Սմբատ Բարսեղյանի համար՝ ցմահ ազատազրկում, Պավել Մանուկյանի՝ 9 տարի․ որքան պահանջեցին ազատազրկել «Սասնա ծռերին»

Սմբատ Բարսեղյանի համար՝ ցմահ ազատազրկում, Պավել Մանուկյանի՝ 9 տարի․ որքան պահանջեցին ազատազրկել «Սասնա ծռերին»

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվում է 2016 թվականի ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատավարությունը։ Այսօրվա դատական նիստին դատախազները հանդես եկան մեղադրական ճառով։

Նրանք պահանջեցին խմբի անդամներին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով` (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը):

Մեղադրող Պետրոս Պետրոսյանը միջնորդեց Արայիկի Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ նրա մահվան հանգամանքով պայմանավորված։

Մեղադրողը միջնորդեց՝ Արեգ Կյուրեղյանին, էդվարդ Գրիգորյանին պատիժ նշանակել 8 տարի 6 ամիս, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի 9 ամիս, Սեդրակ Նազարյանին 9 տարի, Մխիթար Ավետիսյանին 8 տարի 9 ամիս, Վարուժան Ավետիսյանին 8 տարի 9 ամիս, Պավել Մանուկյանին 9 տարի, Արմեն Բիլյանին 21 տարի ժամկետով, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ ազատազրկում։ 

Նշենք, որ 2016 թվականին հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ մահացել էր ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը, իսկ հետո՝ Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը: Վերջինը, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահացել էր դիպուկահարի կրակոցից: