Նախարարների կադրային ավերիչ արշավանքները

Նախարարների կադրային ավերիչ արշավանքները

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, եկած-չեկած՝ կադրային ջարդ է սկսել կոմիտեում։ Նշանակվելուց կարճ ժամանակ անց նա նախ ազատվեց ՊԵԿ հարկային բլոկի հիմնասյուներից մեկը համարվող փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանից, ապա սկսեց ներքեւի օղակներում «չիստկա» անել։ 6 վարչության պետ է ազատվել աշխատանքից, որոնց փոխարեն յուրայիններն են նշանակվում։ ՊԵԿ երիտասարդ ու անփորձ նախագահը հին, փորձառու կադրերի տեղը նշանակում է իր պես երիտասարդ ու անփորձ մարդկանց։ Ի դեպ, Բադասյանը նույն «ավերիչ» քաղաքականությունն է վարել նաեւ արդարադատության նախարար եղած ժամանակ։

Այստեղ էլ հին, փորձառու կադրերին տարբեր պատրվակներով ազատել է ու նշանակել իր ճաշակին համահունչ անձանց, ինչի հետեւանքով պրոֆեսիոնալ աշխատանքն էապես տուժել է։ Հիմա էլ Կարեն Անդրեասյանն է փորձում ազատվել Բադասյանի կադրերից:

Երեկ՝ կառավարության նիստից հետո, երբ Ռուստամ Բադասյանին հարցրինք, թե ինչու է նման փոփոխություններ անում, նա բացատրեց․ «Նախ՝ կադրային ջարդ Պետական եկամուտների կոմիտեում չի իրականացվում, իրականացվում է սովորական կադրային քաղաքականություն, որ բնական է ցանկացած պետական մարմնի համար, եւ կարող եմ ասել, որ կադրային քաղաքականության հիմքում ընկած է միայն մեկ սկզբունք՝ այն, որ նախապատվությունը տալիս ենք այնպիսի աշխատակիցների, ովքեր ունեն համապատասխան պոտենցիալ եւ հարկային, մաքսային համակարգի ներսում ցուցաբերել են իրենց որպես պրոֆեսիոնալ կադրեր»։

Ինչ վերաբերում է վեց վարչության պետերի ազատմանը, Բադասյանը չհերքեց՝ նշելով, որ կան վարչության պետերի փոխատեղումներ, նոր նշանակումներ, եւ նրանց հիմնական, գերակշիռ հատվածը համակարգի ներսից է։

Դիտարկմանը, որ նախկին ՊԵԿ նախագահների օրոք նման արմատական փոփոխություններ չեն եղել, որ գան ու հին, փորձառու կադրերից ազատվեն, հիմա որքանո՞վ է նպատակահարմար փորձառու կադրերից ազատվել եւ սեփական թիմակիցներով համալրել համակարգը, Բադասյանը պատասխանեց․ «Ես ասեմ, որ նշանակումներն արվում են հենց փորձառության հիման վրա։ Ես ՊԵԿ նախագահի տեղակալ աշխատել եմ եւ, ըստ էության, մեծ տարբերություն այն ժամանակվա կադրային փոփոխությունների քանակի հետ չեմ կարող արձանագրել»։

Արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանից էլ հետաքրքրվեցինք՝ ինքը, գալով նախարարություն, կադրային ջարդ կամ փոխատեղումներ իրականացրե՞լ է։ «Ես ջարդ ընդհանրապես որեւէ պարագայում եւ ոչ մի բանում չեմ իրականացրել իմ կյանքում, կադրային փոփոխություններ իրականացրել եմ բոլոր էն տեղերում, որտեղ ղեկավար եմ եղել, ու նաեւ պատրաստվում եմ եւ իրականացրել եմ նաեւ այս նախարարությունում, եւ դեռ կարող են լինել շատ կադրային փոփոխություններ։ Մանավանդ, որ մարդիկ նույնպես, ինչքան էլ տաղանդավոր ու լավը լինեն, այսօր ստանում են մասնավոր ոլորտից առաջարկներ, իրենք են դիմումներ գրում, որովհետեւ ուզում են փոխել իրենց աշխատանքային ոլորտը, ու նաեւ ես եմ տեսնում մարդիկ, որոնց հետ մեր աշխատանքն այդքան էլ արդյունավետ չի ստացվում»,- ասաց Կարեն Անդրեասյանը։

- Իսկ նախկին նախարար Ռուստամ Բադասյանն ինչպիսի՞ կադրային բազա եւ համակարգ է թողել Ձեզ, երբ ստանձնեցիք այս պաշտոնը։

- Ես կարծում եմ՝ պարոն Բադասյանն ինձ թողել է բավականին առողջ, կենսունակ, տաղանդավոր մարդկանց թիմ։ Միեւնույն ժամանակ, այդ նույն տաղանդավոր մարդիկ կարող են ինձ հետ մի ձեւով աշխատել, իր հետ՝ մեկ այլ ձեւով, եւ մենք շարունակականությունը պահում ենք թիմային մտածողությամբ։

- Բայց ասում են՝  Բադասյանը բազմաթիվ լավ կադրերի ազատել է աշխատանքից, երբ եկել է արդարադատության նախարարություն։

- Այդ հարցերն իրեն ուղղեք՝ ես իր փոխարեն չպատասխանեմ։

- Իսկ առանցքային պաշտոններում՝ աշխատակազմի ղեկավար, փոխնախարարներ, վարչության պետեր, փոփոխություններ սպասվո՞ւմ են։

- Ոչ թե սպասվում են, այլեւ լինում են։ Հիմա էլ, օրինակ, երեկ է աշխատանքից ազատվել մեր նախարարության աշխատակազմի գլխավոր քարտուղարը (աշխատակազմի ղեկավարը՝ խմբ․), իր դիմումի համաձայն։ Եվ էստեղ ինտրիգ փնտրելու կարիք, կարծում եմ, չկա, իր ցանկությամբ է եղել, մենք շատ լավ աշխատել ենք, ես շատ գոհ եմ իր աշխատանքից, կարծում եմ՝ ինքն էլ ինձ հետ վատ չի եղել աշխատանքային հարաբերություններում, ուղղակի իր անձնական, ավելի հետաքրքիր կարիերայի զարգացման հնարավորություն ուներ՝ մարդը դիմել է, որպեսզի գնա։

- Մենք էլ գիտեինք, թե Ձեզ մոտ է հետաքրքիր աշխատելն ու կարիերա անելը։

- Իրեն մասնավոր ոլորտն էս պահին ավելի հետաքրքիր է թվացել։ Իր փոխարեն ես չպատասխանեմ։ Եվ շատ մարդիկ կարող են գալ եւ գնալ, ու դրա մեջ, նորից եմ ասում, խարդավանքներ չկան։

- Իսկ ո՞վ է գալու նրա փոխարեն։

- Դեռ մրցույթ ենք հայտարարելու, մի ամիս հետո երեւի կիմանանք։