Ասում եք՝ Պուտինն ինչու՞ է հանդուրժում Նիկոլին, իսկ մե՞նք՝ ինչու․․․

Ասում եք՝ Պուտինն ինչու՞ է հանդուրժում Նիկոլին, իսկ մե՞նք՝ ինչու․․․

Ասում եք՝ Պուտինն ինչու՞  է հանդուրժում Նիկոլ Փաշինյանին։ Պարզ հարց է թվում, բայց այդ հասարակ հարցի մեջ ամփոփված է մի ողջ քաղաքականություն, դիվանագիտություն։ Եթերներում ամենօրյա  լուսարձակող քաղաքագետները նման պարագայում  խոսում են ՌԴ նախագահի դիվանագիտությունից, ձեռքի տակ եղածը լավագույն ձևով օգտագործելու հմտությունից, իր պետության շահերով առաջնորդվելու կարողությունից կամ էլ ասում են՝ Նիկոլը Կրեմլի  մարդն է․․․ Կփորձեմ հարցը քաղաքագիտական տարրերից դուրս հանել  և ինչպես դատարանում են անում՝ հակընդդեմ հայց ներկայացնել։ Հակընդդեմ հայցը քննարկվում է հայցի հետ և համարվում է հիմնական հայցից պաշտպանվելու միջոց։ Դրանք միմյանց հետ փոխադարձ կապ ունեն և նույն տիրույթում են քննարկվում։ 
Ձեր հայցին պատասխանում եմ հակընդդեմ հայցով՝ իսկ դուք ինչու՞ եք հանդուրժում Նիկոլ Փաշինյանին։ Նկատի ունեմ հայ ժողովրդին։ 

44-օրյա պատերազմ հրահրվեց և տասնյակ հազարավոր զոհեր, հաշմանդամներ  ունեցանք ու խայտառակ պարտություն։ Կարող էին զոհեր այդչափ չլիներ, խոստովանեց Փաշինյանը,- բայց ինքը չնախաձեռնեց դա։ Ձեր թիկունքում կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրվեց։ Ո՞նց հանդուրժեցիք Նիկոլ Փաշինյանին , երբ ձեր զինվորների մարմինները գետնին թափված տեր էին կանչում անտերության մեջ։ 

Պատերազմի հերոսներին նվաստացրեց, կասկածի տակ դրեց զինվորականությանը, ժողովրդին, պատերազմի պարտության մեղավոր ճանաչեց բոլորիդ, բայց ոչ իրեն։ Ո՞նց հանդուրժեցիք։  

Նիկոլը աշխարհի ու Պուտինի աչքի առաջ Արցախը ճանաչեց Ադրբեջանի տարածք, վտանգի տակ դնելով Արցախի ժողովրդին։  Նրա ակտիվ քաղաքականությամբ հայաթափվեց Արցախը։ Ո՞նց հանդուրժեցիք նրան։ Արցախը չկա, ո՞նց եք հանդուրժում։

Հայաստանը սահմանազատման, կեղծ խաղաղության անվան տակ մաս- մաս հանձնվում է Ադրբեջանին, ո՞նց եք հանդուրժում։ Ադրբեջանը Հայաստանն արդեն համարում է Արևմտյան Ադրբեջան ու Նիկոլ Փաշինյանը ձայն չի հանում։ Ո՞նց եք հանդուրժում։ 

Հայաստանի պետական բոլոր կառույցները քանդել ու ամեն ինչ զրոյացրել է։ Ո՞նց եք հանդուրժում նրան։ 
Դուք կարող եք ավելացնել այն հազարավոր ավերածությունները, վնասը, ՀՀ սուվերեն պետության  տարածքային կորուստները, որոնք իրականացվել են նրա թողտվությամբ։ Ո՞նց եք հանդուրժում նրան։ 

Այդքանից հետո յուրաքանչյուր Մոսկվա գնալուց, օնլայն հարթակներում ձեր ակտիվացումը չեմ հասկանում՝ Պուտինը այս անգամ այս կանի, այն կանի Նիկոլին։ Հետո, երբ էս ու էն-ը չեք տեսնում, հիասթափվում եք՝ Պուտինը ո՞նց է հանդուրժում․․․ Հիմա ես հակընդդեմ հայցով եմ դիմում, դուք ո՞նց եք հանդուրժում Նիկոլ Փաշինյանին։ Պուտինը՝ մի մարդ է, դուք բյուր միլիոն․․․