Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակի հետքերով

Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակի հետքերով

Ռոբերտ Քոչարյանին գրածս բաց նամակը շատ մեծ արձագանքներ ունեցավ։ Շնորհակալ եմ անկեղծ կարծիքների համար։ Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե դա սարքովի նամակ էր կամ գրվել է Քոչարյանի կողմնակիցների կողմից, հավատացնում եմ, որ գրել եմ ինքս, գրել եմ երկրի իրավիճակից ելնելով։

Եվ զարմանում եմ, որ, տեսնելով այսօրվա դավաճանական, թշնամական քաղաքականությունը, դուք գերադասում եք, հանդուրժում եք Հայաստանն այսչափ բզկտած, քայքայած իշխանություններին եւ իմ գրածին առարկում եք՝ թվարկելով անցյալի այլեւս աննշան թվացող թերությունները։

2020 թիվը մեր պատմության մեջ կմնա որպես երկրորդ եղեռն։ Թուրքի հետ ձեռք-ձեռքի տված՝ ոչնչացրին մի ամբողջ ազգի արժանապատվություն, հերոսական անցյալ։ Ամբողջ աշխարհում հայը դարձավ 21-րդ դարի պարտված, ստորացված, ոչնչացված մի ժողովուրդ։ Ինձ քննադատողները չեն գրում մեր կորուստների մասին՝ մեր նահատակված ու խեղված երեխաների մասին, չեն գրում տնավեր դարձած մեր թշվառ ժողովրդի մասին։ Ցավ չկա ձեր գրի մեջ։ Գրում եք հայհոյախառն՝ նույնիսկ կանայք։ Իսկ դա ձեզ է ոչնչացնում, գրոշի արժեք չունի նման խոսքը։

Գրում եք, որ փող եմ վերցրել, Քոչարյանն է կաշառել․․․ Երբ նյութը տարա խմբագրություն, խմբագիրը կարդաց ու ասաց՝ անպայման կմտածեն, որ սարքած նյութ է, քոչարյանականների կողմից կազմակերպված։ Մեր հասարակությունն այնքան է փչացել, այնքան է դեգրադացվել, որ այդ մեղադրանքները բնական են։

Ես Քոչարյանի հետ անձամբ ծանոթ չեմ, մոտիկից չեմ էլ տեսել նրան։ Վերջերս նայեցի երկու ձեռքը կտրած զինվորի նշանդրեքի արարողությունը, լսեցի Գեղամ Նազարյանի ելույթը՝ որդեկորույս հոր աղիողորմ խոսքը, եւ քունս ու հանգիստս կորցրի։ Այդ քննադատողների ու հայհոյողների մեջ չկար մեկը, որ գրեր այսօրվա մեղավորների մասին։ Այն մասին, թե ինչպես կործանեցին Հայաստանը, ինչպես ոչնչացրին մեր երազի երկիրը։ Չեն գրում մեր կորուստների, թուրքին դավաճանաբար երկիրը նվիրած կամ ծախած ստահակների մասին։

Իսկ այսօրվա դժբախտությունների համեմատ անցյալի իրադարձությունները՝ նույնիսկ քառօրյա պատերազմը, մարտի 1-ը, երկրաշարժը․․․ մոռացվում են։
Այս պարտությունը կոտրեց հայի մեջքը։

Զարմանում եմ՝ բաց նամակի մեկնաբանություններում հարյուրավոր անլուրջ, թեթեւամիտ կարծիքներ են, տրամաբանության բացակայություն, կարեւորն ու անկարեւորն իրարից չտարբերող խոսքեր։ Եթե մտահոգ եք երկրի վիճակով ու ապագայով, ինչո՞ւ քննադատական խոսք չեք ասում այսօրվա կառավարիչների մասին։ Չե՞ք հասկանում, որ եթե այս վիճակը մի քանի տարի էլ շարունակվի, Հայաստանում այլեւս հայ չի մնա, Հայաստանն էլ կդառնա թուրքական վիլայեթ՝ բոլոր նախադրյալները դրա համար կան։

Մի տեղ կարդացի, որ Թուրքիայում գրքեր են հրատարակվում, գիտական աշխատություններ, որ հայոց գիրը պատկանում է թուրքալեզու լեզվական ընտանիքի խմբին, մինչդեռ մենք հնդեվրոպական լեզվաընտանիքին ենք պատկանում, հնագույն գիր ունենք եվրոպական ազգերի մեջ։ Ու սա դեռ սկիզբն է։

Մեր ժողովրդի խավարամիտ հատվածի պատճառով հայրենիք ենք կորցնում։ Դավաճան են նաեւ նրանք, ովքեր չեն տեսնում այսօրվա Հայաստանի կործանումը։
Արցախը մեր տան պատերն էին, մեր դուռը, մեր պաշտպանական զրահը։ Այսօր մենք անպաշտպան ենք ու մերկ՝ վտանգը մտել է մեր տուն։ Տուն, որն այլեւս դուռ չունի, որ ծեծեն, եւ ուր անարգել մտնում է թուրքը։

Սոնա ՍԱՀԱԿՅԱՆ