Պարտված դեմք, ասիմետրիկ պատասխան, խաղաղության մուրում` Փաշինյանի պատասխանն Ալիեւին

Պարտված դեմք, ասիմետրիկ պատասխան, խաղաղության մուրում` Փաշինյանի պատասխանն Ալիեւին

Հարցազրույց «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի հիմնադիր, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանի հետ

- Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսեց կառուցողական մթնոլորտի եւ «խաղաղության դարաշրջանի» մասին` ի հակադրություն Ալիեւի ելույթի, երբ նա սպառնալիք էր տալիս, որ, այ, դուք այսքան տարի անիմաստ` Մինսկի խումբ, բանակցություններ, իսկ ես իմ երկրի տարածքային ամբողջականության հարցը լուծեցի ռազմական ուժի միջոցով։ Փաշինյանի պատասխանն Ալիեւին, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն էր։

- Ես կուզենայի գնահատել ոչ միայն ՄԱԿ-ում հնչեցրած ելույթները, այլեւ ընդհանուր պրոցեսը, որն արձանագրվել է հետպատերազմյան ժամանակաշրջանում։ Մենք տեսնում ենք ասիմետրիկ հարաբերություններ եւ ասիմետրիկ հայտարարություններ։ Մի կողմից՝ թուրք-ադրբեջանական զույգի հարձակվողական ոճն ու նախապայմանների լեզուն, եւ հայաստանյան կողմից՝ պաշտպանողական մոտեցում ու խաղաղության մուրում։ Այսինքն՝ Հայաստանը խաղաղություն է մուրում։ Զրո նախապայման։ Օրինակ՝ հայկական կողմից կարող է նախապայման հնչել, որ կոմունիկացիաների բացումը ենթադրվելու է միայն մեր գերիների վերադարձի եւ Հայաստանի տարածքից ադրբեջանական զորամիավորումների դուրսբերումից հետո։ Նման հայտարարություններ մենք չենք տեսնում։ Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանի համար այնքան կարեւոր են այդ, այսպես կոչված, կոմունիկացիաների բացման գործընթացները, որ մենք զրո նախապայմաններով եւ ադրբեջանական փաստացի օկուպացիայի պայմաններում պատրաստ ենք գնալ այդ քայլին։ Իսկ ի՞նչ են ասում Ադրբեջանն ու Թուրքիան․ նրանք առաջ են քաշում նախապայմաններ, առաջինը` ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ պետք է ներառվի ԼՂ-ն, ընդունել, որ Արցախի խնդիր այլեւս գոյություն չունի, եւ, հետեւաբար, ԵԱՀԿ ՄԽ ֆորմատը լուծարել եւ ստեղծել Էրդողանի առաջադրած «3+3» բանաձեւով համակարգ՝ Թուրքիա, Ադրբեջան, Իրան, ՌԴ, Հայաստան, Վրաստան։ Իրականում, Թուրքիան այս առաջարկն անում է Հարավային Կովկասում փայատիրական սկզբունքով պրոցեսներին մասնակցելու համար։ Սյունիքի միջանցքի տրամադրումը, որն Ալիեւը սկսել է օգտագործել որպես «Արեւմտյան Զանգեզուր», հաջորդը՝ հայկական զորամիավորումներ չուղարկելն Արցախ։ Նաեւ պահանջ է ներկայացնում ՌԴ-ին՝ այլեւս չզինել, չարդիականացնել հայկական բանակը։ Սրանք հստակ նախապայմաններ են, որ դրվում են մեր թշնամիների կողմից` որ եթե ձեզ համար կարեւոր է դրանց բացումը, պետք է բավարարեք այս նախապայմանները։ Ւսկ դրանց բավարարումը նշանակում է Հայաստանի Հանրապետության ավարտ։ Հաջորդ ասիմետրիան, որ առաջացել է՝ այն դիվանագիտական ապտակը, որն օրերս ստացել է պաշտոնական Երեւանը։ Խոսքն Էրդողանի հայտարարությանն է վերաբերում՝ միջնորդավորված կերպով իրեն հանդիպելու ցանկությանը։ Ստացան մերժում հրապարակային ապտակի ու նախապայմանների տեսքով։ Միջնորդավորված հանդիպում խնդրելը եւ հրապարակայնորեն մերժվելը դիվանագիտական ահավոր ձախողում են: Եվ դրանք շարունակվելու են, քանի դեռ Հայաստանի անունից բանակցում է պարտության եւ խայտառակության խորհրդանիշը։

- Ըստ Ձեզ՝ միջազգային հանրության կողմից կա՞  հարաբերությունները կարգավորելու հորդոր։

