Եթե Ամուլսարն էլ Մղարթի նման կառուցեինք, հավանաբար ծախսը շատ ավելի քիչ կլիներ

Երեկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ Ամուլսարում 400 միլիոնի ներդրում չի արվել, որ այնտեղ ընդամենը երկու պոչամբար է կառուցվել: Մենք կապվեցինք «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ եւ հետաքրքրվեցինք, թե ինչ կարող է ասել այս հայտարարության վերաբերյալ։
- Այն փաստը, որ հանք ունեցող մարդը, կարծես, չի պատկերացնում թե ժամանակակից հանքարդյունաբերությունը ինչ լուրջ տեխնոլոգիական պրոցես է և ինչ ահռելի ծախսերի հետ է կապված լավ հանքի շինարարությունը, արդեն իսկ խոսուն փաստ է Հայաստանի հանքարդյունաբերության որակի մասին: Իրենց տեսած հանքերը, թերևս հենց այդպիսին են եղել՝ երկու փոս, ու ոչ մի բնապահպանական միջոցառում: Ու հենց այդ հանքերն են նման բացասական վերաբերմունքը ձևավորել: Ամուլսարը՝ նախ չունի պոչամբար: Երկրորդ, միայն մեր բնապահպանական ու նախագծային ծախսերը, որոնք իրականացրել են աշխարհի առաջատար ընկերությունները, մի քանի տասնյակ միլիոն դոլար են եղել: Եթե Ամուլսարն էլ Մղարթի նման կառուցեինք, հավանաբար այո, ծախսը շատ ավելի քիչ կլիներ: Ամուլսարի ապօրինի շրջափակումից առաջ շինարարության 80 տոկոսը արդեն ավարտված էր, կառուցվել էին ոսկու կորզման ժամանակակից գործարանի, փակ, նորագույն ջարդիչ կայանի ու փոխակրիչի զգալի մասը: Ժամանակակից հանքարդյունաբերությունից հասկացող մարդը կտեսներ, որ խոսքը հարյուր միլիոնավոր դոլարների մասին է: Զարմանալի է, որ կազինո-ռեստորան կառուցելու վրա 100 միլին դոլար ծախսած գործարարը կարող է զարմանալ, որ 10 տարվա որոնողահետախուզությունը ու լավագույն տեխնոլոգիաներով հանքի շինարարությունը գրեթե ավարտած ընկերությունը 400 միլիոն է ներդրել: Ի դեպ, ի տարբերություն կազինոների ու երկու ջրափոսով հանքերի տերերի, Լիդիանի բոլոր ֆինանսական հաշվետվությունները հասանելի են, հեշտությամբ կարելի է ստուգել՝ ինչ է ծախսվել և ինչի վրա:
- Իսկ ի՞նչ կարծիքի եք վարչապետի վերջին հայտարարությունների մասին, կարծում եք Ամուլսարը կվերագործարկվի՞։
- Չէի ցանկանա այս պահին մեկնաբանել Ամուլսարի շուրջ իրավիճակը:
Կարծիքներ