Սիսակ Գաբրիելյանի հայտարարությունը ցույց տվեց, որ քաղաքական հետապնդում է․ Արսեն Բաբայան

Սիսակ Գաբրիելյանի հայտարարությունը ցույց տվեց, որ քաղաքական հետապնդում է․ Արսեն Բաբայան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, որը մեղադրվում է պաշտոնական կեղծիք կատարելու և օժանդակելու մեջ և երեկ՝ 22 օր կալանավայրում անցկացնելուց հետո ազատ արձակվեց, այսօր իր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումը ՀՀ պատմության մեջ աննախադեպ է․

«Ես ուզում եմ ձեր ուշադրությունը նաև հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս տեսակի ապօրինությունները ՀՀ-ում աննախադեպ են, որ քրեական գործում չլինի օրենքի պահպանման որևէ կետ, նման ապօրինությունների ծավալ ես երբևէ չեմ տեսել։ Ուզում եմ խոսել նաև խափանման միջոցի փոփոխության մասին․ ինչպես գիտեք, դատախազությունը փոխեց իմ խափանման միջոցը, կիրառեց անձնական երաշխավորությունը։ Այս առումով ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Արցախի ՄԻՊ-ին՝ Արտակ Բեգլարյանին, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին, որոնք առաջին իսկ օրերից հանդես եկան միջնորդություններով։ Շնորհակալություն պիտի հայտնեմ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին, որը հետագայում միացավ այս միջնորդությանը, և, փաստորեն, բավարարվեցին Ավետիք Իշխանյանի և Սիսակ Գաբրիելյանի միջնորդությունները»։

Բաբայանին հարցրինք, թե ինչով է պայմանավորված իշխանական պատգամավորի կողմից անձնական երաշխավորություն ներկայացնելը, երբ Բաբայանը վստահ է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է ընթանում։ Սրանով իշխանությունները փորձում են տպավորությո՞ւն ստեղծել, թե չկա քաղաքական հետապնդում, թե՞ այլ պատճառներ կան:

«Պարոն Գաբրիելյանին ճանաչում եմ դեռևս իր լրագրողական գործունեությունից։ Ես արդեն նշեցի, որ հետապնդումն ի սկզբանե քաղաքական էր, և իմ ապօրինի ձերբակալումը նույնպես ի սկզբանե քաղաքական էր։ Իսկ ազատազրկումից դուրս գալը հաստատվեց նաև պարոն Գաբրիելյանի հայտարարություններով, որ, այո, քաղաքական է։ Քաղաքական որոշմամբ տարան փակեցին, քաղաքական որոշմամբ ազատեցին։ Սիսակ Գաբրիելյանը հայտարարում էր, որ դա իրենց քաղաքական թիմի, խմբակցության ընդհանուր քննարկումն է եղել»։

Մանրամասն՝ տեսանյութում։