- Միջազգային հանրությունը լռությամբ էր հետեւում 44-օրյա պատերազմին։ Եվ այնպես չէ, որ հիմա էլ միջազգային հանրությունը կրավորական կեցվածք չունի։ Ինչ վերաբերում է հայտարարություններին, ապա «խաղաղության դարաշրջան» կոչվածը գուցե ականջահաճո թվա, որովհետեւ բոլորն էլ հասկանում են, որ շատ լավ է խաղաղ ապրելը, այն էլ՝ մի ամբողջ դարաշրջան։ Բայց դա միայն լոզունգներով հնարավոր չէ, լոզունգներով դարաշրջան չի բացվում։ Խաղաղության դարաշրջանը բացվում է տնտեսական ու ռազմաքաղաքական բալանսի կարգավորման պայմաններում։ Հիմա մեր կողմը խաղաղություն է մուրում, թշնամին խոսում է նախապայմաններից, որովհետեւ ցանկացած մուրացկանություն ավելի է գրգռում հակառակորդի ախորժակը եւ նրան բերում այն համոզման, որ ինքը կարող է ստանալ ավելին, քան հնարավոր է։ Եվ այս պրոցեսը կանգ չի առնելու, քանի դեռ այդ մուրացկանությունը չի փոխվել։ Իսկ դա կփոխվի միայն Հայաստանի պարտության դեմքի փոփոխության պարագայում։ Հայաստանին նոր բանակցող է անհրաժեշտ, որովհետեւ նոր բանակցողով հնարավոր են նոր պայմաններ, այլ հարաբերություններ։ Նվաստացած վիճակում գտնվող պետության ղեկավարը չի կարող ո՛չ խաղաղություն, ո՛չ էլ, առավել եւս, խաղաղության դարաշրջան բացել։

- Բայց նոր բանակցողն իր նախորդի իրավահաջորդը չի՞ լինելու։

- Անկախ ամեն ինչից, ցանկացած պարագայում՝ Գերմանիայի համար կլինի, թե այլ պետության, համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ պարտված մարդը չի կարող բանակցել։ Դեմքը պետք է փոխվի, որից հետո արդեն նոր մոտեցումներ լինեն, նոր հարաբերություններ։

- Իսկ ինչո՞ւ է Հայաստանի համար կոմունիկացիաների խնդիրն այդքան կարեւոր։ Ի վերջո, ինչպես Շարմազանովն է ասում՝ մեր մանկության երազանքը չի եղել Ադրբեջանով ՌԴ գնալը։

- Իրականում դա Երեւանի օրակարգը չէ։ Մենք պետք է պարզ խոստովանենք եւ ընդունենք, որ պատերազմի դադարեցմանն Ալիեւը համաձայնել է նաեւ Սյունիքի միջոցով Նախիջեւանի հետ կապվելու պայմանով։ Այսինքն՝ դա, ըստ էության, կարեւորագույն կետերից մեկն է եղել, որ իրենք կանգնեն, որովհետեւ, մեծ հաշվով, օրերի խնդիր էր Ստեփանակերտը եւ ամբողջ Արցախը կորցնելը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի գլխավորած համակարգը փլուզված էր ե՛ւ բարոյահոգեբանական, ե՛ւ ռազմական առումով։ Դա թուրքական օրակարգ է, մենք պարտված կողմ ենք, Ադրբեջանն ուզում է Սյունիքով ստանալ այդ միջանցքը։ Եվ Թուրքիայի միջամտությամբ այդ պատերազմը հիմնականում Սյունիքի համար էր, ոչ այնքան Արցախի։ Իրենք այդ խնդիրը փորձում են լուծել հետպատերազմյան փուլում։ 

Բայց դե սա Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է որպես իր օրակարգ։ Եվ էն պարզունակ պատկերացումները կան, որ եթե կոմունիկացիաները բացվեն, տնտեսական աճ է լինելու։ Իրականում, այդ հարաբերությունները կկարգավորվեն միայն ռազմաքաղաքական բալանսի պայմաններում, եւ եթե Հայաստանը  վերագտնի իր սուբյեկտայնությունը։
Ինչ վերաբերում է դեմարկացիա-դելիմիտացիային, այստեղ նաեւ Մոսկվայի օրակարգը կա, որպեսզի հստակեցնեն սահմանները եւ որպես ՀԱՊԿ անդամ՝ կարողանան Ադրբեջանին պարտադրել խաղաղություն եւ սահմանային միջադեպերի բացառում։ Ռուսները շահագրգռված են, որ Ղարաբաղում լինեն հայեր, եւ կարգավիճակի հարցն առայժմ սառեցվի։