Խեղճ Նիկոլն ի՞նչ անի

Խեղճ Նիկոլն ի՞նչ անի

Իսկապես, ի՞նչ անի խեղճ Նիկոլը: Հարի Փոթերը հո չէ՞, որ կախարդական փայտիկ ունենա: Հետո՞ ինչ, որ 2018-ի իշխանափոխությունից անմիջապես հետո ժողովրդին խաբում էր, թե ունի նման փայտիկ: Եթե իսկապես ունենար, հետ կշրջեր պատմության անիվը, ու հայ ժողովուրդը (մեկ-երկու այլազգիներն էլ հետը) կապրեր երկրային դրախտում: Այդ թվում եւ արցախցին՝ ապրելով Հայաստանում: Չէ, արցախցին Հայաստան չէր գաղթի, ինչպես 2020 թվականին, այլ կմնար իր հողին կպած. դեռեւս 2019-ին էր, չէ՞, Ստեփանակերտի հանրահավաքում Նիկոլը հռչակում, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ»:

 Եթե Նիկոլը կախարդական փայտիկ ունենար, ապա Հայաստանի բնակչության թիվը 2050 թվականին կհասցներ առնվազն 5 միլիոն մարդու։ Կստեղծեր 1 միլիոն 500 հազար աշխատատեղ եւ կվերացներ աղքատությունը, կյոթնապատկեր միջին աշխատավարձը, կտասնհինգապատկեր Հայաստանի ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունքը)։ Կքսանապատկեր առողջապահության (ապահովելով առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն) եւ կրթության ու գիտության ֆինանսավորումը: Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կհասցներ 15 միլիոնի։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կդարձներ Եվրոպայի եւ կամ աշխարհի առաջնության մեդալակիր, կնվաճեր 25 օլիմպիական ոսկե մեդալ եւ շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը։ 

Բայց քանի որ Նիկոլը չուներ կախարդական փայտիկ, Հայաստանի բնակչության ու ներգնա զբոսաշրջիկների թվերը կլինեն նախատեսվածից շատ ավելի ցածր: Աշխատատեղերի ավելացման ու աշխատավարձերի բարձրացման փոխարեն տեղի կունենա հակառակ գործընթացը, եւ նախկին «հպարտ քաղաքացիները» կարտագաղթեն Ռուսաստանի Դաշնություն: Հայաստանի ՀՆԱ-ն էլ 30 տարվա ընթացքում երեւի աճի հազիվ երկու-երեք անգամ, սակայն ոչ թե տնտեսության աճի, այլ արտերկրից ստացվող վարկերի (հիմնականում) եւ դամաշնորհների եւ ապրանքների ու ծառայությունների գնաճի (նույնն է, թե սղաճի) շնորհիվ: Առողջապահության, կրթության ու գիտության ֆինանսավորումը աճելու փոխարեն կնվազի, ինչպես տեղի է ունենում պատերազմից հետո, երբ ֆինանսավորման ավելացումը զիջում է արդեն հիշատակված սղաճի մակարդակին: Սպորտի առումով կարող է եւ մեկ-երկու հաջողություն գրանցենք, սակայն ոչ թե գործող իշխանության, այլ մարզիկների անձնական ջանքերի շնորհիվ:

Եվ ամենակարեւորը՝ եթե Նիկոլը կախարդական փայտիկ ունենար, ապա, ինչպես ավետում էր ինքը, մարտունակության ցուցանիշով մեր բանակը տեղ կզբաղեցներ աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին քսանյակում՝ ունենալով աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը: Սակայն կյանքը ցույց տվեց, որ եթե նույնիսկ նման փայտիկ էլ գոյություն ունենար, ապա, միեւնույն է, Արցախի գլխացավանքից ազատվելու, ինչպես նաեւ «գերագույն գլխավորի» ապիկարության պատճառով տարածաշրջանի ամենամարտունակ բանակը (մինչ Նիկոլի «հայտնությունը») պարտություն կկրեր արցախյան երկրորդ պատերազմում: Եվ 2020 թվականի ձմռան շեմին կունենայինք պարտված ու հոգեբանորեն ջախջախված բանակ՝ էլ չասած հետախուզության մասին: Եվ այդ ամենը՝ այն բանի պատճառով, որ Նիկոլն իրականում չուներ կախարդական փայտիկ, թեեւ ժողովրդին խաբել էր, թե ունի: Իսկ ժողովուրդը հավատում էր նրան, եւ զարմանալիորեն, նրա մի մասը դեռ շարունակում է հավատալ նրան:
Մեղավոր են բոլորը 

