Աղետներից ամենասարսափելին իշխանության թուլությունն է․ Նապոլեոն

Աղետներից ամենասարսափելին իշխանության թուլությունն է․ Նապոլեոն

Երկիրս էլի վատ վիճակներում է եղել, բայց երբեք չեմ մտածել, թե դա վատ վիճակ է։ Միշտ մտածել եմ՝ ընկել ենք, կբարձրանաք, պարտվել ենք՝ կհաղթենք, կորցրել ենք՝ կգտնենք։ Կարևորն այն է, որ մենք դա կամեցել ենք։ Չենք հաշտվել՝ ընկնելու, պարտվելու, հանձնվելու հետ։

Այսօր լրիվ ուրիշ է։ Ընկել ենք ու չենք ուզում բարձրանալ։ Այսօր հասկանում ենք, որ պատմության ընթացքում հայի ընկնելը ընկնել չի եղել, որովհետև բարձրացել է, ընկած չի մնացել։ Ընկնելը սա՜ է, երբ ընտանիքդ թշնամին փրթում, տնից դուրս է շպրտում, ու դու շարժում չես անում՝ բարձրանալու ու օգնելու։ Արցախը հայաթափում, ու դու ձայն չես հանում անգամ։ Հայաստանի սուվերեն տարածքը ծվատում, թշնամուն են տալիս, դու չնկատելու՜ ես տալիս։ Եռաբլուրը, հերոսներին պղծում, դու լռում ես։

Հազարավոր նվաստացումների, զիջումների մասին չեմ խոսում․․․ Ընկնելը սա՜ է, երբ ընկնում ու չես ուզում բարձրանալ։ Սա հոգեբանական լուրջ խնդիր է, որն իր հետ բերել է 2018-ի աղետը։ Եվ ուսումնասիրման հիմք պիտի հանդիսանա աղետն ամբողջությամբ։ Հասկանալ, թե ինչ է լինում թույլ, ազգային դիմագիծ չունեցող իշխանության դեպքում։ Թույլ իշխանությունը ինչպես է կազմալուծում մարդկանց ու երկիրը կանգնեցնում աղետի առաջ։

Նապելոնն ասում է․ «Գերագույն իշխանության թուլությունը ժողովրդական աղետներից ամենասարսափելին է»։

Մենք կանգնած են ամենասարսափելիի առաջ, երբ իշխանության ուժը մեկ անձի պաշտպանության խնդիրն է։