Վաղվա աղմկոտ դատավարությունները

Վաղվա աղմկոտ դատավարությունները

Ոչ հեռավոր ապագայում մեր երկրում սպասվում են իրավական լուրջ գործընթացներ։ Դրանք լինելու են բարդ, բարոյապես ծանր, բայց հստակ պատասխաններ ու հետևանքներ ակնկալող գործընթացներ։

    1. Ուկրաինայի դատարանը քննում է նախկին նախագահ Պ. Պորոշենկոյի խափանման միջոցի ընրության հարցը։ Որոշումը կընդունվի հուլիսի 8-ին։ Պորոշենկոյի դեմ շուրջ 24 քրեական գործ կա հարուցված։ Հարուցված գործերը վերաբերում են կոալիցիայի բացակայության պայմաններում վարչապետի նշանակմանը, մյուսը՝ Կիևի շրջանային վարչական դատարանի աշխատանքին միջամտելուն, մեկ այլ գործ էլ կապված է Բարձրագույն Արդարադատության խորհրդի անդամների նշանակմանը։

Խոսքը վերաբերում է Ուկրաինայի լեգիտիմ նախագահին, ում թիկունքում  նաև արևմուտքն էր՝ ԱՄՆ-ն։ Բայց դա որևէ կերպ արգելք չի հանդիսանում գործող իշխանությունների համար նրա կողմից կարատված իրավախախտումները քննության առարկա դարձնելու համար։

Սա մի պարզ օրինակ է, որ իրենց աչքի առաջ պետք է ունենան Հայաստանի այսօրվա իշխանությունները։ Լեգիտիմ լինելու ամպագորգոռ հայտարարությունները փրկություն չեն։ Այսօր կատարված իրավախախտումներին, Սահմանադրության ոտմահարմանը, իշխանության յուրացմանը հաջորդ իշխանությունները պետք է գնահատական տան։ Կլինեն դա յուրայինները՝ ինչը քիչ հավանական է, թե կլինեն նորերը՝ Սահմանադրության և օրենքների ոտնահարումները չեն կարող քաղաքական և իրավական քննարկման և քննության առարկա չդառնալ։ Սա պետք է քաջ գիտակցեն նախագահ Արմեն Սարգսյանն ու զեկուցող, օրենքի նախագիծը ներկայացնող Վահագն Հովակիմյանը, Աժ նախագահը, Սահմանադրության և ՍԴ մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախաձեռնությունը շրջանառության մեջ դրած մյուս պատգամավորները, և ի վերջո դրան կողմ քվեարկած 89-ը։ 

Քրեական գործերի քննությունն անխուսափելի է լինելու, որովհետև վստահ եմ քվեարկող յուրաքանչյուր պատգամավոր իր մտքում նախագծի հակասահմանադրականության հետ կապված կասկածներ ունեցել է։ Կասկածներ ունեցել է նաև, թե ինչու է նախագիծը բարդվել ԱԺ- վրա։ Եվ ինչու կառավարությունը, որ նախաձեռնել էր գործընթացը, դիմել էր Վենետիկի հանձնաժողով, մի պահից մի կողմ քաշվեց, ձեռքերը լվաց և ողջ պատասխանատվությունը թողեց ԱԺ ուսերին։

Զարմանալիորեն այս ամենից ֆորմալ առումով  դուրս է մնում երկրի վարչապետը։ Սա պետք է հիշեն ԱԺ ներկայիս պատգամավորները։ Նրանք են ընդունել պետականության դեմ ուղղված օրինագծեր, որոնց գնահատականները՝ քաղաքական և իրավական, անպայման տրվելու են, ոչ հեռավոր ապագայում դառնալու են քննության առարկա։ Բայց ոչ վարչապետը։ Որքան էլ նա լայվով, սոցցանցերում նախկին էնտուզիազմով ելույթներ ունենա՝ բռնել, կախել, վիրավորել, մեղադրել, դատավճիռ կայացնել, դավաճան հռչակել և այլն, պատասխանատուն նախագիծը ներկայացնողներն, ընդունողներն ու ստորագրողն է կամ ստորագրելու լիազորությունից փախչողը։

Քննության առարկա կդառնա նաև իմքայլական անհնազանդ պատգամավորի «Սև ցուցակ» կազմելու և դրանով իսկ իմքայլականներին ծառայություններ մատուցելուն հարկադրելու, իսկ վերջին օրերին՝ մատուցած ծառայություններին դիմաց «համաներում» շնորհելու հանգամանքը։ Այս մասին հրապարակումները առկա են մամուլում։ 

    2. Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի տարածման և վարակից մահացությունների ահագնացող թվերին, հայտարարել էր."...Ենթադրենք՝ 20 հազար դեպքը եղել է իմ սխալի պատճառով, բա աշխարհի 10 մլն դեպքը ո՞ւմ սխալն է..."
Կրկին անգամ չկենտրոնանալով թվերի տրամաբանության և սխալների մեջ, դրանք առանձին և երկար քննարկման առարկա են, հիշեցնենք, որ աշխարհում տարբեր պետություններ քննում են իրենց երկրներում վիրուսի կառավարման, տարածման և մահերի հետ կապված խնդիրները։ Շվեդիայում ստեղծվել է հանձնաժողով, որը քննելու է վիրուսի դեմ պայքարում իշխանությունների գործողությունները, Իտալիայում ընթանում է քննություն, հարցաքննում են վարչապետին՝ կապված կորոնավիրուսի բռնկման ժամանակ իշխանությունների պատշաճ արձագանքի և գործողությունների հետ։ Թրամփն աշնանը ամենայն հավանականությամբ չի վերընտրվի և դարձյալ պատասխան կտա։ 

Բազմաթիվ պետություններ են գնում այս ճանապարհով։ Սա համաշխարհային տրենդն է. համավարակը տապալած բոլոր երկրների հասարակությունները բացատրություն են պահանջելու։ Դա լինելու է պաշտոնանկությունների կամ դատաիրավական հարթության մեջ։  Հնարավոր չէ  հոսանքին հակառակ էֆեկտիվ լողալ։

Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»