Բայց Նիկոլը հեչ էլ մեղավոր չէ, որ խաբել է «հպարտ քաղաքացիներին»՝ ինքը չէր կարող չխաբել, քանի որ սուտն ու կեղծիքն իր էությունն են:  Նիկոլը մեղավոր չէ, որ «հաղթելու ենք» կարգախոսով 44 օր խաբել է ժողովրդին՝ պատերազմը տանելով պարտության: Հո չէ՞ր խոստովանի, որ Արցախը գլխացավանք է, եւ պետք է դրանից ազատվել: Իսկ ազատվելու ընդամենը մեկ միջոց կար՝ սադրել պատերազմ, տալ բազմահազար զոհ եւ նախկին «հպարտ քաղաքացիներին» գցել շոկի մեջ: Իսկ հետո էլ օրենսդրական մանիպուլյացիաների եւ ընտրակեղծարարության շնորհիվ վերընտրվել վարչապետի պաշտոնում: Եվ ո՞րն է այստեղ ասվածում Նիկոլի մեղքը: Չէ՞ որ ինքը չի մերժում, որ թիվ մեկ պատասխանատուն էր, բայց դա չի նշանակում, չէ՞, որ ինքը նաեւ թիվ մեկ մեղավորն էր: Ի վերջո, ինչպե՞ս կարող էր լինել թիվ մեկ մեղավոր, եթե ինքը ոչ թե հրաման արձակող «գերագույն գլխավոր» էր, ինչպես սխալմամբ ներկայացրել էր նրան ԱԺ նախագահը, այլ ընդամենը խորհուրդ տվող պաշտոնյա: Իսկ մեղավորները հրաման տվող հրամանատարներին էին, առաջնագծից փախչող զինվորները, բանակում մթնոլորտ պղտորող դասալիքները: Մեղավոր էին Ծառուկյանն ու Վանեցյանը, օրինակ, որ իրենց ջոկատներով «լքել» էին Շուշիի պաշտպանության բնագծերը (չէ, Ծառուկյանն անձամբ չէր լքել, քանի որ այնտեղ չէր եղել ընդհանրապես): Մեղավոր էին հատկապես նախկինները՝ գեներալ, գնդապետ եւ այլն, որ ակտիվ մասնակցություն չէին ունեցել պատերազմում: Իսկ այս առումով հեչ կարեւոր չէ, որ նրանց դա թույլ չէին տվել: Մեղավորը, ի վերջո, հենց Շուշին էր, քանի որ ոչ հայկական, դժգույն ու դժբախտ քաղաք էր:

Այո, ի՞նչ կարող էր անել խեղճ Նիկոլը: Թշնամու բանակը հո «վնգստացող դատավոր» չէ՞ր, որ քրեական գործ հարուցվեր նրա նկատմամբ: Եվ ոչ էլ նախկին ու սեւ էր, որպեսզի ասֆալտին պառկեցվեր կամ ծեփվեր պատին: Իլհամն էլ հո Քոչարյան չէ՞ր, որ մեկ-երկու տարի փակեր զնդանում, իսկ հետո ստիպված ազատեր, քանի որ Քրեական օրենսգրքի սխալ հոդված էր ընտրվել նրան ազատազրկելու նպատակով: Իլհամի անունը տվեցի ու հիշեցի՝ ի՞նչ եղավ վերջինիս հասցեին այն «կոմպրոմատը», որ Ադրբեջանում ժողովրդական հեղափոխության հիմք պիտի ստեղծեր: Թե՞ դա էլ էր սուտ՝ ճիշտ այնպիսի, ինչպիսի ստեր էին Նիկոլի բոլոր խոսքերը: Բայց այդ հարցում էլ Նիկոլը մեղավոր չէր. մեղավորը նրանք էին, ովքեր հավատացել էին նրան ու փողոց դուրս եկել Սերժին մերժելու նպատակով: Թող չհավատային ու փողոց չփակեին՝ ո՞վ էր նրանց ստիպում՝ Նիկոլն իշխանություն էր, ինչ էր, որպեսզի նրանց ստիպելու հնարավորություն ունենար: Չէ, ոնց գցում-բռնում եմ՝ մեղավոր են բոլորը, բոլորը՝ առանց բացառության, սակայն ոչ խեղճուկրակ Նիկոլը: