Դիլիջանի նախկին քաղաքապետը դիմել է Սահմանադրական դատարան` իրեն ԺՊ չնշանակելու հիմքով

Դիլիջանի նախկին քաղաքապետը դիմել է Սահմանադրական դատարան` իրեն ԺՊ չնշանակելու հիմքով

Երեկվանից համացանցում ակտիվ քննարկվում է այն, որ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել բենզալցակայանի նախկին աշխատակից Դավիթ Սարգսյանին, ով անձնական տվյալների ձևաթղթում իր սեռի դիմաց գրել է «արու»: 

Սարգսյանը, պարզվեց, մինչև նշանակվելը Դիլիջանի ավագանու անդամ է եղել: Այս մասին մենք իմացանք Դիլիջանի արդեն նախկին քաղաքապետ, մոտ 13 տարի քաղաքը ղեկավարած Արմեն Սանթրոսյանի հետ զրույցում:

Հարցրինք` Դիլիջանը նախկինում երբևէ «արու» քաղաքապետ ունեցե՞լ է, թե՞ սա առաջին դեպքն է, Սանթրոսյանն ասաց. «Բերեք ես ոչ մի հարցի չպատասխանեմ, հետո առիթ կլինի, կհանդիպենք, կխոսենք»:

-Բայց, ամեն դեպքում, ճանաչո՞ւմ եք այդ անձնավորությանը, երբևէ առիթ ունեցե՞լ եք նրա հետ շփվելու, կամ արդեն հանձնե՞լ եք կաբինետը նրան:

-Դեռ չի եկել, չեն զանգել ասել, որ եկել ենք ընդունում-հանձնում անենք, ես իրեն ճանաչում եմ, ինքը մեր ավագանու անդամներից է, մենք հինգ տարի միասին աշխատել ենք:

-Ճանաչում եք, փաստորեն: Իսկ ի՞նչ կասեք, տիրապետո՞ւմ է քաղաքին, ոլորտին :

-Դե, հիմա, էնքանով, ինչքանով, չեմ կարող ասել, ավագանու նիստից նիստ ենք շփվել ավելի շատ, հուսով եմ, որ նորմալ կաշխատի:

-Իսկ ո՞ւմ թիմից է, Փաշինյանի՞ թիմակիցն է:

-Էդ հարցերը իրա հետ, էլի:

-Պարոն Սանթրոսյան, սովորաբար, երբ քաղաքապետի լիազորությունների ժամկետը լրանում է, հետո այդ նույն քաղաքապե՞տը չի նշանակվում որպես ժամանակավոր պաշտոնակատար, մինչև նոր ընտրություններ կանցկացվեն: Ինչո՞ւ որոշեցին այլ մարդու նշանակել:

-Էդ հարցերը` իրանց: Ես, անկախ ամեն ինչից, դիմել եմ Սահմանադրական դատարան:

-Ի՞նչ հարցով եք դիմել:

-Հենց էդ, որ սահմանադրական կարգի խախտում է, որովհետև տալիս է, որ լիազորությունները դադարելուց հետո պետք է պաշտոնավարի համայնքի ղեկավարը, մինչև նոր ընտրություններ կանցկացվեն:

-Ե՞րբ է դադարել Ձեր լիազորությունները և ե՞րբ է ԺՊ-ն նշանակվել:

-Ամսի 22-ին դադարել է, ամսի  26-ին նշանակվել:

-Ձեզ հետ կապված նաև քրեական գործեր կային հարուցված ինչ-որ չարաշահումների հարցով, ի՞նչ փուլում է հիմա այդ գործը:

-Ընթացքի մեջ են հիմա էդ գործերը, չեմ ուզում պատասխանել, որովհետև քննությունը դեռ շարունակվում է: Բայց չկա տենց բան (չարաշահումները նկատի ունի.-խմբ), էնտեղ այլ հարցեր են: