The Hill-ն ապատեղեկացվա՞ծ է

The Hill-ն ապատեղեկացվա՞ծ է

Քաղաքական նորությունների ամերիկյան հեղինակավոր The Hill –ի կայքում հանդիպում է հա­ղոր­դագրություն, ըստ որի որպես ՀՀ նախագահի հրաժարականի գլխավոր շարժառիթ նշվում է ՀՀ սահմա­նադրության անկատարությունը: Դրա մասին է վկայում հաղորդագրության վերնագիրը. Armenia's president resigns, complaining of constitutional shortcomings.

Նշված լրատվամիջոցն ընդամենը փոխանցել է ՀՀ նախկին նախագահի հայտարարությունից բխող հաղորդագրություն: Ինչպե՞ս կարելի էր այդպիսի տեքստով, էլ չասենք՝ անգլիական կամ ֆրանսիական ձևով հեռանալ պետության ղեկավարի պաշտոնից: Իսկ հեռուստաուղերձով՝ «կներեք հարգելի ՀՀ քաղաքացիներ, որ չկարողացա արդարացնել ձեր հույսերն ու սպասելիքները»: 
Ի դեպ, «հեռանալ անգլիական ձևով» ասում են, երբ ինչ-որ մեկը հեռանում է հրաժեշտ չտալով: Կարելի է կարծել, թե այս արտահայտությունը ծաղրում է տգետ պահվածքը: Մինչդեռ բրիտանահպատակները, ինչպես ոչ մեկը, ձգտում են հետևել էտիկետի կանոններին. նրանք, նախքան հեռանալը, երկար ու քաղաքավարի հրաժեշտ են տալիս շրջապատող մարդկանց, իսկ այլ վարքագիծը համարում են վատ վարվելակերպի նշան և անվանում են «հեռանալ ֆրանսիական ձևով»: 

Գոյություն ունի վարկած, ըստ որի՝ այդ արտահայտությունն առաջացել է Անգլիայի և Ֆրանսիայի միջև Յոթնամյա պատերազմի (1756–1763թթ.) ժամանակներում: Այդ ժա­մանակ, անգլիական զինվորականները սկսել են խոսել ֆրանսիացիների մասին, ովքեր ինքնակամ լքել են զորամասերը. «to take French leave», այսինքն՝ «հեռանալ ֆրանսիական ձևով»: Ասվածը չպետք է որևէ կերպ համարել վիրավորանք՝ հայերիս կողմից անչափ սիրելի ֆրանսիացիների նկատմամբ: Ըստ էության, մինչև հունվարի 24-ը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը «հեռացել է ֆրանսիական ձևով». լքել է խիստ պայթյու­նավտանգ, ռազմական բախման թատերաբեմ դարձած երկիրը: Ու դա ոչ մի առնչություն չունի ՀՀ սահմանադրության թերությունների հետ: Ինչպե՞ս կարող էր տարրական իրավական գիտելիքներից զուրկ մեկը զբաղեցնել այդ պաշտոնը: Իսկ այդպիսի տարրա­կան գիտելիքներից մեկն ասում է՝ օրենքների չիմացությունը չի ազատում պատաս­խանատվությունից: Տպավորություն է ստեղծվում, որ անգլերենին տիրապետող ինչ-որ մեկը զլացել է ծանոթանալ ՀՀ հիմնական օրենքին և 4 տարի անց է միայն հասկացել, թե ինչ թերություններ կան նրանում: Դժվար է հավատալ: 

Այդ անձնավորությանը թերեւս չի հետաքրքրել Հայաստանի հանրապետությունը, առավելևս՝ ՀՀ «անատամ» նախագահի պաշտոնը: Պրագմատիկ ու նորմալ է: Բայց, օգտագործելով այդ դիրքը, նա վստահություն է ներշնչել իր բիզնես-գործընկերներին և, հավանաբար, 4 տարվա ընթացքում ունեցել է որոշակի բիզնես-ձեռքբերումներ: Ապրի նա: Բայց ապրի նաև ՀՀ-ն, որ դեռևս իրենից ինչ-որ կապիտալ է ներկայացնում: Հետևաբար, ինչպես ամուսինների դեպքում է ասվում, որ համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված ունեցվածքը պետք է հավասարաչափ բաշխվի, ուստի նշված ժամանակահատվածում նրա ձեռբերումների 50%-ի մասնաբաժինն իրավամբ պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Համապատասխան լիազոր մարմինները պարտավոր են զբաղվել ՀՀ ունեցվածքի հարցով:

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր