Պահանջվում են ուղեւորներ՝ տրանսպորտից օգտվելու համար

Ջահել ժամանակս, երբ հարցնում էին՝ ինչո՞վ եկար, ասում էի՝ 11 համարով: Վանաձորում էլ (Կիրովական) թարսի պես 11 համարի ավտոբուս չկար, մինչեւ 5-ը, թե 6-ն էր: Ու որ ասում էի՝ 11 համարով եկա, նշանակում էր՝ ոտքով եկա: Ի՞նչ իմանայինք, որ մի օր Նիկոլ անունով վարչապետ ենք ունենալու, որ Վաշինգտոնից «չերեզ» Դոհա գալու է Երեւան, նստի 7 համարի ավտոբուսն ու 11 համարով հասնի իր տուն: Համենայնդեպս, կայքերը եւ սոցցանցերը հենց այդպես էլ գրել էին` ով է տեսել այսպիսի հրաշք, որ վարչապետը նստի 7 համարի ավտոբուսն ու իջնի 11 համարից: Բայց ես կինոյից-բանից մի քիչ հասկանում եմ եւ մեծ դժվարությամբ տրվեցի այդ տեղեկատվությանը… 21-րդ դարում հրա՞շք: Լավ, էլի: Դա էլ չլինի հայկական արբանյակի՝ տիեզերք արձակման պատմությունը: Այ, դա «իսկական» հրաշք էր… Գրել էին՝ ուղիղ եթեր ԱՄՆ-ից, տիեզերք է արձակվում առաջին հայկական արբանյակը, բաց չթողնեք… Ժամը 22:00-ն անց էր` Երեւանում մութն ընկել էր, մեկ էլ ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի չգիտեմ որ տիեզերակայանից մի տիեզերանավ է թռչում, որի մեջ, իբր, հայկական արբանյակն է: Շունչս պահել էի՝ տեր Աստված, մի բան չպատահի՞… Ամեն ինչ բարեհաջող անցավ, նույնիսկ ծափահարեցի, բայց հաջորդ րոպեին մի ներքին ձայն ինձ հուշեց, որ այստեղ ինչ-որ բան այն չէ: Ուղիղ եթեր ԱՄՆ-ից, Երեւանում 22:00-ն անց է, մութ… Իսկ ինչո՞ւ է ԱՄՆ-ում՝ երկրագնդի մյուս երեսին, մութ այդ ժամին… Փաստորեն, գործ ունեի հրաշքի հետ, բայց ոչ մի կերպ չէի ուզում հավատալ, որ Նիկոլն ընդունակ է այդ աստիճանի անտաղանդ ստել: Հաջորդ օրը գնացի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, եղա նախագահությունում, ինստիտուտների տնօրենների մոտ, հայտնի ֆիզիկոսների ու աստղաֆիզիկոսների հարցուփորձ արի տեսածիս կապակցությամբ, բայց ոչ ոք նորմալ բան չասաց: Նրանցից մեկը միայն փորձեց գիտականորեն բացատրել այդ տեսիլքը, թե բա՝ երկրագունդը սենց մի քիչ ձվաձեւ է ու որ պտտվում է, պատահում է՝ հետեւամասով մի թեթեւ փակում է արեւը, երեւի հենց այդ պահին է տիեզերանավը թռել, ու քեզ թվացել է՝ ԱՄՆ-ում էլ է մութ… Վերջը՝ նախագահությունից խորհուրդ տվեցին դիմել Բյուրականի աստղադիտարան: Էնտեղ էլ ասացին` գրավոր հարցում ուղարկիր, 30 աշխատանքային օրվա մեջ կպատասխանենք: Դուք պատկերացնո՞ւմ եք իմ վիճակը: Ողջ ազգը ցնծության մեջ էր, եւ միայն ես էի տարակուսած: Ասի՝ մի ուժեղ հոդված գրեմ սրա մասին, գլխավորս խորհուրդ չտվեց, թե բա՝ ժամանակդ ափսոս է, համ էլ կարող են քեզնով զբաղվել համապատասխան վերականգնողական կենտրոնները: Ինչ երկարացնեմ, բավարարվեցի կասկածներիս մասին ՖԲ-ում մի փոքրիկ ակնարկ գրելով:
Արդեն մոռացել էի այս պատմության մասին, որ մամուլը կրկին անդրադարձավ հայկական արբանյակի պատմությանը, թե բա՝ «ֆուֆլո» է, այդպիսի բան չկա, բա ինչո՞ւ այդ արբանյակը նմուշի համար մի լուսանկար չուղարկեց մեր բազմաչարչար հարկատուներին, որ նրանք իմանան, թե ինչի վրա են ծախսվել իրենց փողերը: Ի դեպ՝ Նիկոլն էլ էր այս տեսակետին եւ, ի վերջո, գործից հանեց համապատասխան «տիեզերագնաց» նախարարին: Հրաշքն այսքանով ավարտվեց, իսկ այն հիմար կինո նկարողները, որոնք մեզ ուղիղ եթերով «տուլիտ» էին արել հայկական արբանյակի արձակման կադրերը եւ ինձ հասցրել հոգեկան խանգարման, մնացին անպատիժ:
Վերադառնանք Նիկոլի անձնական հրաշքին: Իսկապես, հնարավոր չէ նստել 7 համարի ավտոբուսն ու իջնել 11 համարի ավտոբուսից: Այս «առեղծվածը» պարզելու համար ո՛չ ՀՀ ԳԱԱ է պետք այցելել, ո՛չ էլ, մանավանդ՝ Բյուրականի աստղադիտարան: Բոլոր հարցերը պետք է ուղղել Նիկոլի «կինեմատոգրաֆիստներին»՝ ռեժիսոր, օպերատոր, մոնտաժնիկ… Տեսանյութը սարքելիս ո՞ր կողմ էիք նայում, չնկատեցի՞ք, որ բացակայում է 11 համարի ավտոբուսի մոտենալու կադրը: Փոխարենը գալիս է 7 համարի ինչ-որ ավտոբուս, իսկ հաջորդիվ արդեն, ավտոբուսի սրահում Նիկոլն է՝ իր ֆիզիոնոմիայով՝ մի կնոջ կողքին նստած: Այստեղ հարց ունեմ ձեզ, պարոնայք: Կրկեսի կանգառում 11 համարը երբեք այնքան դատարկ չի լինում, որ իր մեջ տեղավորի ոչ միայն Նիկոլին, այլեւ նրա թիկնազորը: Արդյո՞ք այդ 11 համարի ավտոբուսը հատուկ չէր հանվել գծից՝ «Նիկոլը ավտոբուսում» վավերագրական ֆիլմի համար: Մի խոսքով՝ հաշվետվության մեջ կարող եք գրել, որ տապալել եք աշխատանքը՝ քամուն տալով հարկատուների փողերը: Եվ դա դեռ բոլորը չէ: Դուք տապալել եք նաեւ Երեւանի քաղաքապետարանի՝ տրանսպորտի միասնական վճարային համակարգի անցնելու օպերացիան՝ ջուր լցնելով «Բոյկոտ» շարժման ջրաղացին: Անհամոզիչ էր նաեւ «գլխավոր հերոսի» կերպարը: Չգիտեմ, կարո՞ղ էր, արդյոք, մարդը Դոհայից գար Երեւան ու վազեր ավտոբուս նստելու:
Եվ քանի որ այսքան խոսեցինք ՔՊ-ական կառավարության հրաշքների մասին, մի փոքրիկ պատմությամբ ավարտեմ, որն իսկական հրաշքի մասին է: Ուրեմն հին-հին ժամանակներում թագավորության մայրաքաղաքում մի հայ աճպարար է լինում, որն իր ապրուստը վաստակում է աճպարարությամբ, այլ խոսքով՝ այդ քաղաքի բնակիչներին հիմարացնելով: Մի անգամ, օրինակ, ձվի առեւտրով զբաղվող մի վաճառական դիմում է նրան եւ խնդրում այնպես անել, որ մրցակից ձվավաճառը սնանկանա: Էս հայ աճպարարը մոտենում է բանից անտեղյակ ձվավաճառին, գին հարցնում, ապա զարմանում, թե այդ ինչպես է, որ այդ հրաշալի ձվերն այդքան էժան են: Մարդն ասում է՝ դե ձու է, էլի… Չէ, սրանք սովորական ձվեր չեն, ասում է աճպարարը եւ, վերցնելով մի ձու, կոտրում է ու միջից մի ոսկեդրամ հանում:
Վաճառականը զարմանում է: Աճպարարը երկրորդ ձուն է կոտրում, երրորդը, չորրորդը եւ ոսկեդրամները լցնում գրպանը: Տեսնելով այդ հրաշքը՝ վաճառականը բոլոր գնորդներին դուրս է հրավիրում խանութից, փակում է դռներն ու սկսում ձվերը կոտրել: Վերջին ձուն զայրույթից խփում է պատին, ապա վազում ուղիղ թագավորի մոտ՝ գանգատ, թե այսպես ու այսպես, մի աճպարար ինձ խաբեց, ամբողջ ապրանքս փչացրեց, ինձ թողեց դատարկ: Դա առաջին դեպքը չէր, որ թագավորին գանգատվում էին այդ աճպարարից: Քաղաքում բոլորը կուշտ էին նրա «ֆոկուսներից», եւ կարող էին անկարգություններ սկսվել: Թագավորը ճարահատ իր մոտ է կանչում աճպարարին ու հրամայում 7 ժամում լքել քաղաքը՝ 7 դարպասներից մեկով, որով կցանկանա: Ուղիղ 7 ժամ հետո քաղաքի 7 տարբեր դարպասների պահակները թագավորին զեկուցում են, թե՝ թագավորն ապրած կենա, խարդախ աճպարարը հենց նոր իրենց մոտով դուրս եկավ:
Առակս զի՞նչ ցուցանե… Չգիտեմ, թե ինչու ենք զարմացել, որ Նիկոլը նստել է 7 համարի ավտոբուսն ու իջել 11 համարից: Նիկոլին չե՞ք ճանաչում: Ախր նա կարող է ե՛ւ հաղթել, ե՛ւ պարտվել նույն պատերազմում, նա կարող է արբանյակ չուղարկել տիեզերք, բայց կինո նկարել ուղարկելու մասին, կարող է քննադատել օտարի կոշիկ լիզողներին, բայց Վաշինգտոնում հազար անծանոթի կոշիկ լիզել, որ ընկնի Սպիտակ տուն, կարող է հայտարարել՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց Պրահայում ասել՝ Արցախն Ադրբեջան է եւ վերջ: Հիմա էլ եկել՝ Ավինյանի բարեփոխումների գովազդի մեջ «ռեկլամի տղա է խաղում»` մետրո է նստում, 7 համարի ավտոբուս, Թելսելից տոմս է առնում, 11 համարի ավտոբուսից իջնում, գովում նորարարությունը: Բացառո՞ւմ եք, որ վաղն ասելու է՝ էս ի՞նչ էշություն եք մտածել, պարոն Ավինյան, չե՞ք տեսնում, որ մեր հպարտ քաղաքացիներն արդեն ավտոբուս էլ չեն նստում…
Կարծիքներ