միջազգային դպրոցների փաստը, որտեղ նաեւ հնարավոր կլինի վերապատրաստումներ անցկացնելը։ Ամեն դեպքում, մենք որոշակի պատկեր ունենալու ենք, որովհետեւ Տավուշի մարզի բոլոր ուսումնական հաստատությունների բոլոր փորձարկվող դասարաններն են ընդգրկված»։

Թե նախարարությունն այս ծրագրում ընդգրկված ուսուցիչներին ինչով է մոտիվացնում եւ խրախուսում, Ա․ Բաղդասարյանն ասում է․ «Առաջիկայում ծրագրում լինելու են պարբերաբար, նաեւ՝ ըստ կարիքների վերապատրաստումներ, եւ, իհարկե, աշխատավարձի վերանայման հարց կա այդտեղ։ Տավուշի մարզում փորձակվելու է նաեւ նոր գնահատման կարգը, որի արդյունքում դրույքային փոփոխություններ են տեղի ունենալու, եւ, ըստ էության, դա ազդելու է նաեւ ուսուցիչների աշխատավարձի վրա։ Ինչպես նաեւ կամավոր ատեստավորման գործընթացն է ներդրվել, որի դեպքում եւս ուսուցիչներն ատեստավորում անցնելու արդյունքում կարող են մինչեւ 50 տոկոս հավելավճար ստանալ»։

ԿԳՄՍՆ ներկայացուցիչը նշեց, որ վերանայվել է եւ փոփոխվում է նաեւ տարակարգի շնորհման գործընթացը․ «Եթե հիմա, գործող օրենսդրությամբ, 1-4-րդ աստիճանի տարակարգին հասնելու համար, որն ամենաբարձրն է, 9 տարի ժամանակ է պետք, որին պետք է նաեւ աստիճանական հասնես, նոր կարգավորումների համաձայն, որոնք դեռ նախագծվում են, բայց առաջիկայում կշրջանառենք ու կուղարկենք կառավարություն, այն ուսուցիչը, որը միանգամից հավակնում է 4-րդ աստիճանի տարակարգի, կարող է միանգամից դիմել 4-րդ աստիճանի տարակարգի համար եւ 50 տոկոս աշխատավարձի հավելավճար ստանալ»։