Պոպուլիզմի հերթական հաղթանակը

Հայաստանում կյանքի կոչվեց պոպուլիզմի հերթական հաղթանակը հայոց պետականության նկատմամբ: Կառավարությունը հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։ Հիշեցնեմ՝ այդ նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել արևմտամետների իրականացրած ստորագրահավաքի շնորհիվ: Որ դա հաջողությամբ կպսակվեր՝ անձամբ ես կասկած չունեի: Ու այդ պատճառով էլ չեմ անդրադարձել դրան թե՛ իմ հոդվածներում և թե՛ ֆեյսբուքյան հարթակում:
Կառավարության նիստին նախագիծը ներկայացնող, ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Միրզոյանը հայտարարել է, որ վերջին տարիներին «Հայաստանն ու ԵՄ-ն բավականին ինտենսիվ ու դինամիկ հարաբերություններ են ունեցել, դրանք ունեցել են շատ հարուստ բովանդակություն ու ընդգրկել են տաբեր ոլորտներ։ ԵՄ-ն տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանը, ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել ու, ըստ էության, ներգրավվել է Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրի ապահովմանը, նկատի ունեմ դիտորդական առաքելության տեղակայումը, ԵՄ-ն նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը»:
Միրզոյանն, իհարկե, չի բարձրաձայնել, որ եվրոպական չինովնիկների ջանքերով կորստյան է մատնվել Արցախը: Իսկ 120 հազար արցախցիներն էլ, տուն-տեղ կորցրած, մի կերպ ապաստան են գտել Հայաստանում՝ շատ դեպքերում իրենց հետ բերելով միայն այն, ինչ կրում էին իրենց վրա: Դա, բնականաբար, նախարար Արոն չէր բարձրաձայնելու, քանի որ վեջինս հակահայ այն շրջանակի ներկայացուցիչներից է, որոնց համար Արցախը ոչ թե հազարամյակներ շարունակ մեր հայրենիքի անառիկ արևելյան ամրոցն էր, այլ բեռ Հայաստանի Հարապետության համար: Չնայած որպես մասնագիտությամբ հայոց պատմության մասնագետ՝ պետք է լիներ ազգային ոգու կրողը: Եվ, բնականաբար, չէր հայտարարելու, որ ֆինանսական առումով Հայաստանը ստացել է կոպեկներ՝ բազմամիլիոն (թե մի քանի միլիարդ) խոստումների փոխարեն: Իսկ անվտանգության ապահովումն էլ տեղի է ունենում զուտք խոսքային մակարդակում: Նույնիսկ ինչպես հարկն է՝ չեն դատապարտում թնամի երկրի ղեկավարի ագրեսիվ խոսույթը: Այդ ամենի մասին Միրզոյանը ձայն չի հանել:
Հակահայ այդ շրջանակն, ի դեպ, ոչ միայն զուտ իշխանական է, այլև ընդգրկում է հանրության բավական մեծ հատված: Դա է վկայում դեռևս անցյալ մարտ ամսին անցկացված՝ Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի ամենամյա ուսումնասիրությունը : Այն, ի դեպ, իրականացվում է դեռևս նախկինների ժամանակներից՝ 2016 թվականից: Եվրամիությանն, ըստ 2024-ի ուսումնասիրության, վստահում է հարցվածների 62%-ը, ինչն ամենամեծ տոկոսն է պետական կամ վերպետական ինստիտուտների նկատմամբ վերաբերմունքում: Իսկ 78%-ի կարծքով Հայաստանի ու ԵՄ փոխհարաբերությունները լավն են: Այնինչ, ԵԱՏՄ-ին վստահում է միայն 38%-ը է, իսկ 53%-ը չի վստահում։ Դա, առաջին հայացքից, զարմանալի է. վերջին երեք տարում ՀՀ տնտեսությունը զարգացում է ապրել հենց ԵԱՏՄ-ի անդամակցության շնորհիվ, որի հետ արտաքին առևտրային շրջանառությունն ավելի է 40 տոկոսից:
Ի դեպ, ԵՄ-ի նկատմամբ վստահության ցուցանիշն 2022-ին իջել էր 42%-ի, սակայն Արցախի կորստի պատճառով ՌԴ-ի նկատմամբ վերաբերմունքի կտրուկ վատացումն առաջ է բերել ԵՄ-ի նկատմամբ դրական աճին: Ինչին մեծապես նպաստել էին նաև ՀԱՊԿ-ի և հատկապես ՌԴ-ի հեղինակությունը գցելու և ԵՄ-ի վարկը բարձրացնելու՝ նիկոլական ջանքերը: Դրան նպաստել էր նաև երկրի սահմանների առումով ԵՄ քաղաքացիական դիտորդների դերի գերարժևորումը՝ «մոռանալով», որ դրանց ներկայությունը խոչընդոտ չհանդիսացավ թշնամի պետության ագրեսիվ գործողություններին: Եվ այն օրիորդի նման, ով սիրահարվում է ընդամենը գեղեցիկ խոսքերի ազդեցության ներքո, հարցվածների 75%-ը ցանկություն է հայտնել, որպեսզի ավելի մեծանա ԵՄ դերը Հայաստանի անվտանգության ապահովության հարցում: Ավելացնեմ, որ, միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ին չի վստահում 59%-ը, մինչդեռ վստահում է 32%-ը։ Իսկ ՀԱՊԿ-ի նկատմամբ անվստահության մակարդակը 72 % է, վստահությունը՝ 23%։
Վերջաբանի փոխարեն. Որպես ավելի քան մեկ տասնամյակ (եթե ներառենք նաև խորհրդային ժամանակաշրջանը) սոցհարցումների իրականացման համակարգող՝ կարող եմ վկայել, որ հարցման արդյունքների վրա լուրջ ազդեցություն է գործում այն հանգամանքը, թե ով և/կամ ում պատվերով է իրականացվում այն: Եթե սոցհարցում կատարողն արհեստավարժ և չեզոք կազմակերպություն է, իսկ իրականացնողին անհրաժեշտ է օբյեկտիվ և ոչ թե քարոզարշավային պատկեր, ապա արդյունքների վրա ազդեցությունը հասցվում է նվազագույնի: Ինչ վերաբերում է տվյալ սոցհարցմանը, ապա զեկույցում անցկացվող կազմակերպության մասին տվյալներ չկային: Ասված էր միայն, որ հարցումն անցկացվել է 1000 հարցվողների շրջանում՝ 15+ տարիքի առկայության պարագայում: Դե, իսկ պատվիրողն էլ, բնականաբար,կցանկանար ներկայանալ դրական լույսի ներքո
Հ. Գ. Ձեռքի տակ ունենալով նման պատկեր՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չէր կարող զերծ մնալ պոպուլիզմի հերթական դրսևորումից: Այն է՝ իշխանությունից դուրս ուժերի միջոցով գաղափար գեներացնելուց և ստորագրահավաք նախաձեռելուց: Եվ այն, որպես քաղաքացիական նախաձեռնություն, կառավարության նիստին ներկայացնելուց:
Կարծիքներ